Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է». Ռուբեն Մելքոնյանը զգուշացնում է՝ Նժդեհի ասած ներքին թուրքերն ակտիվացել են

Հունվար 05,2021 16:04

«Բացի արտաքին սպառնալիքներից, հիմա կան ներքին սպառնալիքներ, Նժդեհի ասած՝ ներքին թուրքերի ակտիվացումներ, որոնք համագործակցաբար արտաքին սպառնալիքի հետ՝ է՛լ ավելի բարդ իրավիճակ են ստեղծում մեզ համար: Դրանից մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու, կամ թուրքից ավելի թուրք երեւալու ձգտումներն են, որ առաջնորդվելով անիրական նպատակներով, կամ դավաճանական հղումներով՝ խոսում են մեր հայրենիքի տարբեր մասերի՝ ոչ հայկական պատկանելության մասին»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ թուրք-ադրբեջանական պատմագրության համար Հայաստան գոյություն չունի, հայերը եկվորներ են Երեւանն էլ հայկական չէ. «Հիմա կան բազմաթիվ մարդիկ, որ խոսում են, թե այս գյուղը հայկական չէ, պետք է հանձնել, մենք ուրիշի տարածք էինք մտել: Ցավոք, մենք հիմա բախվել ենք այդ ներքին թուրքի հետ»:

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ երբ անգրագետներն են նման պնդումներ անում, դեռ կարելի է հասկանալ, բայց երբ քիչ թե շատ կրթված մարդիկ են նման բան ասում, զարմանալի է: Նա հիշեց Մարկեսին. «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է: Հիմա այնքան ապազգային կերպարներ են բազմացել մեր երկրում, որ ամեն ոլորտում այդպիսի ապազգային, հայրենադավ կերպարներ են, որոնց համար ՀՀ տարածքները ադրբեջանական տարածքներ են, ազատագրողները՝ հանցագործ օկուպանտներ: Անգամ խոսում են Նժդեհի մասին, Դրոյի մասին, որ 100 տարի առաջ նրանք այդ տարածքներում իբրեւ թե էթնիկ զտումներ են արել, հեռացրել ադրբեջանցիներին: Սա ողբերգություն է: Մեր ազգը ապրում է հավաքական ողբերգության մի շրջան»:

Թուրքագետը խոսեց դեմարկացիայի, սահմանազատման մասին՝ ասելով, որ ժամանակին, երբ Սովետական միության ու Թուրքիայի սահմանազատումն էր, դա տեւեց 3-4 տարի, մասնակցում էին մասնագետներ, հանձնաժողով էր ստեղծված: Ու հիմա էլ եթե մասնագետներ լինեին, կասեին, որ սահմանը չի կարող անցնել Շուռնուխի միջով. «Երկու շաբաթ առաջ, երբ մարդիկ կրակում էին իրար վրա, չի կարող սահմանն այդքան մոտ լինել: Այդպիսի նրբերանգները պետք է հաշվի առնվեն: Այն, ինչ հիմա կատարվում է, որեւէ կապ չունի դեմարկացիա երեւույթի հետ: Դա կապիտուլյացիոն ինչ-որ ենթաշերտ է, որը բխում է նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրից»:

Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ հայերն ու ադրբեջանցիները համակեցության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն ու միշտ են ունեցել, անգամ՝ սահմանազատման հետ կապված: Նա հիշեց. «Հայաստանի ղեկավարներից Վլադիմիր Մովսիսյանին Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդրով այցերից մեկի ժամանակ 84-85 թթ-ին ադրբեջանցիները գերի են վերցրել, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի ղեկավարին, Սովետական միության պետության ղեկավարին գերի են վերցրել՝ ինչ-որ արոտավայրերի՝ Հայաստանին, թե Ադրբեջանին պատկանելու հետ կապված: Վլադիմիր Մովսիսյանի հուշագրությունների մեջ նույնիսկ այդ դրվագը պահպանվում է: Ու մարդիկ չգիտես ինչի հիման վրա խոսում են համակեցության մասին: Ո՞րն է հիմքը՝ իրենց երեւակայությունը, բարի կա՞մքը, թե՞ իրականությունը, որն այդպիսին չէ: Ինչ վերաբերում է առեւտրի ֆետիշացմանը, թե հեսա սահմանները կբացվեն, այո, բիզնեսը ազգություն չի ճանաչում, բայց կան իրողություններ՝ ինչի՞ հաշվին է լինելու կոմունիկացիան: Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություն հաստատելու համար ուներ 3 նախապայման: Մեկը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցն էր, մյուսը՝ Արցախի հարցը, մյուսը՝ Կարսի պայմանագրի, այսինքն՝ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելու հարցը: Հիմա նախապայմանների մեկը ըստ էության վերացավ, Արցախի հարցը: Թուրքիան հայտարարում է, որ դեմ չէ ՀՀ-ի հետ սահմանների բացմանը, հնարավոր են նաեւ դիվանագիտական հարաբերություններ: Այդ հայտարարությունները հնչում են թե՛ նախագահ Էրդողանի, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից: Բայց տրամաբանենք՝ եթե 3 նախապայմաններից մեկը կատարված է, արդյոք այս թույլ, խեղճացած, դիմադրողականության «զրո» մակարդակ ունեցող իշխանության համար դա լուրջ, սկզբունքային հարց է: Իհարկե, ոչ»: Նա չի բացառում, որ Թուրքիայի երկու նախապայմաններն էլ այս իշխանությունը կյանքի կոչի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031