Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտուն, վիրավոր թռչունի նման ենք». Արմինեի ուսանողները Շուշիում անցկացրած վերջին դասը չեն մոռանում (տեսանյութ)

Հունվար 05,2021 15:47

Շուշիից տեղահանված Արմինեն չի պատկերացնում, որ Շուշին այլեւս պատմություն է, անցյալ ու չի կարողանալու դասն ավարտելուց հետո բարձրանալ տուն՝ Շուշի: Արմինե Բաղդասարյանին հանդիպեցինք Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, եկել էր գույքի համար հերթագրվելու: Արմինեն 2001 թվականից երկու որդիների հետ ապրում է Շուշիում: Ասում է՝ 20-21 տարիների ընթացքում հասցրել է չորս սենյականոց բնակարան ունենալ, ավտոտնակ ու բարեկեցիկ ապրուստ: Հիմա իրեն անտուն ու վիրավոր թռչունի պես է զգում, որն ուզում է թռչել, բայց չի կարողանում:

Արմինե Բաղդասարյան

«Այսօրվա պատերազմը մեզ բերեց մի աննկարագրելի վիճակի: Ոնց որ վիրավոր ու անտուն թռչուն լինենք: Մինչեւ հիմա էլ չենք համոզվում, որ հիմնական ենք այստեղ մնալու, մենք հուսով ենք, որ նորից պիտի գնանք Շուշի: Չեմ հաշտվում, որ Շուշին այլեւս մերը չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արմինեն, որը տեղահանվելուց հետո բնակվում է Ստեփանակերտում: Արմինեն դասավանդում է Արցախի պետհամալսարանում, մանկավարժության պատմություն է դասավանդում: Վերջին անգամ ուսանողների հետ դասն անցկացրել է Շուշիում:

«Երբ երթը հասավ Շուշիի ռեալական ուսումնարանին, ուսանողների հետ դասն անցկացրինք այդ կրթօջախում եւ շատ հետաքրքիր ու անակնկալներով դաս դարձավ: Ստացվեց առարկայական, տեխնոլոգիական հագեցած դաս: Ուսանողները շատ տպավորված էին: Մինչև ասում են՝ կյանքում չենք մոռանա: Անհավատալի է, բայց դա դարձավ պատմություն, անցյալ»:

Արմինեի խոսքով՝ չի բողոքում, ինքը գոնե աշխատանք ունի, շատ տեղահանվածներ դա էլ չունեն, բայց տեղահանվածի կարգավիճակը, միեւնույն է, հուսահատեցնում է. «Հիմա մեր կարգավիճակն այնպիսին է, որ դու ինքդ քեզ խղճում ես: Իշխանություններն աշխատում են հնարավորության սահմաններում օգնել: Բնակվում ենք վարձով, պետությունը վճարում է, բնական է, պատերազմական գոտի է, դժվար է, այդքան վնասված շրջաններ ու տարահանված բնակիչներ: Գույքագրում են անում օգնություն են տալիս՝ մի մահճակալ, մի հեռուստացույց, մի սեղան, բայց դա ոչ մի կերպ մեր վերքը չի սփոփում, դեռ անկանոն վիճակ է, չգիտես՝ ինչ կլինի: Գուցե հետագայում հնարավորություն ստեղծեն, բնակարաններ կառուցեն, մարդիկ ուզենան այստեղ ապրել, բայց այս պահին Ստեփանակերտում ժամանակավոր կացարան է, պարզ է՝ երեսուն տարվա մարդկանց ստեղծածը հնարավոր չէ մեկ ամսում, մեկ տարում վերականգնել»:

Այս պատերազմից հետո Արմինե Բաղդասարյանը հայրական տունն էլ է կորցրել: Մարտակերտի Նոր Այգեստանը այն յոթ գյուղերի թվում էր, որը հանձնել են ադրբեջանցիներին:

Բայց Արմինեն հույսը չի կորցնում, ասում է՝ մեկ է վերադառնալու ենք Շուշի:

Արցախի Ջրային տնտեսության շենքում գործում է Հադրութից ու Շուշիից տեղահանվածների շտաբը, որտեղ այդ բնակավայրերի բնակիչները մոտենում են տարբեր խնդիրներ լուծելու համար:

Շրջեցինք Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, որտեղ նախատոնական օրերին հերթեր էին: Մարդիկ եկել էին մահճակալի, վերմակների, պահարանի եւ կենցաղային այլ իրերի համար հերթագրվելու: Ոմանք էլ՝ տան հույսով էին սպասում:

Նախարար Հայկ Խանումյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ կառավարության ծրագրերը, որոնք այս օրերին իրականացվում են հետպատերազմյան Արցախի համար, բավականին թանկացրել են անշարժ գույքը հատկապես՝ Ստեփանակերտում, ինչն էլ հարակից խնդիրներ է ստեղծել պետության համար: Հայկ Խանումյանն ասաց, որ պետական մակարդակով այս հարցի համար պետք է մի լուծում գտնեն. «Այն մարդիկ, որոնք մինչ այս վարձով էին ապրում Ստեփանակերտում, որոնք հիմնականում զինվորականներ էին, նույնպես, հայտնվում են բնակարանը կորցնելու վտանգի առջեւ, որովհետեւ վարձակալը փորձում է ուրիշի հետ պայմանագիր կնքել՝ ավելի շատ գումար ստանալու ակնկալիքով»:

Հայկ Խանումյան

Նրա խոսքով, վերադարձողներ կան, իսկ ավելի շատ կան ցանկացողներ վերադառնալու՝ եթե կացարանի հարցը լուծվի. «Իսկ կացարանի հարցն այս պահին ամենաբարդն է: Մի քանի ծրագրեր են գործում: Մարդիկ տեղավորվել են հյուրանոցներում, բայց այդ լիմիտն անսպառ չէ, սպառվել է: Մյուս տարբերակը՝ քաղաքացիներն իրենք գտնում են տներ եւ կառավարությունը փոխհատուցում է բնակվարձը: Հայաստանի կառավարությունն էլ որոշակի ծրագրեր է սկսել: Անձի հաշվով 45 հազար դրամ է տրամադրում՝ եթե Արցախում են բնակվում»:

Ըստ նախարար Խանումյանի, Արցախի քաղաքաշինության նախարարության հետ մեկտեղ բնակարանների նորոգման արագ գործընթաց են սկսել տարբեր տեղերում, որտեղ հնարավոր է ինչ-որ ձեւով տարածքը բնակելի դարձնել. «Խոսքը ժամանակավոր կացարանի մասին է, մինչեւ անցնենք նոր տների շինարարությանը: Այդ առումով էլ տարբեր ծրագրեր կան՝ սկսած կապիտալ շինարարությունը, մինչեւ հավաքովի տների տարբերակները: Կացարանների լուրջ կարիք կա, մեծ հերթեր կան, այդ թվում նաև մարդկանց գույքով փոխհատուցելու հարցում՝ մահճակալներ, վերմակներ, պահարաններ եւ այլն»:

Նրա խոսքով, այս խնդիրները լուծելուց հետո, պետք է շատ արագ անցնեն զարգացման ծրագրերին. «Այսօր լուրջ ենթակառուցվածքային խնդիրներ ունենք՝ ճանապարհների, էներգագծերի կառուցում, վերակառուցում, սակայն այս ժամանակավոր կացարանների հետ կապված հարցերը թույլ չեն տալիս նախարարությանն ուշքի գալ եւ անցնել զարգացման ծրագրերի»:

Ըստ նախարարի, ամեն օր անօթեւանների թվերը փոփոխվում է՝ հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ բազմաթիվ մարդիկ դեռ Երեւանում են: Բայց, նախնական գնահատականներով կա 8 հազար բնակարանի կարիք. «Խոսքը ժամանակավոր կացարանի մասին չէ, հիմնական տների մասին է: Շուշիի, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու որոշակի գյուղերից տեղահանվածներին պետք է ապահովենք բնակարանով»: Պարոն Խանումյանը նաեւ ասաց, որ բնակարանաշինությունը ամբողջ Արցախի տարածքում է լինելու եւ նույն գյուղերի բնակիչներին փորձելու են կոմպակտ տարածքներում բնակեցնել: Ըստ նրա ութ հազար տների կառուցումը ենթադրում է մեծ թվով աշխատատեղեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031