Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր էր ունենալ ոչ հաղթանակ, ոչ պարտություն արդյունքը․ Պետրոս Մակեյան

Հունվար 07,2021 11:59
petros makeyan

Արդյոք պատերազմն անխուսափելի էր, պատասխանը համոզիչ կլինի, եթե համադրենք վերջին տարիների իրադարձությունները։

Իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ անտեսում էին ընդդիմության ահազանգերը, այդ թվում՝ հորդորները սթափվելու, առ այն, որ Ադրբեջանը, ներդնելով տասնյակ միլիարդավոր դոլարներ, բանակը զինելով, ինչ-որ պահի օգտագործելու էր մեր դեմ, իսկ իշխանություններն ականջալուր չեղան, տրվեցին թալանի, ճոխության, դղյակաշինության, նույնիսկ բանակը վերածեցին բիզնես ոլորտի և բաձրաստիճան սպայակազմը, հատկապես գեներալները՝ անվտանգության ռազմավարությունը մշակելու փոխարեն, ի հաշիվ բանակի, վերածվել էին օլիգարխների, իսկ քաղաքական իշխանությունն իր քարոզչամեքենայով բանակին բոլոր միջոցներով հեռու էին պահում հանրության տեսադաշտից՝ իբր բանակը չվնասելու համար։

Իսկ թշնամին պատրաստվում և փորձարկում էր իր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014 թ․-ի օգոստոսի դիվերսիոն գործողությունները, 2016 թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։

2018 թ․-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել, փոխարենը ներդնել ստի, կեղծիքի, մանիպուլյատիվ համակարգ և այն ֆեյքերի բանակի միջոցով ներկայացնել՝ իրականություն։ Ինչից, բնականաբար, իրազեկված էր թշնամին, որը և լրացուցիչ փաստարկ էր պատերազմը սկսելու համար։

Այնուամենայնիվ, պատերազմ սկսելու համար դեռևս բավարար չէր վերոնշված բոլոր գործոնների համադրումը, որովհետև պատերազմը չէր կարող սկսել Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, նույնիսկ Ռուսաստանի բարի կամքով, եթե չլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոնսենսուսը՝ կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքը, ինչը վերջին տարիներին վերափոխվել էր Լավրովյան պլանի, որից Ռուսաստանը երբեք չէր հրաժարվել և միշտ փորձել է պարտադրել։

Եվ հիմա բացահայտված կարելի է համարել 2018 թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը, որը Նիկոլն անվանեց թավշյա հեղափոխություն՝ իրականում Լավրովյան պլանի կյանքի կոչելու առաջին և հիմնական արարն էր, որը նախաձեռնել էին ռուսները Սերժ Սարգսյանի օգնությամբ, ինչն այդ ժամանակ ընկալվում էր, որ իբր Ռուսաստանը ցանկանում էր Կարեն Կարապետյանին իշխանության բերել, բայց Սերժ Սարգսյանը, ի հեճուկս ռուսների, իշխանությունը հանձնեց Նիկոլին։

Քանի որ, ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Մուկուչյանի թվանկարչությամբ ցանկացած «լեգիտիմ» իշխանությունն ի վիճակի չէր լինի կյանքի կոչել Լավրովյան պլանը։ Առավել ևս Ռուսաստանի համար անընդունելի էր բացահայտ իրենց մարդ համարվող որևէ մեկը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, կյանքի կոչեր Լավրովյան պլանը, որպեսզի Հայաստանում հակառուսական ալիք չբարձրանար։ Հիմա հարց՝ հնարավոր էր Լավրովյան պլանն իրագործել առանց պատերազմի, համոզված եմ՝ ոչ և կանխորոշված էր պատերազմի ելքը՝ Հայաստանի պարտությամբ, որի հիմքերը դրվեցին 1995 թ․-ից և 26 տարի չարժևորելով մեր հաղթանակը, կայուն շարժվում էինք դեպի 2020 թ․-ի խայտառակ պարտությունը, որի գինը Արցախի հանձնումն էր մի մասը թուրքերին, մի մասը՝ ռուսներին։

Արցախը Ռուսաստանին հանձնելու ծրագիրը ռուսների և զորիբալայանական կլանի վաղեմի երազանքն էր, ինչը կյանքի կոչվեց հազարավոր զոհերի, Շուշիի, Հադրութի հանձնելու և ազգի ողնաշարը կոտրելու գնով։

Կարելի է համոզված պնդել, որ պատերազմն անխուսափելի էր և միայն ժամանակի խնդիր էր, իսկ ժամանակը վերահսկելու և ուղղորդելու ֆունկցիան իրենց վրա վերցրեցին թուրքերը և ռուսները, իսկ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային շրջանցելով, նրանց թիկունքում գործարքի մեջ էր մտել թուրքերի հետ՝ ներգրավելով Ադրբեջանին և Հայաստանի բոլոր ժամանակների ռազմաքաղաքական վերնախավին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որը դարձավ հիմնական գործող անձը։

Ըստ պատերազմի մասնակիցների և ականատեսների, այսպիսի կապիտուլյացիոն հայտարարությունը հնարավոր դարձավ քաոսի, անկառավարելիության, դավադիր գործնեության և քարոզչության, ինչպես նաև ստի ու կեղծիքի համադրության հետևանքով, ասվածի ապացույցն է, թե ինչպես են իրենց պահել քոչարյանա-սարգսյանական զույգի կողմից բուծած գեներալները, այս ամենի հիմնական պատասխանատուն և մեղավորը օրվա իշխանություններն են՝ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ։

Պատերազմի վատթարագույն ելքն արդյոք արտացոլում էր ուժերի իրական դասավորությունը։ Համոզված կարելի է պնդել, որ հնարավոր էր ունենալ ոչ հաղթանակ, ոչ պարտություն արդյունքը, եթե լիներ պատերազմական իրավիճակին համարժեք գործող արդյունավետ պետական կառավարման համակարգ։

Այն թեզը, որ մի քանի առաջարկ է եղել պատերազմը կանգնեցնելու, որի դեպքում մենք իբր ավելի շահեկան վիճակում կլինեինք, կարծում եմ՝ իրականության հետ աղերս չունի, որովհետև միայն նման խայտառակ կապիտուլյացիոն իրավիճակում ռուսական ուժերը կարող էին տեղակայվել Արցախում։

Կապիտուլյացիայի մասին հայտարարությունից հետո Հայաստանում ռուսական ուժերը՝ ի դեմս իշխանության և 17-ի, երկիրը տանում են քաոսի, միաժամանակ մնացած ռուսական շարասյուններն ստեղծված իրավիճակից որպես ելք առաջարկում են Հայաստանը միացնել Ռուսաստանին որևէ ձևաչափով ի հաշիվ մեր ինքնիշխանության կորստի, նույն բանն իրականացնում են իշխանությունը և 17-ը խորը ինտեգրման անվան տակ։

Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին պահել, ուրեմն դեռևս գործում է ռուս-թուրքական համագործակցությունը Հայաստանի դեմ, այսինքն՝ մեզ պարտադրելու և մեզանից վերցնելու ծրագրեր ունեն։

Դավադիր ծրագրերը կանխելու առաջին քայլը՝ պետք է իշխանություններն օր առաջ հայտարարեն արտահերթ Ազգային ժողովի ընտրությունների օրը, որը կարող է նշանակվել 6-12 ամսվա ընթացքում, միաժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ձևավորվի անցումային ազգային համաձայնության կառավարություն, որից հետո 17-ը դադարեցնի ագրեսիվ, վտանգավոր, պետականությունը կազմաքանդող գործունեությունը։

Հաշվի առնելով հնարավոր օրհասական զարգացումները՝ անհրաժեշտ է համախմբել ողջ հայությանը, հատկապես առավելագույն զգոնություն է պահանջվում քաղաքական դաշտում գործող կուսակցություններից, որտեղ պետք է առաջնային լինի ազգային ու պետական շահը։
Դեռևս կա հնարավորություն՝ իրավիճակը կայունացնելու և պետականությունը պահպանելու։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031