Ներկայացնում ենք եւս երկու արձագանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հրապարակած «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին:
Տեւական ժամանակ «Հայկական ժամանակի» խմբագրականները հեղինակած քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը մի բավականին տխմար հոդված էր գրել բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմի մասին։ Ընդ որում՝ տխմարը ոչ միայն բուն հոդվածն էր, այլև ընդհանրապես այդ թեմայով հոդված գրելու գաղափարը, որովհետև մարդը պիտի գրի միայն այնպիսի բաների մասին, ինչից հասկանում է։ Եվ եթե նա, վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, այնուամենայնիվ հոդված գրելու ժամանակ էր գտել, թեմաների պակաս պիտի որ չունենար։ Օրինակ՝ «Իջևանի խոզի համային նրբերանգները», «Թանի դինջացնող հատկությունները», «Քյալլայի մասնատումը դաշտային պայմաններում» և այլն։Այ դրանք իսկապես արժեքավոր աշխատություններ կլինեին։
Ինչ վերաբերում է բուն հոդվածին, ապա դրա համառոտ իմաստը հետևյալն էր՝ «ինձանից առաջ բոլորը մեղավոր են եղել, էս ամեն ինչը կանխորոշված էր, բայց ես մտածեցի՝ փորձեմ մի բան անել, բալքիմ ստացվի, էն էլ չստացվեց, դե հիմա ես ի՞նչ մեղավոր եմ, համ էլ՝ մի քանի հազար քառակուսի կիլոմետր էս կողմ-էն կողմ, մի քանի հազար ջահել կյանք էս կողմ-էն կողմ․․․»։ Իսկ հոդվածի առանձին դրույթներին անդրադառնալը բացարձակապես անիմաստ է։ Դա թերևս կարող է հետաքրքրել միայն հոգեբաններին, որովհետև նրանց համար երևի հետաքրքիր կլինի՝ հոդվածում այնուամենայնիվ բացահայտ սո՞ւտն է շատ, խեղաթյուրումնե՞րը, թե՞ մանիպուլյացիաները, և դրանք բացարձակ անտեղյակությա՞ն, ինտելեկտի ցածր մակարդակի՞, թե՞ ինքնասիրահարվածության ու թերարժեքության բարդույթի բարդ սիմբիոզի հետևանք են»:
ՀՅԴ անդամ, ԿԳՆ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումից. «Ընդհանուր տպավորությունն այն էր, որ գրողը անթաքույց ատելություն է ունեցել և ի սկզբանե չի հաշտվել Արցախյան հաղթանակի հետ։ Իր բնույթով լինելով ամեն ինչ հերքող, մինչև իրեն գոյություն ունեցած Հայաստանը իր ամբողջության մեջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախյան հաղթանակն ի սկզբանե անհեռանկար մի արկածախնդրություն էր, որի արդյունքը վաղ թե ուշ այսպիսին էր լինելու։ Չեմ ուզում խորանալ նրա անգրագետ ու մանիպուլյատիվ մտավարժանքներին, բայց չեմ կարող չարձանագրել մի քանի փաստ, որոնք անհերքելի են։
Կարդացեք նաև
1.Բանակցային գործընթացը, տարբեր առաջնահերթությունների շուրջ, շարունակվել է 24 տարի և այս ընթացքում միջնորդների, այն է՝ միջազգային հանրության կողմից դիտարկվել է որպես ղարաբաղյան հարցի լուծման միակ ընդունելի ճանապարհ։ Սա եղել է մեր երկրի ու նրա դիվանագիտության ամենամեծ հաղթանակը։
2.Արցախի հարցը երբեք չի քննարկվել որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ ԼԵռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը միշտ դրված է եղել բոլոր փաստաթղթերի, միջնորդների բոլոր հայտարարությունների հիմքում
3.Նախկին բոլոր իշխանությունների օրոք 5 շրջանները դիտարկվել են որպես ԼՂՀ անվտանգության ապահովման ու կարգավիճակի ճանաչման համար զիջելու ենթակա բանակցությունների առարկա։ 2 շրջանների հարցը դիտարկվել է առանձին, դրանց վերադարձի հարցը միշտ առանձնացել է մնացած 5-ից։ Սա երբեք գաղտնիք չի եղել որևէ մեկի, առավել ևս քաղաքական ուժերի համար։
4.Շուշիի, առավել ևս Հադրութի, Մարտունու, Մարտակերտի՝ ԼՂՀ մեջ մտնող բնակավայրերի հարցը չի եղել բանակցությունների սեղանին։
5.2016-ի ապրիլյան պատերազմը տևել է ընդամենը 4 օր, և դադարեցվել է Ադրբեջանի դիվանագիտական ջախջախիչ պարտությամբ։ Ալիևի վրա հսկայական ճնշում էր գործադրվում ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ, միջազգային վերահսկողության մեխանիզմ էր պարտադրվել զինադադարի ռեժիմի պահապանումն ապահովելու համար։
6.Դավաճանն, իշխանության գալով, զրոյացրեց 24 տարի տևած բանակցությունների բոլոր արդյունքները, չեզոքացրեց բոլոր ձեռքբերումները և միջնորդների ջանքերը։ Այս ԶՐՈ կետից հետո արձանագրված բոլոր հետևանքները այս տգետի պատասխանատվությունն են, իսկ պարտության ու կապիտուլյացիայի թիվ 1 մեղավորը ինքն է։ Իր «ԶՐՈ կետը» հռչակելով դավաճանն իր վրա է վերցրել Արցախյան հարցի հետագա ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը։
Եվ վերջինը. ո՞րն է հոդվածի նպատակը։ Ամբողջ այս «վերլուծության» մեջ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը ի սկզբանե որդեգրել է հակահայկական դիրքորոշում, ենթատեքստում առաջ է մղում այն մտայնությունը, որ ռուսներն են պատասխանատու այս աղետի համար։ Այնպես որ, մի անգամ էլ կրկնեմ իմ համոզումը՝ Նիկոլը հայկական Սահակաշվիլին է, որն իր տերերի կողմից իշխանության է բերվել այս ջախջախման գնով Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք՝ իմա դեպի Թուրքիա փոխելու նպատակով։ Նա օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ»: