Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղբայրս զոհվելուց երեք ժամ առաջ ասաց՝ մեզ համար չգիտեմ, բայց ձեզ համար լավ է լինելու, հանգիստ եղեք». զոհված կապիտան Հովհաննես Խաչիյանի եղբայր

Հունվար 06,2021 17:20

Կապիտան Հովհաննես Խաչիյանն իր մահվանից երեք ժամ առաջ է զրուցել մեծ եղբոր՝ Նարեկ Խաչիյանի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Խաչիյանը պատմեց. «Զոհվելու օրը մի երեք ժամ առաջ զանգեցի եղբորս: Ասաց մեզ համար չգիտեմ, բայց ձեզ համար լավ է լինելու, հանգիստ եղեք: Երեկոյան ժամը հինգի կողմերը դեպքը եղավ»:

Հովհաննես Խաչիյանը հատուկ նշանակության սպայական ջոկատի անձնակազմից էր, կոչումով կապիտան: Նարեկ Խաչիյանը պատմեց. «Եղբայրս կռվել է Թալիշում, Մատաղիսում, Ջեբրայիլում, Կուբաթլուում, Ֆիզուլիում, Կարմիր շուկայում: Զոհվել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտակայքում՝ հատուկ առաջադրանք կատարելիս»:

Հովհաննես Խաչիյանը 32 տարեկան էր: Ծնվել է հոկտեմբերի 3-ին, հոկտեմբերի 29-ին զոհվել է: Նա 2005-ին ընդունվել է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետ, 2009-ին ավարտել է, հինգ տարի ծառայել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում, հետո տեղափոխվել է Հայաստանի տարբեր զորամասեր: 2017-ին մեկնել է ԱՄՆ՝ սպայական վերապատրաստումների: 2020-ի հունվար-փետրվարին Հունաստանում անցել է հատուկ նշանակության ջոկատների վերապատրաստման դասընթացներ: Վերջին 1,5 տարվա ընթացքում ծառայել է հատուկ նշանակության զորքերում: 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի հատվածում հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում զոհվել է:

Ընկերները պատմում են՝ Հովհաննես Խաչիյանը, օժտված լինելով հատուկ նշանակության գիտելիքներով ու հմտություններով, փրկել ու շրջափակումից հանել է հարյուրավոր զինվորների և սպաների: Հովհաննես Խաչիյանը հուղարկավորված է Աբովյան քաղաքի ազատամարտիկների պանթեոնում:

Հովհաննեսի եղբայրը պատմեց՝ զոհվելու օրը հատուկ նշանակության ջոկատի՝ եղբոր ընկերներն են զանգել, ասել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նարեկն ասաց, որ զոհված Հովհաննեսն իր փոքր եղբայրն էլ, մեկ քույր էլ ունեն: Խոսելով եղբոր մարդկային հատկանիշների մասին՝ Նարեկ Խաչիյանը պատմեց. «Եղբայրս միշտ ուրախ ու զվարթ է եղել, երբ զանգում էր, թեժ կետերում էլ եթե լիներ, միշտ ասում էր՝ լավ է, հանգիստ եղեք, ամեն բան լավ է լինելու, մենք լավ ենք, ոչ մի խնդիր չկա: Բոլորը սիրում էին Հովհաննեսին, մեծ ընկերություն, մեծ շրջապատ ուներ, հարազատությունով էր շրջապատված»:

Նարեկ Խաչիյանն էլ է զինվորական: Մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին. «Այնուհետև զորացրվել եմ: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել եմ Վարդենիսի ուղղությամբ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հովհաննեսն ընտրեց զինվորականի գործը՝ մեծ եղբոր օրինակո՞վ, նա պատասխանեց. «Գուցե; Մեր դաստիարակությունն է այդպիսին եղել. իմ պապն էլ 1945-ին է պատերազմի մասնակից եղել: Այդպես եկել է»:

Նարեկ Խաչիյանին հարցրինք՝ մեր ու մեր երկրի հետ կատարվածի մասին ի՞նչ է մտածում, նա պատասխանեց. «Մտածում եմ, որ մեր տղերքն արյան գնով պահեցին, որպեսզի թուրքը չհասնի Հայաստան, քանի որ այդ նույն բանը կլիներ Հայաստանի հողի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031