Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ. ԱԳՆ

Հունվար 07,2021 15:07

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ի հարցերին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը:

-Այդ պնդումները ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա:

-Ինչպես է հայկական կողմը գնահատում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքն Ադրբեջանի կողմից:

-Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում դադարեցվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, և Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ:

Այսպես՝ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարել տեղում գտնվող հայ զինծառայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խախտմանը իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ:

Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք: Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը:

Ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների դադարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031