Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապիկի դերում մոսկվայաբնակ բժիշկներն էին

Հունվար 05,2021 11:00

Տարեմուտի օրը «Կապան–Բաղաբերդ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը՝ Կապանի եւ տարածաշրջանի գյուղերի 32 զոհված ու վիրավոր ազատամարտիկների, անհետ կորածների ընտանիքների երեխաներին բաշխեց բարերարների կողմից հատկացված գումարը։ Ակցիան պայմանական անվանել էին «Ձմեռ պապիկը՝ երեխաներին», նպատակ ունենալով, որ այդ գումարով ընտանիքի ավագ անդամները երեխաների համար ամանորի նվերներ գնեին։

Ձմեռ պապիկի անունից նախաձեռնողները բարերարներ,  մոսկվայաբնակ սրտաբաններ Պավել Քաղքցյանն ու Գարիկ Ալեքսանյանն էին։ Ի դեպ, վերջինս ծննդով Կապանի Խդրանց գյուղից է։ Մեկ երեխային հատկացվեց 30 հազար դրամ, իսկ եթե ընտանիքում երեք երեխա էին, առաջինին՝ 30 հազար, երկրորդին՝ 25 հազար, երրորդ երեխային՝ 20 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, 1 մլն 375 հազար դրամը բաշխվեց 50 երեխայի։

Մանկավարժներ, նախաձեռնող խմբի անդամներ Վարդուհի Օհանջանյանն եւ  Արեւիկ Հայրապետյանը գումարների բաշխման գործընթացին ներգրավել էին բարձր դասարաններում սովորող աշակերտներին։ «Քանի որ գումարները նախատեսված էին ընտանիքների անչափահաս երեխաների համար, փորձեցինք հենց երեխաների ընդգրկել»,–պատմում է Վարդուհին։ Հեշտ չէր գործընթացը, ամեն տուն մտնելիս՝ հեռանում էին ծանր մտքերով։ «Բայց հետաքրքիր է, որ նույնիսկ իրենց վշտի մեջ էլ՝  շնորհակալ էին բարերարներին, օրհնում էին բոլոր նրանց, ովքեր իրենց չեն մոռացել»,–ասաց Վարդուհին։ Բժիշկ բարերարների խոսքով էլ՝ իրենց ձեռնարկը շատ փոքր ու չնչին է այն մեծ գործի դիմաց, որ արեցին առաջնագիծ մեկնածները։

Վարդուհի Օհանջանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տաքսու վարորդների մեծ մասը իմանալով իրենց առաքելության մասին, տներ այցելելիս՝ շատ հաճախ ուղեվարձը չէին վերցնում։

Նշենք, որ  Կապանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ «Կապան–Բաղաբերդ» ՀԿ–ի նախաձեռնող խումբը նաեւ կազմակերպել էր ցուցահանդես–վաճառք, որտեղ  Կապանի թիվ 3,7, 5 դպրոցների աշակերտների կողմից պատրաստված հուշանվերների վաճառքից գոյացած հասույթը փոխանցվեց վերջին պատերազմում զոհված, վիրավորված կամ անհետ կորած կապանցի հերոսների ընտանիքներին։

Լուսանկարում՝ Վարդուհի Օհանջանյանը աշակերտների հետ:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031