Թվում էր, թե «թավշյա» հեղափոխությունից հետո պետք է ակտիվանար օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի Հանրապետություն: Սակայն, դա տեղի չունեցավ, իսկ հետպատերազմյան առաջիկա տարիներին, մեր խորին համոզմամբ, ներդրումային ակտիվություն հանրապետությունում ևս չի արձանագրվելու, պայմանավորված մի շարք պատճառներով: Նախ, պատերազմից հետո ազգաբնակչության ընկճված տրամադրությունը, անպայման, իր ազդեցությունը կթողնի գործարար ակտիվության վրա, և կնպաստի «կապիտալի արտագաղթմանը» երկրից: Իսկ օտարերկրյա պոտենցիալ ներդրողը, տեսնելով ներքին ներդրումային պասիվությունը, որոշակիորեն սպասողական վիճակում կհայտնվի:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը, թերևս, չունի վստահելի և շահախնդիր գործընկեր պետություններ, որոնք տնտեսապես կօժանդակեն և ներդրումներ կիրականացնեն երկրում: Ավելին, հետպատերազմյան թուլացած տնտեսությունը ևս մեկ առիթ կհանդիսանա միջազգային դոնորների կողմից տրամադրելու թանկարժեք վարկեր և ավելացնելու Հայաստանի արտաքին պարտքը:
Եվ վերջապես, սփյուռքը, որը նույնպես ներդրումային մեծ պոտենցիալ ունի, դժվար թե առաջիկա տարիներին ակտիվ ֆինանսական ներարկումներ կատարի հայրենիքում, և նույնպես սպասողական դիրք կգրավի, քանի դեռ Հայաստանում չեն հանդարտվի քաղաքական կրքերը և երկիրը չի հայտնվի մակրոտնտեսական հավասարակշիռ վիճակում:
Իսկ որ ամենակարևորն է, պատերազմի վառոդի հոտը դեռ մի քանի տարի կմնա մեր տարածաշրջանում, պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի բախումներով: Ներկայումս հրանոթները լռել են, բայց մեր հարևան պետությունները անցել են սպառազինությունների մրցավազքի, կարծես պատրաստվելով նոր պատերազմի: Բնականաբար, նման իրողությունը պետք է, որ բացասաբար անդրադառնա ՀՀ ներդրումային միջավայրի գրավչության վրա:
Կարդացեք նաև
Ներդրումային պասիվացման նման իրավիճակից կարող է օգտվել թշնամին, և թուրքական կապիտալի ինտերվենցիա կատարել Հայաստան: Երբեք չպետք է խանդավառվել և մեր հարևանների հետ սահմանների բացումը դիտարկել որպես տնտեսական համագործակցության ակտիվացման գործոն: Երբեք թույլ չենք տալու, որ «թուրքալեզու կապիտալը» օգտվելով մեր հայրենիքում ձևավորված ներդրումային վակուումից, ներխուժի տնտեսություն և ներազդի ազգային տնտեսական անվտանգության վրա: Ընդհանուր առմամբ, «տոքսիկ» ներդրումների գծով տրվում են մեկնաբանություններ այն դեպքում, երբ կազմակերպությունները ակտիվներ ձևավորելով, հետագայում կանգնում են դրանց իրացվելիության խնդրի առջև: Հատկապես, այն դրսևորվում է բանկային համակարգում` հիփոթեքային վարկեր տրամադրելիս: Հայաստանի համար, «տոքսիկ» ներդրումների մեկնաբանման պարագայում մեր կողմից նկատի է առնվում նաև թուրքական կապիտալի ներհոսքը երկիր, որի ընդլայնումը պարզապես կառաջացնի տնտեսական անվտանգության թուլացման լուրջ ռիսկեր: Ուստի, բնավ պետք չէ ոգևորվել ՀՀ կառավարության պաշտոնյաների ներկայիս հայտարարություններից սահմանների բացման, հարևանների հետ առևտրի աշխուժացման առումով, այլ անհրաժեշտ է այս հարցում զգուշավորություն ցուցաբերել` օրենսդրական ճանապարհով կանխարգելելով անբարենպաստ ներդրումային ռիսկերը և ձևավորելով տնտեսական անվտանգային ազգային իմունիտետ:
Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Լուսանկարը՝ Արմեն Ճուղուրյանի ֆեյսբուքյան էջից