Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն Հիսուս Քրիստոսի տեղը դնել. Թաթուլ Պետրոսյանը՝ կապիտուլյացիայի ակտի մասին

Հունվար 04,2021 15:20

«Սա բավականին լավ պլանավորված գործողություն էր, որը դեռ չգիտենք, թե որտեղից էր կարգավորվում, բայց ինքը կատարեց բոլոր նպատակները, որոնք իր առջև դրել էին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիայի ակտին, ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը՝ հիշեցնելով մինչ այդ ակտի ստորագրումը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության «ձեռքբերումները». «Երկուսուկես տարի առաջ իշխանափոխության սկզբունքով իշխանության գալով՝ նա սկսեց ժողովրդին բաժանել սևերի և սպիտակների, ամբողջությամբ ձախողեց դիվանագիտական կապերը՝ ներառյալ մեր արտաքին բարեկամների հետ, որից հետո սկսեց կազմաքանդել պետական կառույցները»:

Ոստիկանության գնդապետը, ի տարբերություն շատերի, չի կարծում, թե կատարվածը Նիկոլ Փաշինյանի հոգեպես անհավասարակշիռ լինելու արդյունք է. «Ի՞նչ արեց նա. վերացրեց գործնականում բանակի նկատմամբ ժողովրդի սերն ու հարգանքը, արժեզրկեց  մեր հերոսներին, հայկական մշակույթը, եկեղեցին, կրթությունը և արժեհամակարգ փոխեց, արժեքները սկսեցին նոր ընկալումներ ունենալ: Ցավը նրանում է, որ նա, տեսնելով կրթական քաղաքականության և ծրագրերի դեմ ժողովրդի ընդվզումը, միևնույն է՝ շարունակում է իրագործել դրանք: Այդ առումով, էական նշանակություն ունի կապիտուլյացիայի հասնելու նրա ամբողջ գործողությունը՝ մեր հերոսներին վերացնելու, հերոսների կատարած աշխատանքն առոչինչ համարելը և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը: Ամբողջությամբ գլխատեց բանակը՝ գեներալներից, փորձառու հրամանատարներից, որպեսզի կարողանա հասնել կապիտուլյացիայի պայմանագրի: Եվ հասավ: Ամբողջությամբ կորցրեցինք Արցախը, հիմա էլ կորցնում ենք հայկական սահմանները»:

Հիմա, որպեսզի կարողանա ՀՀ տարածքները «սկուտեղի վրա մատուցել թշնամուն», ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է սկսել համայնքապետերի նկատմամբ՝ այնպիսի հիմար հոդվածներով, որոնցով նույնիսկ ձերբակալում չի նախատեսվում եւ մարդիկ մի քանի օր Երեւանում էին, զենքը ձեռքներին իրենց սահմանները պաշտպանելու փոխարեն:

Խոսքը Գորիսի եւ Քաջարանի քաղաքապետերի մասին է:

Այս ամենը Թաթուլ Պետրոսյանը համարում է նպատակադրված գործողություններ, որոնք իրականացնում է «այդ անհայրենիք անձը»՝ ասելով, որ փոխհատուցում կտան: Բայց ինքը չի պատկերացնում՝ փոխհատուցում ինչի՞ դիմաց: Իր համոզմամբ, հաջորդը Գեղարքունիքի մարզն է լինելու, ապա՝ Տավուշի մարզը. «Արդեն իսկ սկսել են գործողությունները: Ես հեռու եմ այն մտքից, որ նա ստորագրել է այդ ինը կետանոց թուղթը: Տողատակում այլ պայմանագրեր կան: Ասում են՝ բանավոր, բայց ես չեմ կարծում, վստահ եմ, որ բանավոր են, կան նաեւ գրավոր հավելվածներ: Ադրբեջանական կողմը բանավոր պայմանավորվածության չէր համաձայնի: Ես համոզված եմ, որ արդյունքում լինելու է նաեւ միջազգային պայմանագիր՝ երկու պետությունների սահմանազատման եւ ամրագրման, սրանք իր ձեւակերպումներն են: Աբսուրդն այն է, որ այս ամենում մեր պետությունը չկա, գյուղապետն է կանգնում թուրքի պետության հետ բանակցության»:

Ի դեպ, նկատի ունենալով այն, որ պաշտոնական մակարդակում հայտարարվում է, թե մենք 26 տարի զավթել էինք ադրբեջանական տարածքները, սա նշանակում է, որ վաղը Ադրբեջանը նաեւ հսկայական ֆինանսական փոխհատուցումներ էլ է պահանջելու Հայաստանից:

Թաթուլ Պետրոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատարանի առջեւ պատասխան տա իր արածների համար: Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը մեղավոր է կատարվածի համար, բայց միակ պատասխանատուն չէ, բանախոսը նկատում է, որ մարդկության պատմության մեջ նման մեկ անձ է եղել՝ Հիսուս Քրիստոսը, եւ հավելում, որ սա «հոգեկանը խաթարվածի մոտեցում է», բայց սա անձի պաշտամունք է, որը չի փրկում տվյալ անձին քրեական պատասխանատվությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031