Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշիից տարհանված ընտանիքը ոչ մի պատկերացում չունի, թե ինչպես և որտեղ են շարունակելու կյանքը

Հունվար 07,2021 16:02

Վանուհի Հարությունյանի 7 հոգանոց ընտանիքը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44 օրյա պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տարիների ընթացքում կուտակած ամբողջ կարողությունը։

Այժմ Դիլիջանի հյուրանոցներին մեկում անորոշ ժամանակով ապաստանած ընտանիքը չի պատկերացնում, թե որտեղ և ինչպես է շարունակելու ապրել։

«Մենք հենց ամսի 4- ին երեք անչափահաս երեխաների հետ եկանք Երևան,որտեղ ընկերների տանը մնացինք մոտ 20 օր, իսկ հետո Արարատում 20 օր մնացինք, որից հետո եկանք Դիլիջան՝ Կենտրոնական բանկի հյուրանոց, որտեղ ապրում ենք 7 հոգանոց ընտանիքով»,- պատմում է Վանուհի Հարությունյանը։

Պատերազմի ամբողջ ընթացքում երեք անչափահաս երեխա ունեցող Վանուհու ամուսինը եղել է պատերազմի առաջնագծում։

Հարցին, թե ի՞նչ է ամուսինը պատմում պատերազմի մասին, Վանուհին պատասխանում է. «Հիմնականում լռում է»։

Նրա խոսքով՝ պատերազմի դաժանությունը հիմնականում ամուսնու աչքերում է տեսնում։ Ականի պայթյունից ամուսինը կոնտուզիա է ստացել և մի քանի օր համարյա ոչինչ չի լսել։

Վանուհին նշում է՝ պատերազմից հետո էլ ոչ ոք չի կարող առաջվանը լինել.

«Պատերազմը բոլորին է փոխել։ Ամուսինս էլ շատ բաներ է տեսել, զոհերը և ամեն րոպե մահն աչքի առաջ ունենալը փոխել են նրան»։

Տունն ու տարիներով ստեղծած կյանքն ադրբեջանական կողմին թողելով՝ ընտանիքն այժմ հյուրանոցում է ապրում, սակայն ոչ մի պատկերացում չունեն, թե երբ պետք է հեռանան ու հեռանալու դեպքում որտեղ պետք է բնակվեն։

«Մեզ ոչ մի բան չեն ասել, թե տուն պիտի տան կամ նման մի բան, բայց դե երկիրը հիմա այնպիսի վիճակում է, որ շատերն են այդ վիճակում ու մենք հասկանում ենք դա։ Բայց այնպես էլ չէ, որ պարտադիր ուզում ենք Արցախ վերադառնալ, որովհետև երեխաներն արդեն վախենում են այնտեղ ապրելուց և մենք էլ արդեն կորցրել ենք մեր տունն ու ծննդավայրը, դրա համար եթե հնարավոր լինի անգամ Հայաստանում մեզ բնակարան տրամադրեն, մենք կմնանք այստեղ»,- նշում է Վանուհին։

Վանուհու ամուսնու հայրը՝ Սաշա Առուստամյանը, որը ծնվել և իր ամբողջ կյանքը ապրել է Շուշիում, մեծ դժվարությամբ է խոսում կորցրած հայրենիքի մասին.

«Չնայած տարիքիս հետ կապված չթողեցին մասնակցել պատերազմին, բայց մինչև հոկտեմբերի 29-ը մնացել ենք Շուշիի ապաստարանում։ Մենք սնունդ էինք հասցնում, վիրավորներին էինք օգնում։ Բայց երբ արդեն թշնամին մոտեցել էր Շուշիին և արդեն տարհանում էին բոլորին՝ մեզ էլ թույլ չտվեցին այլևս մնալ ապաստարանում։ Ես միշտ իմացել եմ, որ նոր պատերազմը չի լինելու ավտոմատի պատերազմ ու պատկերացնում էի, որ այն դաժան և մեծ կորուստներով է լինելու»։

Խոսելով ապագայի մասին Առուստամյանը մեծ հիասթափության պնդում է, որ կցանկանար լքել երկիրը, քանի որ այլևս ոչ մի հույս չունի, որ ինչ որ բան լավ է լինելու։

Այս խոսքերի ժամանակ պատերազմի մասնակից Առուստամյանի տղան, միջամտեց. «Ես երբեք չեմ լքելու այս հողը, ինչ էլ որ պատահի չեմ լքելու»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031