Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես մարտական ընկերները լուծեցին նահատակված 22-ամյա Նորիկի վրեժը

Հունվար 04,2021 16:26

Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, քսաներկուամյա Նորիկ Արմենի Գասպարյանը:

Նա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

Ավարտելով մանկավարժականի Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժինը՝ զորակոչվել էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Մորաքրոջ աղջիկը՝ Թամարան, պատմում է, որ Նորիկը միայն դրական հատկանիշներով էր օժտված․ բարի էր, նվիրված, չափազանց աշխատասեր, աշխատանքի շնորհիվ կարծես հանգստանում էր, մեծ սիրտ ուներ, պատրաստ էր օգնել ամենքին։

Դեռ դպրոցական  տարիներից Նորիկն աչքի էր ընկնում ռազմական մրցույթներին ակտիվ մասնակցությամբ, նրան ճանաչողները գիտեին՝ շատ էր սիրում կրակել, ռազմական ոլորտում հմուտ էր:

Սիրում էր իր գյուղը, ամենասիրելի զբաղմունքներից էին հողագործությունը, դաշտային աշխատանքները: Տան փոքրն էր, ունի ավագ եղբայր:

«Նորոս ամեն ինչ ուներ՝ սիրող հայր, մայր, եղբայր, ընկերներ, ինքն ուրիշ էր, ամենալավն էր: Ես երևի երբեք չհամակերպվեմ, որ Նորոս այլևս չկա, ինձ ամեն վայրկյան թվում է՝ հիմա դուռը կբացվի, ներս կմտնի ու կասի, որ սուտ էր ամեն ինչ: Թեկուզ հաշմանդամ, բայց թող մեր կողքին լիներ: Ես շատ հպարտ եմ՝ եղբայրս հերոս է, բայց մեզ հերոս պետք չէր, ինքն էր պետք»,-սգում է Թամարան: Նա ասաց, որ  հերոսը ընտրած աղջիկ չուներ, չէր ուզում շուտ ամուսնանալ:

Նորիկը բանակում վարորդ է եղել, բայց պատերազմի օրերին Ջաբրաիլում ցանկացել է հրետանավոր լինել:

Քրոջ՝ Թամարայի, հետ Նորիկը վերջին անգամ խոսել էր պատերազմից առաջ։

«Շատ էր անհանգստացել ինձ ու փոքրիկիս համար, այդ օրերին հիվանդանոցում էինք համավարակի պատճառով: Պատերազմի օրերին միշտ մորաքրոջիցս էի հարցնում՝ Նորիկը զանգե՞լ է, թե՞ ոչ, միշտ չէ, որ հնարավորություն էր ունենում զանգելու»,-ասաց Թամարան։

Հերոսը վերջին անգամ խոսել է ընկերներից մեկի հետ՝ասելով. «Ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք»: Սրանք Նորիկի վերջին խոսքերն են եղել: Նա զոհվել է մարտի դաշտում ԱԹՍ-ի հարվածից:

Ընկերը՝ Խորենը, որը այդ օրերին նույնպես առաջնագծում էր, պատմում է, որ հոկտեմբերի 13-ին Ջաբրաիլում է ստացել ընկերոջ մահվան գույժը, քիչ հեռավորություն է բաժանել նրանց, ցավոք, ոչինչ փոխել հնարավոր չէր:

«Չկան բառեր, որով կարող եմ նկարագրել մեր ընկերությունը: Շատ հայրենասեր էր ու այդ մասին բոլորը գիտեին, բայց, որ այսքա՜ն հայրենասեր, չէինք պատկերացնում», -ասում է Խորենը:

Մարտի դաշտում ընկերները հրետանու արկի վրա մակագրել էին՝ «Նորոիս կողմից» և թշնամուն հասցրել մարդկային մեծ կորուստներ:

Սառնաղբյուրի բնակիչները հերոս հրետանավորին անմահացրել են գյուղի Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի պատին՝ տեսանելի վայրում, նկարը պատկերելով ու գրելով․ «Ապրեք այնպես, որ նայողը ցանկանա, ունեցողը հպարտանա, իսկ կորցնողը՝ ափսոսա… ՄԵՐ ՆՈՐՈ»:

Լուսանկարները՝ Նորիկ Գասպարյանի ֆեսբուքյան էջից                                                                                                    

Նելի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031