Անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը, հավատով սպասում է՝ իր Յուրին մի օր կգա:
1994 թվականին Յուրի Առուստամյանը և գումարտակի տղաները պայքարելու գնացին դեպի Հորադիզ: Նրանք հայտնվել են շրջափակման մեջ ու մինչև վերջ պայքարել: Հունվարի 7-ից նրանց մասին լուր չկա:
Aravot.am-ի հետ զրույցում Զարինե Հակոբյանն ասաց՝ միայն երկու ամիս է հավատացել, որ տղաները զոհվել են: Նա մանրամասնեց. «1991 թվականին ամուսինս կամավորագրվել է, 1992-ի նոյեմբերից հրավիրվել՝ որպես սպա: Յուրին լեյտենանտ էր, դասակի հրամանատար: 1993-ի մայիսի 8-ին Կապանի Շիկահող գյուղում ստեղծվեց թիվ 6 գումարտակը: Այդ գումարտակում հավաքվել էին տղաներ, որոնք արդեն մարտնչել էին ու մեծ փորձ ունեին: Հրամանատար նշանակվեց Մարտուն Բադալյանը, և հերթական կռվի ժամանակ իրենք տարածքներ ազատագրեցին: Հերթական մարտը պետք է լիներ Հորադիզ կայարանում, և հունվարի 5-ին եղավ հրահանգ, որ պետք է գումարտակն իջներ Հորադիզ: Իջել են այնտեղ երեկոյան, մինչև երեկոյան ուշ ժամ եղել են այնտեղ և գիշերը դիրքավորվել են Հորադիզ կայարանում: Ամուսնուս հետ 7 սպաներ էին, 15 զինվոր: Իր հետ էին նաև հրամանատարներ Մարտուն Բադալյանն ու իրենց սպաներից դասակի հրամանատար Սարգիս Ղուկասյանը, Վալերի Մանուչարյանը և այլք»:
Հունվարի 7-ին տղաներն ընկել են շրջափակման մեջ: Զարինե Հակոբյանն ասաց՝ իբրև ցուցմունք են տվել, որ նրանց տեսել են զոհված, բայց վստահեցրեց՝ այդպես չէ, քանի որ նույն այդ զինվորներն իրենք են հետո պատմել, որ գրել են իբրև ցուցմունք, որ տեսել են տղաներին զոհված, հետո պատճառաբանել են, թե այդպես են նշել, որպեսզի նրանց հարազատներն ու երեխաները ստանան թոշակ, նպաստ. «Երկու ամիս եմ ընդամենը հավատացել, որ Յուրին զոհված է ընկերների հետ, սպասեցի, որ դին բերեն, բայց հետո հասկացա, որ այսպես չէ: Ոչ մի տվյալ իրար չէր համապատասխանում, և ես հասկացա, որ գերի են ընկել: Մեկն ասում էր՝ մոտակա գյուղում են, տարբեր բաներ ենք լսել նրանց մասին: Բայց այդպես էլ չպարզվեց»:
Կարդացեք նաև
Զարինե Հակոբյանը ժամանակին Կապանից եկել, հանդիպել է անհետ կորածների, գերիների հարցերով զբաղվող Լարիսա Ալավերդյանին, միջազգային Կարմիր խաչում տվել են հայտարարություն ամուսնու՝ անհետ կորելու մասին, բայց մինչ այժմ փնտրտուքի մեջ են:
Զարինե Հակոբյանն այս առիթով ասաց. «1990-1994-ի ոչ մի ռազմագերի չեն տվել, չեն փոխանակել, երբեք, միայն 1994-ից հետո գերի ընկած ռազմագերիներ են տվել: Չեմ հավատում, որ պատերազմական ժամանակաշրջանի գերի չկա, թշնամին սուտ է ասում»:
Զարինե Հակոբյանն աշխատում է ՊՆ-ում, ժամանակին ընդգրկվել է գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովում, «Հանուն քաջաց և խաղաղության» ռազմահայրենասիրական, բարեգործական ՀԿ-ի նախագահն է: Նա պատմեց, որ փորձել է դիմել այժմ գերիների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով:
Նա առաջարկում է. «Ուզում եմ խնդրել մեր իշխանություններին, նրանց, որոնք զբաղվում են գերիների փոխանակման հարցով, միգուցե հիմա, որ գրում ենք՝ գերիների փոխանակելու հարցը, ստորակետ դրվի և գրվի՝ որևէ ստույգ տվյալ տրամադրել 90-ականների ռազմագերիների մասին: Ես այդպես եմ կարծում, որ ամեն դեպքում այդ ժամանակվա մարտնչողները կան: Հույս ունեմ, իմ սրտին եմ հավարտում ՝ հնարավոր է տղաները լինեն: Այնպես չէ, որ շատ մեծ են տարիքով, և այսօր թշնամին գիտի՝ եթե գերի է, որտեղ է պահվում, եթե զոհված է, որտեղ են հուղարկավորել այդ մարդկանց»:
Զարինե Հակոբյանը դեկտեմբերի 31-ին որդու հետ եղել է Եռաբլուրում, Նոր տարին դիմավորել է այնտեղ, անմահ հերոսների մոտ. «Եռաբլուրի անհայտ կորածների խաչքարի մոտ կանգնում եմ և մտքով ու սրտով աչքիս դեմն է նաև Կապանում «Եղբայրական» գերեզմանում գտնվող անհայտ կորածների խաչքարը»:
Նա, հուզմունքը հազիվ զսպելով, ասաց. «Այնքան կուզեմ, որ Յուրիի գերեզմանը գոնե լինի, քանի որ ես արդեն 60 տարեկանի մոտ եմ, մտածում եմ՝ վաղը մյուս օրը չեմ լինելու, այդպես էլ չիմացա՝ ինչ եղավ իմ ամուսինը: 90-ականների տղաներին սպասում են մայրերը, կանայք, զավակները, արդեն թոռնիկները»: Զարինե Հակոբյանն ունի մեկ դուստր, մեկ որդու և հինգ թոռնիկ: Մի թոռնիկին կոչել են Յուրի, և նա շատ է նման պապիկին: Անհայտ կորածի կինն ասաց՝ ցավ է ապրում, երբ տարբերություն են դնում՝ ասելով առաջին արցախյան պատերազմ, երկրորդ արցախյան պատերազմ:
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հրաման եղավ նորից ստեղծել հանձնաժողով: Այս առիթով տիկին Զարինեն պատմեց. «Հանձնաժողովի նախագահը լինում է տվյալ ժամանակի Պն նախարարը և տարբեր նախարարներ, փոխնախարարներ, ԱԱԾ-ից անդամներ: Այնպես եղավ, որ ես վերընտրվեցի՝ որպես այդ հանձնաժողովի անդամ: Բայց այսօր մի տեղից պատահական լսեցի, թե իբր այդ հանձնաժողովը չկա, և Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մի այլ բան է ստեղծվել: Բայց ես դա չեմ ընդունում. ինձ զգում եմ այդ հանձնաժողովի անդամ, քանի որ ոչ ոք ինձ լուծարման մասին չի տեղեկացրել: Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, երեկ, այսօր զանգահարում եմ օգնականին, ինձ մոտ կապը չի ստացվում: Ցավ եմ ապրում, երբ չակերտավոր կտրտում են հերոսներին: Ժամանակագրությունը կարելի է շեշտել, որ պատկերացում կազմեն, բայց ասել, որ այն տղաները, որոնք հող են ազատագրել, հայրենիք են պաշտպանել, ասել առաջին պատերազմի մասնակիցներ, ինձ էլ հանձնաժողովից ասեն, թե հների մասին հլը չենք զբաղվում, դա ընդունելի չէ: Ի՞նչ է կոչվում հին: Այդ մարդիկ հունվարի 7-ին 27 տարի կլինի, որ կտտանքների տակ թուրքի ձեռքին են, ու մենք մեծ հույսով, որ ունենք հզոր պետություն, և այդ հարցով կզբաղվեն, սպասում ենք, բայց դա չի լինում: Ախր դա անհատական հարց չէ: Յուրի Առուստամյանի կինը միայնակ չի կարող»:
Նախկինում գործող գերիների, անհետ կորածների հանձնաժողովը դեկտեմբերին նիստ չի ունեցել: Տիկին Զարինեն ասաց՝ ՊՆ նախարարը ծանրաբեռնված է, հնարավոր չէ հանդիպել, բայց աշխատախմբի ղեկավարը՝ պարոն Մանուչարյանը, ասել է, որ այդ խնդիրը ներկայացրել է:
Զարինե Հակոբյանն ասաց՝ սրտակցում է զոհված տղաների երիտասարդ մայրերին, միմյանց սփոսում են, համարում է, որ այո, շտապ պետք է նոր գերիների, նոր զոհերի մասին մտածել, դիերը փոխանակեն, բայց նաև զուգահեռ նշում. «Չէ՞ որ այդ 90-ականների տղաներն էլ են մարդ, նրանց ընտանիքներն էլ են ուզում գերեզման ունենալ, կուզեն, որ իրենց տղաները վերադառնան: Ուղղակի ցավում եմ, որ չեմ կարող այսօր վարչապետին հանդիպել, Արայիկ Հարությունյանի նյութի տակ եմ մեկնաբանություն գրել, ՊՆ նախարարն անձեռնմխելի է. նրան չեմ կարողանում տեսնել: Բա ո՞ւմ ասեմ: Դրա համար արդեն ես զանգահարում եմ որևէ օգնականի և իմ միտքը փորձում ասել: Եվ ստանում եմ պատասխան, որ հների հարցով դեռ չենք զբաղվում: Ես էլ ասացի՝ ինչ լավ է, որ գոնե ինձ եք դա ասել, ես նրանց ընտանիքներին չեմ փոխանցի դա, չեմ ցավեցվի նրանց: Դիմել եմ նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանին, ով Արտակ Զեյնալյանի հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել գերիների և անհետ կորածների հետ կապված հայցեր, և ստացել եմ նույն պատասխանը»:
Տիկին Զարինեն ասում է՝ իմ վերքը երբեք չսպիացավ ու շարունակում. «Ես երբեմն նաև չեմ զգում, որ Յուրի Առուստամյանի կինն եմ: Իր մոր չափ շատ ցավ եմ ապրում: Իր մայրն էլ ցավ ապրեց, ռուս մանկավարժ լինելով՝ հայ հայրենասեր է դաստիարակել: 11-12 տարվա կինն եմ եղել Յուրիի, նա շատ լավ ամուսին է եղել: Հրաձիգ էր, դիպուկահար, սպորտի չեմպիոն: Յուրին ծնվել է 1958-ի սեպտեմբերի 28-ին: Մենք այնքան սիրով ընտանիք ենք եղել, որ մեզ Ռոմեո և Ջուլիետ էին ասում»:
Տիկին Զարինեն մեծ ցավով է պատմում, թե ինչպես են զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատներով իրար սփոփում: Մի դրվագ ներկայացրեց. «Երբ խոսում ենք, ինձ մատնացույց անելով՝ ասում են՝ գիտեք՝ Զառայի ամուսինը գերի է ընկել, գերեզման էլ չունի: Զոհվածների կանայք, հարազատները սփոփվում են, ասում՝ վայ, լավ, լավ է գոնե մենք գերեզման ունենք: Հասկանո՞ւմ եք՝ ես զոհվածի մորն ինչ եմ ասում, և մայրն ինձ ինչ է պատասխանում: Մենք իրարով սփոփվում ենք»:
Սակայն տիկին Զարինեն հույսը, հավատն ու լավատեսությունը չի կորցնում՝ վստահ է, մեր Սյունիքը, մեր ազգը հզոր է. «Հայ ազգը հզոր ու հայրենասեր է, վախկոտ չէ, անգամ ավտոմատով տղաները ԱԹՍ-ի դեմ էին գնում. չեն վախեցել: Իմ պետությունը, իմ հայրենիքը, իմ ժողովուրդը հզոր են, ուղղակի չպետք է պառակտվել, այս պահին աղաչում եմ Աստծուց՝ բոլորը մի կողմ դնեն ատելությունը, միաձուլվեն, երկրի հարցը լուծեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ