«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ չհայտնվեր։ Ի՞նչ կփոխվեր դրանից, ինչը կանխելու համար պետական մակարդակում որոշում է կայացվել տեղադրել էդ ցուցանակը։ Իհարկե, ոչինչ էլ չէր փոխվի։ Էդ դեպքում ինչո՞ւ է տեղադրվել։
Էս հարցի պատասխանը փնտրելիս ստիպված ես լինում Ալիևի այլ քայլերին էլ ականատես լինել։ Օրինակ, երբ նա իր ելույթներում «աքլորակռվի» է կանչում Փաշինյանին, փորձում նվաստացնել նրան կամ կանգնում է Արցախի գրավյալ գյուղերից մեկի տապալված ցուցանակի վրա ու անթաքույց հրճվանքը դեմքին նկարվում, այլ այլանդակություններ…
Հիշեցի մի ծանոթի խոսքերը, որ առաջին պատերազմի տարիներին առիթ էր ունեցել մոտիկից ճանաչելու Ալիևների ընտանիքը։ Պատմում էր, որ երբ Փաշինյանը կիսվեց Իլհամի հետ շփումից առաջին տպավորություններով, թե նա կիրթ, բանիմաց լիդեր է, հասկացել էր, որ մի բան սխալ է ընթանում։ Իր փորձառությունն այլ բանի մասին էր հուշում՝ գործ ունենք «անգրագետ, ինքնահավան, սրիկա, ապուշ լակոտի հետ»։ Պատմությունն ու պատերազմի արդյունքներից Ալիևի պահվածքը համոզում ա, որ ծանոթս ճիշտ էր, իսկ Փաշինյանը սխալվում էր։
Կարդացեք նաև
Սխալվում էր ոչ միայն Փաշինյանը, այլև սխալվում են նրանք, որոնք մտածում են, թե էս պայմաններում կայուն խաղաղություն է հնարավոր։ Ալիևը փորձելու է էս հաղթանակը օգտագործել իր ցմահ կառավարումը արդարացնելու և կառավարումը ժառանգներին փոխանցելու համար։ Չի երևում նաև, թե իրեն նման կերպ դրսևորող մարդը պատրաստ ա հավասարի նման, հարգանքով հարաբերվել նրանց հետ, ում երեկ թշնամի էր համարում և ում, կարծես, հաղթել է։ Էս վարքը նաև խաղաղության վերաբերյալ եթերային սպասումները դուրս է մղելու հայ հանրության մտքերից՝ դրանք փոխարինելով վրեժի ծարավով։
Շուռնուխի 11, թե 12 տները կամ ճանապարհին տեղադրված ցուցանակը Ալիևին պետք չեն։ Նրան պետք է Հայաստանի ու էդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրի նվաստացումն ու երկրի անկայուն ներքաղաքական վիճակը։ Էս պահին նա կստանա՝ ինչ ուզում ա, բայց երկարաժամկետ հեռանկարում նա ստանալու է իր հաղթանակի տակ մնացած հանրություն և վրեժով լցված հարևան։ Այսինքն, ըստ էության, Ալիևն անում է նույն սխալները, ինչ արեցին Հայաստանն ու հայ հանրությունը մե՛ր հաղթանակից հետո։