Ինչպես հաղորդում են միջազգային լրատվականները՝ Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում, հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիան։
«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրահանգել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Նախնական միջոցառումներից հետո մեկնարկել է UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», – հավելել է Ռաբիան:
Թեհրանի դիրքորոշումը քննադատության է արժանացել։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Ստանոն նշել է, որ Ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը, հաստատման պարագայում, նշանակում է ատոմային պայմանագրից «էական հեռացում»:
Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանի որոշումը կարելի է բացատրել միայն որպես «ռազմական միջուկային ծրագրի զարգացման մտադրության իրագործում»։ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելն Իրանին երբեք թույլ չի տա իրագործել իր մտադրությունը։