Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Շուռնուխ գյուղում հանդիպել են տեղի բնակիչների հետ: Հանդիպման նպատակն իրականությանն առերեսվելը և անվտանգության կանոնների պահպանումն էր:
Հիշեցնենք, երեկ Շուռնուխ համայնքից մի հատված հանձնվեց Ադրբեջանին: Համայնքի այդ թվում նաև 12 տներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Փողոցներին պետք է ուշադիր լինենք: Աստված չանի, անասունը փողոց անցավ, գնաց այն կողմ, հետևից գնալ չկա: Այդպիսի դեպքերում մենք կդիմենք մեր սահմանապահներին: Այսօր այստեղ պատասխանատուն կապիտան Օհանյանն է, Արամն է, ինչ լինի՝ անում ենք սահմանապահների միջոցով: Թուրք գեներալն իր բերանով ասաց, որ հայ սահմանապահները գիտեն, թե ինչպես անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք: Այսինքն, մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող, ադրբեջանական տարածք: Մեր հրամանատարներն էլ կասեն, թե ինչը ոնց անեք, որպեսզի գյուղի անվտանգություն ապահովենք»,- բնակիչներին փոխանցեց Հակոբ Արշակյանը:
Բնակիչները հետաքրքրվեցին Գորիս-Կապան ավտոճանապարհի անվտանգությամբ: Ի պատասխան՝ ներկա զինվորականը նշեց, որ այն վերահսկվելու է հայկական զինված ուժերի և ռուսական խաղաղապահ ուժերի կողմից, վստահեցրեց, որ խնդիրներ չեն լինի:
Կարդացեք նաև
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ տեղեկացրեց, որ ամսի ութից արդեն կգործի նաև միջմարզային տրանսպորտը:
Առուշ Առուշանյանը նաև հավելեց, որ հունվարի ութից սկսելու են խելացի գոմերի ներդրման աշխատանքները: Բնակիչներին անվճար տրամադրելու են տարածք՝ 10-15 կաթնատու կովերով, որոնք արոտավայր դուրս չեն գալիս, սակայն եկամտաբեր են: «Մենք ամեն ինչի բեռը ձեզ վրա չենք թողնելու, ճիշտ է՝ կառավարություն չունենք, բայց մենք էլ հո չե՞նք մեռել»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Մի քաղաքացի առաջարկեց փշալարեր կապել, որպեսզի ամեն դեպքում կովերին հնարավորություն տրվի արոտավայրեր դուրս գալ, բայց ադրբեջանական տարածք չանցնել: Քաղաքացու համոզմամբ, ինչքան էլ գոմը խելացի լինի, միևնույն է՝ կերը թանկ է: Բնակիչն ավելացրեց, որ թուրքից չի վախենում, հարցը փախնելը չէ, հարցն անասնապահությամբ ապրուստի միջոց ստեղծելն է:
Հակոբ Արշակյանն ամփոփեց. «Անհանգստանալու բան չկա, մենք կճարենք ամեն փաստաթուղթ ու կբերենք՝ կապացուցենք, որ սա մեր հողն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ