Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այցերը շարունակվեն, պատասխանը «շատ կոշտ» կլինի. Ալիևը սպառնացել է

Հունվար 07,2021 15:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020թ. ամփոփիչ խորհրդակցության ժամանակ սպառնացել է, որ եթե հայ պաշտոնյաները շարունակեն այցելել Լեռնային Ղարաբաղ, իրենց պատասխանը «շատ կոշտ» կլինի:

«Ինձ նոր հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.): Ի՞նչ գործ կարող ես ունենալ այնտեղ: Թող նրանք չմոռանան պատերազմի «Երկաթե բռունցքի» մասին: Այդ այցերը պետք է դադարեցվեն: Մենք զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանն էլ ավելի կափսոսա դրա համար»:

Ալիևը հիշեցրել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների կարգավորման համար: Ռուսաստանը կողմերին է տրամադրել իր միջնորդական հնարավորությունները: Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը վերջերս այցելել են Հայաստան և Ադրբեջան, հիմնականում զրույցները տարվել են այդ թեմաներով:

«Իսկ եթե հարաբերությունները կարգավորվում են, ապա ինչո՞ւ են իրականացվում այդպիսի սադրիչ «այցեր»: Ի՞նչ են նրանք ուզում ցույց տալ: Նորի՞ց են ուզում մեզ բարկացնել: Թող չմոռանան, որ նման քայլերը նրանց վրա շատ ծանր են նստել: Բոլոր այցերը պետք է դադարեցվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ եթե «նման քայլերը շարունակվեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ»: «Առաջին անգամ մենք նրանց զգուշացրինք արտգործնախարարության միջոցով: Դրանից հետո զգուշացումն այլ կլինի: Նրանց ոտքն այնտեղ չպետք է լինի: Թող նստեն իրենց երկրում»,- սպառնացել է Ալիևը:

Ալիևը նաև նշել է, որ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել այդ տարածք՝ առանց իրենց թույլտվության: «Ոչ մի միջազգային կազմակերպություն, բացառությամբ Կարմիր Խաչի, չի կարող այնտեղ գտնվել: Դա մեր տարածքն է: Ամբողջ աշխարհը այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս»,- ասել է Ալիևը:

Հայաստանի ԱԳՆ խոսնակի արձագանքն այս հայտարարությանը՝ կարդացեք այստեղ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031