«Ողբում եմ քեզ,
Հայոց աշխարհ…»
Մովսես Խորենացի
«…Եվ չգիտեմ ինչպե՞ս հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ
մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց
և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց….» Մ.Խ.
Ամեն անգամ վերընթերցելով պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության «Ողբ»-ը, զարմանում եմ, ինչքան քիչ բան է փոխվել կամ ընդհանրապես չի փոխվել մեր ժողովրդի պատկերը գրված դեռ 1500 տարի առաջ:
Գլուխը բարձր, հպարտ քայլող, նույնիսկ Չելենտանոյին հայ կարծող, մեր ինքնասիրահարված նարցիս ժողովուրդը երբ պետք է խելքի գա ու հասկանա, որ Հայրենքը կորցնում ենք իր իսկ ինչպիսին լինելու պատճառով:
Կարդացեք նաև
Խայտառակ պատերազմը ժողովրդին ծնկի բերեց, նսեմացրեց ու գլխահակ քայլող ազգ դարձրեց:
Ի՞նչն է պատճառը, ի՞նչ է կատարվում, մի՞թե կորցրել ենք բոլոր բարոյական հատկանիշները ու պարտություն կրած կառավարությունը հրաժարական չի ներկայացնում՝ ներողություն խնդրելով խաբված ժողովրդից:
Ի՞նչ մեխանիզմներ ունի հայաստանցին իր ապիկար կառավարությունից հրաժարական պահանջելու: Ի՞նչ օրենքներ կան «դեմոկրատական» հիմունքներով ընտրած Ազգային Ժողովի ջայլամ պատգամավորներին ետ կանչելու: Ինչո՞ւ չեն կարողանում հազարավոր մարդկանց ցույցերը ստիպել հեռանալ պարտության համաձայնություն ստորագրած կառավարությանը:
Մարդիկ կորցրել են իրենց հավատը ստախոս կառավարիչների հանդեպ, չեն հավատում ոչ մեկին: Ձեռք բերած «անկախության» օրվանից երեսուն տարի անընդհատ հավատալու ցանկությամբ ընտրեցին չորս ղեկավարների և ամեն անգամ խաբված դուրս եկան: Հիմա ամբոխը մեկ ամսից ավելի ապստամբում է, իսկ խայտառակ պայմանագիրը ստորագրած վարչապետը այն աստիճան անկաշկանդ է զգում, կարծես ոչինչ չի եղել:
Գերիների, զոհվածների, վիրավորների, թշնամու միակողմանի սահմանազատման ամբարտավան գործողությունները չնկատելով, թատերական ներկայացումներ է բեմադրում Եռաբլուրում, Սիսիանում և ինչ է այսով ուզում ցուցադրել՝ ոչ մի տեսակետից հասկանալի չէ:
Մշակույթի նախարարությունը Զինանշանի փոփոխման խորհրդակցություն է հրավիրում՝ նոր զինանշանի մրցույթ հայտարարելով և պարգևավճարը գնահատում է 10 միլիոն դրամ, երբ զոհված զինվորների հատուցումը դեռ չի կատարել:
Գյուղատնտեսության նախարարը պատերազմի դիակները չթաղած, ծրագրեր է հայտարարում ինչպես թուրքերի հետ համագործակցել և այլ և այլ անհեթեթ որոշումների չպահանջված խորհրդակցություններ: Կառավարությունը ուզում է ցուցադրել, որ արտասովոր ոչինչ չի եղել, սակայն չի տարբերում կամ չի ուզում տարբերել գլխավորը երկրորդականից: Ո՞վ է ազգի վերքերը բուժելու և ինչպե՞ս:
«Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության ….»․ Մ.Խ.
Մեր այժմյան կառավարությանը չի բավարարում ապստամբող ժողովրդի քանակը՝ հետաքրքիր է իմանալ, այդ որ թվաքանակի մասին է խոսքը 50, 100 հզ մա՞րդ, իսկ իր ետևից գնացողների իսկական թիվը ինչքա՞ն է (եթե չհաշվենք ադմինիստրատիվ ռեսուրսներով հավաքված մարդկանց քանակը):
Վերջապես իրենց պատկերացրած ապստամբող ժողովրդի քանակը թվաբանությո՞ւն է, իսկ բարոյական օրենքները ո՞ւր մնացին: Ապստամբների քանակը նվազագույնը մի կարգով ավելին է, սակայն հանգամանքները՝ համավարակի արհավիրքը, 15-20 հազար վիրավորների և զոհերի ընտանիքների հաշվարկային թվաքանակը՝ 60-70 հզ մարդ, եղանակային պայմանները և վաղվա օրվա հանդեպ հիասթափության մեղքը սահմանափակում է սգի և ստի մեջ խրված մարդկանց ամբոխային բողոքի ձևը:
Կառավարությունը միշտ կարող է առարկել, որ մեկ մարդ ավելի պակաս է, քան 2018 մայիսին: Երբ հայտնի դառնա այդ մեկ մարդ պակասելու թիվը, անկախ իմ առողջական վիճակի, ես կգամ: Այս պահանջը բացարձակ անհեթեթության ոլորտի տրամաբանություն է:
Գալով ապստամբների բողոքի կազմակերպման ձևին՝ պետք է նշել, որ 2018 մայիսի մեթոդը այժմյան կառավարությունը անմնացորդ օգտագործել է: Նոր մեթոդներ և ձևեր են անհրաժեշտ իշխանափոփոխությունը իրագործելու համար: Հասարակությունը դարդ ու ցավից պառակտվել է:
Մեր հասարակության մեջ մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը խզվել է:
Յուրաքանչյուր հայի շեշտված անհատականության պատճառով, անզուսպ գերազանցված ինքնագնահատականը բախվում է դիմացինի նույն հավակնությունների հետ ու ջարդվում է՝ սովորական մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը:
Երկու հազար տարի առաջ Քրիստոսը խոսեց մարդկային հասարակության ներդաշնակության մասին ու մինչև այսօր այդ ներդաշնակությունը մարդիկ չեն ստեղծել ոչ մեկ-մեկու միջև, ոչ բնության հետ:
2020 թ․-ի դեկտեմբերի 1-ից սկսած լրագրական դաշտում արծարծվում էին գերիների և զոհվածների հետ կապված խնդիրները: Որդեկորույս ծնողները պատկան մարմինների շենքերի պատերին խփելով՝ ոչ մի ծանրակշիռ պատասխան չէին ստանում:
Դժվար չէ կռահել՝ ինչպիսին է ծնողի հոգեկան վիճակը, երբ պատերազմի ավարտից անցել է արդեն 20 օր և ոչ մի տեղեկություն չի ստանում որդու կյանքի իրականության մասին: Վանդակը ընկած վիրավոր գազանի նման ամբողջ ազգի աչքի առաջ նրանց հուսահատ քայլերը իրենց զավակների մասին լուր լսելու ցանկությամբ, խելագարվելու հոգևարքի մեջ են դրել նրանց: Աչքերին արցունքները չթաքցնելով աշխատում էին պահել իրենց արժանապատիվ կեցվածքը, իրենց ցավի ու դարդի մեջ: Մի կողմից ցավի գիտակցությունը, մյուս կողմից լրագրողների կիսագրագետ ռեպորտաժները:
Սկսեցին գրել ու ներկայացնել, որ ծնողների այդ բողոքներին միացել են նաև Հայաստանի մտավորականությունը: Իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ՀԱԱ ակադեմիկոսները, պատմության ինստիտուտը և այլոք:
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ հարցազրույցներ էին տալիս այդ «մտավորականները» ՝ անճաշակ և անիմաստ հեռուստաֆիլմերի «դերասանները»:
Մեր հեռուստալրագրողներից շատերը չգիտեն՝ ովքեր են մտավորականները: Պրիմիտիվ սերիալներում երբեմն նկարվող «դերասանին» ներկայացնում են որպես մտավորական ու անիմաստ, թերի հարցով բացահայտում այդ «մտավորական» կոչվող սուբեկտի ոչնչությունը:
Մի՞թե նրանք են Հայաստանի մտավորականները: Կմկմալով հայերեն «խոսող», խղճուկ բառապաշարի տիրապետող, մտքերը շարադրելու անկարող «դերասանները» կամ ասենք արվեստի- արհեստի ներկայացուցիչները՝ ովքեր վախեցած էին երկրի քաղաքական աղետային վիճակը ներկայացնում, որպես որդեկորույս ծնողների հետ համերաշխության իրենց ձայնը, վախենալով բարձրաձայնել այդ խնդրի լուծման գլխավոր դերակատարի՝ վարչապետի րոպե առաջ անհրաժեշտ հրաժարականի մասին:
Այս և նման պատճառներով նույնպես ժողովուրդը դուրս չի գալիս այն քանակով, ինչը որոշել է, չգիտեմ ով:
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեր նպատակն է առաջ քաշել մեր զինվորների ճակատագիրը բացահայտելու անհրաժեշտության խնդիրը», վախվորած, հեղհեղուկ դողացող ձայնով, ինչպես ասում են, «համ մեխին էին խփում, համ նալին»:
Չենք կարողանում ներկայացնել վիճակին հարիր ժողովրդի հրամայական կարծիքը, օր առաջ երկիրը պարտության տարած վարչապետի հեռանալու պահանջի մասին: Այդ եսասեր, իրենց արտիստ կարծող գռեհիկ ծաղրածուները, միայն հեգնանք էին առաջացնում հեռուստադիտողի մոտ: Դա հասարակության այն շերտն է, ովքեր բալագանային դերասաններ չեն նույնիսկ, ու լրագրողները նրանց ներկայացնում էին որպես մտավորականության ներկայացուցիչ՝ ողբամ քեզ ժողովուրդ, թե թագավորդ մանուկ է եղել:
«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ
վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու
ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց
ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը…»․ Մ.Խ.
Ժողովրդի անհամաձայնությունը կառավարողների հետ նույնպես արարման սկիզբ կարող է լինել, գուցե այս սպասումն է, որ մարդկանց դարձնում է լավատես ապագայի հանդեպ, քանի որ միատարությունը լճացում է: Կամ սա ուղակի ինքնախաբեության փիլիսոփայություն է: Հավատը ցանկալի պատրանք է դարձել, հաճախ ցուցամոլական մտքի երազացնորություն:
Նյութական ունևորության գործող մոլուցքը սահմանափակում է ազատ մտածելու կարողությունը և այս բոլորը միասին դարձել են զայրույթի աղբյուր, նախանձի ու ագահության գերիշխող դրդապատճառ:Մարդկային մեղքերը առարկայացել են ու հասարակական կեցության ներդաշնակությունը դարձրել են սատանայական քաոս:
Երկրի կառավարման գաղափարական առանցքը դարձել է փողը, ունեցվածքը, սեփականությունը՝ անշունչ առարկայական պատկերացումներով, դուրս թողնելով մարդկային անհատականության արժեքը: Երկրի կառավարման նոր ձևը առևտրի զարհուրելի կանոններով է ձևավորվում:
Որտե՞ղ և ե՞րբ առաջացավ ամբոխահճությունը, որպես անմիջական հաղորդակցության դյուրին ձև: Ինչպե՞ս կարողացավ բազմանալ խուժանը և մեկ-մեկու հասկանալ ավելի շուտ բնազդային զգացողություններով, քան թէ բանական տրամաբանությամբ:
Իմ կարծիքով, ազգի լեզվամտածողությունը փոխվեց, այսինքն մայրենի լեզուն անսանձ խառնաշփոթ բարբառներով այլ երանգավորում ստացավ, որտեղ ավելի շատ ագրեսիա կա, քան մեկ-մեկու հասկանալու ցանկություն և հանդուրժողականություն: Լեզվի այս այլափոխությունը վերաձևավորեց էթիկայի կանոնները, լեզվի հնչյունաարտահայտությունը, փոխադարձ կոմունիկացիայի կանոնները: Գռեհիկությունը՝ արտահյտչամիջոցների այլանդակ մետամարֆոզան փոխեց նույնիսկ բարոյական չափանիշները:
Հասարարական հարաբերությունների առողջացման համար անհրաժեշտ է զարգացնել լեզվամտածողության ընդհատված ներդաշնակությունը: Լեզուն հոգու կոդն է, ժողովրդի ինքնությունը, ինչը կորցրել է իր կանոնավոր պատկերը: Լեզուն կարեկցանքի արտահայտման միջոց է, իսկ կարեկցանքը փոխհարաբերությունների բարի ներդաշնակություն ստեղծելու հիմքը:
Հայ ժողովուրդը հոգնել է խաժամուժի ճնշման տակ ձևավորվող կառավարություններից, նոր մեթոդներ են պետք ղեկավարելու ժողովրդին մեր իրականության մեջ:
Ազգի ներսում այդքան անտագոնիզմ, անհնար է պատկերացնել: Դարերի ընթացքում կուտակված դասակարգերի շահերի անվերջանալի բախումը հայերի մեջ մտցրել է մեկը մյուսի նկատմամբ անզիջելի անհանդուրժողականություն ու որպես հակասություն անպատկերացնելի հանդուրժողականություն օտարի նկատմամբ՝ նույնիսկ թշնամու: Սա ազգային գենետիկական հիվանդություն է դարձել: Ինչպես պայքարել այդ կլինիկական հիվանդության չարիքի դեմ, մեծագույն հարցերից մեկն է մեր ազգի համար:
«Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի
խոսքի և լռության…»․ Մ.Խ.
Մեր լրագրողների մեծ մասը չի տիրապետում հայերեն լեզվին, բառապաշարի սով է նրանց մոտ, նրանք չեն կարողանում ազատ հանպատրաստից շարադրել իրենց միտքը՝ իհարկե եթե այն կա:
Մի լրագրող ցույցերը հրապարակներից լուսաբանելու 20 օրվա ընթացքում իր հաղորդման ժամանակ 510 անգամ կրկնում էր «նշեմ, որ» բառակազմությունը՝ ետևից ոչ մի միտք չկառուցելով:
Հարցազրույցները ցուցարաներից որևե մեկի հետ վարում էին այնքան պարզունակ, այնքան անգաղափար, որ դիտողը ակամը մտովի սկսում է ընդվզել ցուցարարների դեմ:
Զրույցի հրավիրված ցուցարարին չեն թողնում խոսել, միջամտում են իրենց իմացածը ցուցամոլորեն ներկայացնելու համար և չեն լսում դիմհյուրին՝ ասուլիսի մշակույթ չկա: Միթե նրանք ծանոթ չեն օրինակ Պոզների հաղորդումներին: Միթե շուտասելուկներ սովորելով իրենց խոսքի հնչյունավորման անկաշկանդվածության վրա չեն աշխատում:
Նույնիսկ քիչ թե շատ հայերենով խոսող հաղորդավարուհին չի տիրապետում հայերեն լեզվի պարզագույն քերականական կանոնները, անընդհատ կրկնելով՝ որը որ, երբ որ, ինչը որ, որոնք որ երկշաղկապները: Չգիտեն, որ անձ ցույց տվող գոյականները «ո՞վ» հարցին են պատասխանում․ օրինակ՝ Պետրոսը, «որը» զայրացած էր, պետք է ասել՝ Պետրոսը, «ով» զայրացած էր: Պարզ կանոն կա հայերենում- անձ ցույց տվող գոյականները պատասխանում են «ո՞վ» հարցին, իսկ իրեր ցույց տվող գոյականները՝ «ի՞նչ» հարցին։
Կարծես անտեղյակ են պարզագույն շեշտադրման կանոններից՝ հայերենում շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը, օրինակ՝ պարոն Պողոսյա՛ն, արտասանում են՝ պարոն Պողոսյ՛ան: Սխալ շնչառության պատճառով արտասանված բառի վերջին հնչյունները հստակ չեն հնչում:
Հետո զարմանում ենք, որտեղ և երբ առաջացավ խաժամուժը (быдло): Հայերեն լեզվի անաղարտությունը անտեսելով նորելուկ «կրթվածները» «օքեյաախտով» են տառապում՝ «Օքեյ» հա «Օքեյ», իսկ «Բարի» հայերեն չքնաղ բառը միթե ավելի ծավալուն չէ իր իմաստով: Գիտեն արդյոք որ «Օքեյ» բառը հորինված է մի անգրագետ սուբյեկտի կողմից “all correct”, թշվառականը «all»-ը գրել է Օ տառով… իհարկե չմոռանամ ասել, որ հանճարեղ հիմարությունը հանճարեղ բառ է դարձել, ամբողջ աշխարհում, սակայն այդ բառը արտասանողը դեռ անգլերենին տիրապետող չէ՝ նա ձևամոլ է:
«…Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է, ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել..»․ Մ.Խ.
Արցախյան պատերազմի մեր ելքը ինձանից լավ ձևակերպում են մասնագետները, բայց այն փաստը, որ բանակ չունենք կամ ասեմ այսպես՝ թույլ կազմված բանակ ունենք՝ անվիճելի է:
Կամաց-կամաց այնպիսի փաստեր են առաջ գալիս, որոնք ապացուցում են պատերազմում վարած մարտավարության, առնվազն անհեթեթությունը, անգրագիտությունը և զինվորական դասի ընչաքաղցությունը:
«Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր,
թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո..․ »․ Մ.Խ.
Պատերազմի ժամանակավոր հաշտության պայմանագիրը կնքվեց գողեգող, ամբողջ ազգին նվաստացնող պայմաններով, դեռ երկար մռռացող հոգեկան ցավի ախտանիշով: Վիճակի ամբողջ անհեթեթությունը այն չէ, որ գերեվարվածներին կամ զոհվածներին փնտրելու աշխատանքով զբաղված են որդեկորույս ծնողները ռուս զինվորականների հետ, թերևս այն, որ թշնամին կտոր-կտոր մասնատելով սահմաններ է գծում ի հոգուտ իրեն:
Ոչ մի պատկան մարմին չի մասնակցում այդ անօրինական գործողությանը, բեռը թողնելով գյուղապետերին, ովքեր այդ իրավասությունը չունեն:
Այս միակողմանի պահանջատիրության եզրին կանգնած է թուրքերի երազած հայաստանի տարածքի ոչ միայն բզկտման, այլ իրենց անհրաժեշտ հայկական շրջաններ վերցնելու ցանկությունը: Այդ շնաձկները արյունի համը զգացել են ու առանց հաշվի նստելու որևե մեկի հետ հոշոտելու են փոքրիկ Հայաստանը: Եթե որևե մեկը այլ կերպ է կարծում ապա կկրկնվի մեր հողերի գրավման «աննկատ» եղելությունը, երբ մեր ժողովուրդը կամա թե ակամա դարձավ փախստական դեռ 105 տարի առաջ:
«.․․Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ…»․ Մ.Խ.
Ես մասնագետ չեմ և չեմ ուզում մանրամասնել մեր պետությանը ետպատերազմական իրավիճակից դուրս բերելու միջոցներն ու ճանապարհները, այս հարցով պետք է զբաղվի նոր կառավարությունը ներգրավելով արհեստավարժ, բանիմաց մասնագետների և միջազգային խորհրդատուների:
Սակայն ես մի բան եմ լավ հասկանում, որ մեր երկրի աշխարագրական դիրքը և մեզ շրջապատող հարևան պետությունների հետ ունեցած քաղաքական հարաբերությունների իրականությունը, հայաստանին կարող է զրկել պետություն մնալուց: Այնքան հեռու չեն այն ժամանակները, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը (1918թ. մայիսի 28), իսկ մինչ այդ որպես հայկական միացյալ թագավորություն հայաստանը 700 տարի գոյություն չուներ (XIII դարի առաջին կեսից սկսած):
Ուրեմն Հայաստանի գլխին կախված էքզիստենցիալ վտանգի մասին չի կարելի մոռանալ: Վերջապես այդքան դժվար չէ հասկանալ, որ մեր տարածաշրջանում երեք խոշոր տերությունների՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան, առճակատման թատերաբեմ է ստեղծվել: Իրանը իր խնդիրներն ունի, ինչի մասին պետք է մտածի միայն իր շահերի տեսակետից, Ադրբեջանը որպես առանձին, ինքնուրույն խաղացող այլևս չկա փաստորեն դա նույն Թուրքիան է, որի նպատակները 105տարի անց չեն փոխվել: Ուրեմն միակ պետությունը որի շահերը համընկնում են Հայստանի շահերի հետ դա Ռուսաստանն է: Ռուս-թուրքական հակամարտությունը սարերի ետևում չէ:
Ինչպես երկու հարյուր տարի առաջ մեր միակ դաշնակիցը մնում է Ռուսաստանը՝ ընտրելու տարբերակ չկա: Արևմուտքի այլընտրանք լինելու հնարավորության մասին մենք գիտենք դեռ Անտանտայի ժամանակներից , ինչը հաստատվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմով:
Քսանմեկերորդ դարում ցանկացած փոքր պետություն, ինչպես Հայաստանն է, առանց քաղաքական հզոր դաշնակցի երկար չի կարող հարատևել:
Իրականությունը այն է, որ Հայաստանի համար ուզենք թէ չուզենք, հավանենք թէ չհավանենք նույն կրոնը դավանող միակ երկիրը Ռուսաստանն է: Մենք պարտավոր ենք օգտվել ոչ միայն երկու ժողովրդների դարավոր բարեկամության փաստից այլ որ Ռուսաստանը իր երկրի խնդիրները լուծելու համար ունի որոշակի հետաքրքրություն մեր տարածաշրջանում:
Ես չգիտեմ՝ ով ինչպես է պատկերացնում Արցախ-Ռուսաստան հետպատերազմյան հարաբերությունները, բայց ես համոզված եմ, որ շուտով Արցախը կմիանա Ռուսաստաննին, ինչ-որ քաղաքական կառուցվածքով: Ռուսաստանը Արցախում դպրոցներ է բացում, շինարարություն իրականացնում, գիրք ու գրականություն ներմուծում, միթե այս բարի երևույթի ետևում միայն մարդասիրական եղելությունն է:
Կարծում եմ, ոչ: Ուրախ եմ նաև, որ Արցախի ժողովուրդը այդ կերպ կվերացնի իր եղեռնի ենթարկվելու վտանգը: Լավ, իսկ Հայաստանը ի՞նչ է անելու:
Անհապաղ անհրաժեշտ է որոշակի, ոչ ձևական քաղաքական որոշումներ ընդունել Հայաստանը Ռուսաստանին միացնելու համար, որևե հնարավոր կամ անհրաժեշտ քաղաքական ձևակերպմամբ:
Իմ կարծիքով, Հայաստանը իր ներքին հոգսերը լուծելու ակտիվ ձեռնարկություններից զատ պետք է անմիջապես ճանաչի Արցախի ինքնորոշման խնդիրը, զուգահեռ որպես միջազգային սուբյեկ ճանաչի նաև Ղրիմի հանրապետությունը, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ինքնորոշման իրենց ժողովրդների ցանկությունը կամ վճիռը:
Այս բոլորից զատ անհրաժեշտ է մեր երկրում չափազանց ակտիվ զբաղվել Հայ ազգի ներքին հարաբերությունների ներդաշնակ կեցության բարելավման հարցերով: Այս խնդրի մեջ որոշակի ուղեցույցներ նշանակելով լեզուն, կրոնը և բանակը:
«…Մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ
են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն
պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած,
հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր
մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են
աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են
շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակնե։
Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն»․ Մ.Խ.
Հայաստանի այսօրվա իրավիճակը պարտադրում է հանուն ազգի և պետության փրկության նոր քաղաքական մոդելի անցնելու ձև: Առաջարկվող քաղաքական կառուցվածքի մոդելի կիրառումը բոլորովին չի նսեմացնում Հայաստանի անկախ պետություն մնալու փաստը, ցանկացած տեսակետից ինչպես էլ չմեկնաբանվի անկախ պետություն հասկացողությունը: Անկախություն հասկացողությունը նույնպես հարաբերական իմաստ ունի: Մեր անկախությունը մեր ազգի գոյատևությունը ապահովելն է:
« Նոր պետությունների կամ կառավարությունների ճանաչումը այլ ինքնիշխան պետությունների բացառիկ իրավասությունն է» (Միջազգային իրավունք):
Միքայել ՀԱՄԱՄՉՅԱՆ