Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ
Տարբեր առիթներով հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղ-Արցախը Ադրբեջանական տարածք է: Այդ հայտարարությունը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում: Ես բնիկ արցախցի եմ: Իմ ծննդավայրը՝ Լենինավանը (Մարաղա և Մարգուշավան) ադրբեջանցիները օկուպացրել են 1992 թ. ամռանը, դաժանորեն մորթել շուրջ 100 հոգու, ավանը գերեզմանոցի հետ բուլդոզերով հողին հավասարեցրել:
Դպրոցական տարիներին մենք՝ Արցախի հայերս, երբեք չէինք զգացել, թե Ադրբեջանի տարածքում ենք ապրում, քանի որ ամեն ինչ, այդ թվում՝ մշակութային ու հանրակրթական կապերը, Հայաստանի հետ էր:
Իր երեքհազարամյա պատմության ընթացքում, երբ Մայր Հայաստանը կորցնում էր իր պետականությունը, նրա հյուսիս- արևելյան Արցախ երկրամասը Ուտիք և Փայտակարան նահանգների հետ, որոնք ընդգրկում էին Քուռ-Արաքսյան միջագետքը մինչև Կասպից ծովը, տարբեր քաղաքական իրավիճակներից կախված՝ 10 անգամ ստեղծում էր իր անկախ կամ կիսանկախ պետականությունը, որի միջոցով պահպանում էր հազարամյակներից եկող լեզուն, ինքնությունը, մշակույթը, սովորությունները, կենցաղը, տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ես գիտական աղբյուրներով հիմնավորված գիրք եմ գրել, որը հրատարակվել է անգլերենով (The ten roots 0f Artsakh problem, 2019): Շատ էի ուզում ռուսերեն ևս հրատարակել, սակայն դեռևս նման հնարավորություն չունեմ:
Կարդացեք նաև
Այդ տասը իրադարձություններից նշեմ մի քանիսը.
Վաղ միջնադարում 252-628 թթ. գոյություն է ունեցել Աղվանքի թագավորությունը, որն իրականում հայկական երկրորդ թագավորություն էր, քանի որ թագավորում էր հայկական Վաչականյան տոհմը, նստավայրը՝ Դիտականում (այժմ՝ Արցախ, Մարտակերտի շրջան, Ջրաբերդի դիմաց, Թարթառ գետի աջ ափին): Արցախը, Ուտիքը և Փայտակարանը անջատել էին Մեծ Հայքից, միացրել Կովկասյան Ալբանիայի մարզպանությանը, հայերին տվել թագավորելու իրավունք:
1720-ական թվականներին Օսմանյան Թուրքիայի զորաբանակը արշավում է դեպի Կասպից ծովի արևմտյան ափերը՝ Ռուսական կայսրությունից խլելու Դերբենտը, Բաքուն, Գիլանը, որոնք Ռուսաստանը նվաճել էր Պարսկաստանից: Օսմանլու թուրքերի ճանապարհին Արցախն էր՝ իր անառիկ բերդերով: Արցախցիները թշնամու դեմը կազմակերպված առնելու համար ստեղծում են «Հայկական սղնախներ» ռազմականացված պետությունը, որի հիմնադիրն ու գլխավոր հրամանատարն էր Ավան Յուզբաշի զորավարը, քաղաքական ղեկավարը՝ Գանձասարի վանքում նստող Աղվանից կաթողիկոս Եսայի Ջալալյանը, որը ենթակա էր Էջմիածնին: Մի քանի անգամ օսմանյան տարբեր բանակներ գալիս են և պարտություն կրում Արցախի ինքնապաշտպանական ուժերից: Այդ ժամանակ է,որ Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը Հայոց սղնախներում հատուկ դեսպան է նշանակում Իվան Կարապետին, նրա հետ ուղարկում հայ ժողովրդին ուղղված հրովարտակը: Ռուսաց կայրի հատուկ պատվիրակը Շուշիի բերդ է հասնում 1723 դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի մեկին Շուշիում են հավաքվում Հյուսիսային և Հարավային Արցախի իշխանական, ռազմական, եկեղեցու և բնակչության ներկայացուցիչները, ռուսաց կայրսին հպատակության հավատարմագիր ընդունում և անմիջապես ուղարկում Սանկտ-Պետերբուրգ: Հայոց սղնախները գոյատևեց մինչև 1728 թ., երբ մահացավ Եսայի կաթողիկոսն ու երկրամասից հեռացավ Ավան զորավարը: Պետրոս Առաջինը կասպիականի արևմտյան ափերը հատկացնում էր հայությանը՝ Ռուսական կայրության հովանու ներքո հիմնելու Հայկական թագավորություն: Պահպանվել են Պետրոս առաջինի հանձնարարականները Դերբենտի, Բաքվի և Գիլանի զորահրամանատարներին՝ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել հայության համար: Արցախի հայությունը հրաժարվեց լքել հայրենի հողը, սրբավայրերը, նախնիների գերեզմանները և այլ վայր գաղթել: Նշեմ, որ պահպանված փաստաթղթերում անհնար է գտնել տեղեկություն Հարավային Կովկասի բնակչության մեջ թաթարների, թուրքերի կամ ադրբեջանցիների մասին, քանի որ այդպիսիք չկային:
Հաջորդ ժամանակահատվածում Արցախը կրկին ենթարկվում է հզորացող Պարսկաստանին՝ արդեն առանձին բեկլարբեկության կարգավիճակով: Արցախում իշխում էին հայ հինգ մելիքները: Պարսից Նադիր շահի սպանությունից հետո Պարսկաստանը հիմնում է Լեռնային Ղարաբաղի խանություն, կառավարիչ կարգում իր ներկայացուցիչին: Այն Պարսկաստանին ենթակա մարզ էր, ու չէր կարող խանությունը Ադրբեջան անունով անկախ պետականություն կոչվել, ինչպես սիրում են կեղծել Բաքվի գիտնականները:
Հարգելի պարոն նախագահ, չեմ կասկածում, որ մանրամասն գիտեք, թե 1920-ական թվականներին ինչպես է հիմնվել Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, Աթաթուրքի միջամտությամբ ինչպես են Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղ-Արցախի հայկական մարզերը բռնակցվել Ադրբեջանին: Բուն Ադրբեջանը Իրանի նահանգներից է, և Իրանի դեմ քաղաքական նենգ դիտավորություն էր Հարավային Կովկասում նույն անունով պետականություն հիմնելը:
ՌԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրային կոմիտեի բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումով Արցախը հանձնելով Ադրբեջանական ԽՍՀ-ին, Բաքվին հանձնարարել էր «ինքնավարության լայն իրավունքներով» օժտել նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ապա 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտգործկոմը ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ-ի կազմավորման մասին: Արցախից անջատում են նրա ողջ հյուսիսային հայաբնակ Շամխորի, Գետաբեկի, Դաշքեսանի (Քարհատ), Խանլարի (Ելենենդորֆ), Գյուլիստանի (Շահումյան) շրջանները, արևմուտքից՝ Քյալբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Քաշաթաղ), Ղուբաթլուի (Կովսական), Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, այսինքն՝ Արցախից խլում են նրա տարածքի ¾-ը:
Արցախցիները խորհրդային իշխանության 70 տարիներին անընդհատ պայքարել են Ադրբեջանի կազմից դուրս գալու և Մայր Հայաստանին միանալու համար: Գորբաչովյան վերակառուցման տարիները հնարավորություն տվեցին 1988 թվականից սկսած պահանջել ԽՍՀՄ ղեկավարությունից լուծելու արցախահայության խնդիրը: Լեռնային Ղարաբաղի Մարզային Խորհրդի ժողովրդական պատգամավորների XX գումարման 1988 թ. փետրվարի 20-ի արտահերթ նիստը որոշեց դիմել Ադրբեջանի և Հայաստանի Գերագույն խորհուրդներին դրական որոշում կայացնել ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու մասին: Ի պատասխան Բաքվի իշխանությունները ձեռնարկեցին Հյուսիսային Արցախից հայ բնակչության արտագաղթը, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր և բռնագաղթ Սումգայիթում, Կիրովաբադ-Գյանջայում, Բաքվում, Ադրբեջանի մյուս բնակավայրերում, որտեղ հայեր էին ապրում, գրոհային ջոկատներով ու ՆԳ զորքերով օղակի մեջ առնել ԼՂԻՄ-ի տարածքը:
Արցախահայությունը ինքնապաշտպանությունը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես ժառանգել էր հնուց, 10-րդ անգամ հիմնեց իր պետականությունը՝ Արցախի Հանրապետությունը` հանրաքվեով հաստատելով իրավական պետություն հիմնելու իր իրավունքը: Հենց Բաքվի իշխանությունների պարտադրված պատերազմում Արցախի Հանրապետությունը լիակատար հաղթանակ տարավ, թշնամուց ազատագրելով ողջ Հարավային Արցախը:
Պարոն նախագահ, Ձեզ հայտնի է, որ հայկական հողերը նվաճելով, Թուրքիան նպատակ ունի Ադրբեջանով, Միջին Ասիայով ճանապարհ բացել դեպի իր նախահայրենիքը՝ Լեռնային Ալթայը, նվաճել Սիբիրը, Պովոլժյեն ու ողջ Կովկասը, վերականգնել Օսմանյան կայսրությունը: Չճանաչված Արցախի Հանրապետությունը այդ նպատակի իրագործման ճանապարհին առաջին խոչընդոտն է: 44-օրյա պատերազմը Արցախի դեմ, որի գլխավոր դերակատարներն էին Թուրքիան, Ադրբեջանն ու Ահաբեկիչները, հենց այդ նպատակին էր ուղղված:
Ի նկատի ունենալով այս ամենը, անհավատալի և անհասկանալի է Ձեր կողմից Արցախը ադրբեջանական հող ճանաչելու մասին հայտարարությունը:
Արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ
«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյան
05.01.2021