Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ Նոր տարի, ի՞նչ Ձյունանուշիկ, ամոթ է, արա՛… Թող առողջապահության նախարարը գա, իրա վզից կբռնեն, կտանեն այնտեղ, որտեղ, որ ինքն է նկարել, ցույց տվել». անհետ կորած զինվորի ծնող

Հունվար 05,2021 14:36

«Այսօր առողջապահության նախարարը պիտի գա՝ պատասխան տա: Այն երեխաները, որոնց նկարներով ցույց է տվել ծնողներին, ամեն ծնող իր երեխուն գտել է, տեսել է՝ վերակենդանացման բաժանմունքում պառկած, այսօր բերել են Հայաստան՝ այդ երեխեքը չկան:
Ոչ մի հիվանդանոցում չեն գտնում: Փնտրել են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասացին կառավարության դիմաց բողոքի ցույց անող անհետ կորած զինծառայողների ծնողները:

Նրանցից մեկը՝ Ռոման Գեւորգյանն ասաց, որ դեկտեմբերի 29-ին ԱԱԾ-ից ներկայացուցիչ է եկել՝ Փաշինյանի հորդորով, որ զբաղվի այդ հարցով. «Մի շաբաթ է՝ այդ երեխեքը չկան: Ասե՞ղ էր, ինչ էր: Մեր Գեղամի երեխեն է, Կարինեի երեխան ու այդպես լիքը մարդիկ: Բուժհաստատությունում ֆոտոն կա, առողջապահության նախարարն է նկարը ցույց տվել, ծնողը գտել է: Այս երեխան է, տեսեք, (ցույց է տալիս հրապարակված նկարը) Երեւանում է, բայց չկա: Վերջին անգամ Գորիսում են նկարել, Գորիսից նույնիսկ նկարողին էլ են գտել ու այդ երեխան չկա: Ջեբներիցս այսօր մի հատ հեռախոս գողանան՝ մի ժամ հետո կգտնեն, բայց երեխաների հարցով կոնկրետ չեն զբաղվում: Ամսի 29-ից Փաշինյանը հանձնարարել է, մինչեւ այսօր չեն գտել: Մեր համար ոչ աշխատանքային օր կապ չունի: Մենք սաղ ժողովրդով կհավաքվենք ու կգնանք այնտեղ, որտեղ իրենք կլինեն: Այսօր պիտի պատասխան տան՝ ո՞ւր են երեխաները: Թող առողջապահության նախարարը գա, իրա վզից կբռնեն, կտանեն այնտեղ, որտեղ որ ինքն է նկարել, ցույց տվել: Ինքը պիտի գա, մեր երեխեքին գտնի ու տա մեզ: Ես չգիտեմ այսօր առողջապահության նախարարն ինչով է զբաղվում, բայց հաստատ ոչ մի բանով չի զբաղվում: ԴՆԹ-ների հարցը մնաց, ոչ մի երեխու չեմ տեսել, որ ԴՆԹ-ով գտած՝ տված լինեն: Ումը գտել են, մյուս օրը իմացել են, որ տարել՝ թաղել են իրենց երեխաներին արդեն: Այսօր առողջապահության նախարարը չի աշխատում: Մենակ ասել են՝ ԴՆԹ սարքից երկու հատ էլ են առել, մինչեւ ամսի 15-ը պիտի բերեն»:

Ծնողները 44 գերիների հետ են խոսել, համոզված են, որ այսօր Բաքվի բերդում 800-ից ավելի գերիներ կան. «Արցախի նախագահը՝ Արայիկը, ասում են՝ մեր երեխեքի համար վիզ է դնում: Բայց կոնկրետ այսօր այստեղ չգիտեմ մարդիկ ինչով են զբաղված: Ի՞նչ Նոր տարի, ի՞նչ Ձյունանուշիկ, ամոթ է, արա՛, սաղ էլ պիտի գան, աշխատեն, այսօր 3 ամիսը լրացավ՝ իմ երեխան չկա: Վլադիմիր Պուտինն այսօր լավ գիտի մեր գերիներին, Բաքվի գերիներին, թող ասեն՝ իմանանք ցուցակը, մեր երեխեքին զոհվածների՞ մեջ ման գանք, թե՞ գերիների: Փաշինյանը պիտի Պուտինի հետ, Բաքվի հետ խոսա, 800-ից ավելի գերի կա: Պետական կառավարման աշխատողներն ասում են՝ աբսուրդ է: Հլը աբսուրդը չես տեսել, արա՛, հեկտարով դիակներ ունենք, Ջաբրայիլի տարածքը: Այսօր նույնիսկ տեղ կա՝ թուրքը չի թողնում մտնենք: Հադրութի տարածքը չեն կարողանում բացեն, որ ողջերին հանեն, ինչի՞ մասին է խոսքը: Արցախում մասնակցել եմ որոնողական աշխատանքներին, այնտեղ անում են նախագահը ու ԱԻՆ-ի պետը ինչ պետք է: Այստեղ կառավարությունը պիտի զբաղվի: Փաշինյանը հանձնարարություն է տվել, եթե Երեւանի մեջ երեխեքին չեն կարողանում գտնել, բա մնացածի՞ն որտեղից գտնեն: Մարդն իր երեխային ճանաչել է՝ խալերով, բանով, առողջապահության նախարարն ասել է՝ սա ձեր երեխան չի, նա իր ծնողին գտել է: Լավ, ծնողին գտել է, ասում ենք՝ տարեք այդ երեխային տեսնենք, թուշը պաչենք, գանք ձեզնից էլ ներողություն խնդրենք, ասենք՝ սխալվել ենք: Բայց սխալվելու բան չկա: Ո՞ւր է այդ երեխան, մի շաբաթ է՝ ասում են՝ գտնում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031