«Ինքը հերթով տալու է: Չկա պաշտպանության նախարար, ոչ էլ ԳՇ պետ կա»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով անընդհատ Ադրբեջանին հանձնվող հայկական տարածքների հարցին:
Այսօր Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնման մասին լուր է ստացվել: Հիշում է՝ Ալեքսան Հակոբյանի հետ ինքը մասնակցել է Քյարքիի՝ Տիգրանաշենի ազատագրմանը. այն ժամանակ արդեն Բաքվի ջարդերը եղել էին, իրենք մտել՝ առաջարկել են, որ գյուղն ազատեն: Հիմա, եթե ադրբեջանցիները հետ են վերցնում այն բնակավայրերը, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում, Հրանտ Բագրատյանը չի հասկանում, թե ինչո՞ւ հայկական կողմը պահանջ չի դնում, որ Բաքվում հայերի համար թաղամաս առանձնացնեն, Արծվաշենը վերադարձնեն եւ այլն: «Քյարքիի դիմաց պահանջեք Բաքվի կենտրոնը, Արմենիքենդը պահանջեք՝ իր եկեղեցիով-բանով: Չեն տալու, ադրբեջանցիները ոչ մի բան էլ չեն տալու: Ուրեմն, մենք էլ չպիտի տանք»,- ասում է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը պետք է դատի առաջ կանգնեն: Նաեւ Սերժ Սարգսյանը, իր կարծիքով, պետք է դատարանի առաջ պատասխան տա՝ թե ինչպե՞ս Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, որը չէր բավարարում ՀՀ քաղաքացիության պահանջը:
Այն ունեցվածքը, ինչը մենք կորցրել են արցախյան այս պատերազմում, Հրանտ Բագրատյանի հաշվարկներով՝ 8 միլիարդ դոլար է կազմում: Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակը նա բնութագրում է՝ «խայտառակ» եւ հավելում, որ Հայաստանը երբեք այսպիսի իրավիճակում չի եղել. «Մեկ էլ էսպես վատ է եղել 1045 թվականին, երբ կաթողիկոսն ասաց՝ պետությունն ի՞նչ ենք անում»:
Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, հիմա լավ կլինի, որ Հայաստանը ՌԴ-ի հետ մերձենա, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մերձենալ չի կարող, կլինենք Թուրքիայի եւ Ադրբեջանի վասալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ