Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կյանքիս գլխավոր գործն եմ համարել հայոց տարածքների ազատագրումը»․ Սյունիքի մարզպետը ցավ է ապրում եւ նշում, որ Շուռնուխի ու այլ հարցերը հայանպաստ լուծում են ստանալու մի օր

Հունվար 04,2021 13:56

«Սյունյաց երկիր» պարբերաթերթի հարցերին պատասխանելով՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ Շուռնուխում տարհանման աշխատանքները գրեթե ավարտվել են, դուրս բերված ընտանիքները տեղավորվել են գյուղի մեր տարածքում: Երկու ընտանիքի տեղավորման խնդիր կար. նրանց համար երկու փայտյա տնակ է ձեռք բերվել՝ ամեն մեկը 3 սենյակից ու տեղադրվել է։

Երեկ՝ հունվարի 3-ին մարզպետը Շուռնուխում գյուղում էր։ Տարհանվել է 11 ընտանիք։ «Գյուղի 45 ընտանիքից մեկը տեղափոխվել է Կապան, մեկն էլ Գորիս: Պայմաններ ենք ստեղծում, որ նրանք վերադառնան. համոզված եմ՝ անպայման կվերադառնան»,–նշել է մարզպետը:

Մարզպետի խոսքով, Շուռնուխ գյուղով է անցնում Մ-2 ավտոմայրուղին, որից արեւելք կամ որից ներքեւ ընկած հատվածը՝ ձախ մասի առաջին տնից մինչեւ նախավերջին տունը՝ ճանապարհին կից, անցնում է Ադրբեջանի հսկողության ներքո:

«Գյուղի բնակիչներն ամուր են կանգնած իրենց հողի վրա, եւ ոչ ոք գյուղը լքելու մտադրություն չունի: Տեսնելով նրանց վճռականությունը, կարող եմ հայտարարել՝ Շուռնուխն ապրելու եւ զարգանալու է։ 11 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման մի քանի տարբերակ ունենք, որոնցից մեկը, ասենք, գյուղի հասարակական նշանակության (բայց եւ չօգտագործվող) շենքերի վերակառուցումն ու բնակելի դարձնելն է: Սակայն դա բնակիչների որոշելիքն է, մենք կգնանք խնդրի լուծման այն ճանապարհով, որը նախընտրելի կլինի բնակիչների համար: Մոտ ժամանակներս այդ հարցը վերջնական պատասխան կունենա»,–ասել է գնդապետ մարզպետը՝ ավելացնելով, որ սկսվել է տարհանված ընտանիքների գույքի հաշվառումն ու փաստագրումը, ինչի հիման վրա էլ կկատարվի փոխհատուցում:

Մելիքսեթ Պողոսյանը հավաստիացրել է, որ Շուռնուխը չի կորցրել ո՛չ արոտավայր, ո՛ր խոտհարք, ո՛չ վարելահող: «Շուռնուխի արոտավայրերն ու խոտհարքները գտնվում են Կատարիի մերձակայքում, երբեմնի Աղբուլաղ եւ Կուրթկալաղ գյուղերի հարակից տարածքներում: Կա միայն տնամերձերի խնդիր, որը լուծելի է: Խնդիրներ չունենք 21 աշակերտ ունեցող դպրոցում, գյուղի մյուս ենթակառուցվածքներում»,–ասել է մարզպետը:

«Ճանապարհից մոտ 100 մ ներքեւ՝ վրանների մեջ, ադրբեջանական հենակետն է՝ իրենց սահմանապահ ուժերի զինվորներով: Ճանապարհի վերին մասում Հայաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումն է: Ներկայումս անվտանգության այսպիսի համակարգ է ներդրված, որն ավելի է ուժեղացվում»,–ասել է Սյունիքի մարզպետը։ Վերջինիս խոսքով, սակայն Շուռնուխի հարցը այսպես չի համարվում լուծված։

«Քանի դեռ գլխավոր խնդիրը՝ սահմանագծման-սահմանաորոշման հարցը չի լուծվել հիմնովին ու ճշգրտորեն, Շուռնուխի հարցը մնալու է բաց…Եվ ոչ միայն Շուռնուխի, այլ Կապան-Գորիս մայրուղու, ինչպես եւ Սյունիք-Ադրբեջան սահմանագծի վիճելի հարցերն են մնալու բաց։ Հիմա դրանք կարգավորվում են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, որոնք շատ դեպքերում համոզիչ չեն, կասկածելի են: Համեմատեք 1920-ականների եւ 1980-ականների խորհրդային քարտեզները եւ ինքներդ կհամոզվեք, թե որքան մեծ է տարբերությունը: Իհարկե, սահմանագծման եւ սահմանաորոշման հարցերը ՀՀ սահմանապահ զորքերի, ԱԱԾ համապատասխան կառույցների գործառույթների տիրույթում են, բայց մենք էլ (մեր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում) փորձում ենք մեզ մատուցված քարտեզների հիմքերը գտնել՝ համագործակցելով մասնագետների հետ: Հավատացեք, ինձ համար չափազանց ցավոտ է ստեղծված իրավիճակը, կյանքիս գլխավոր գործն եմ համարել հայոց տարածքների ազատագրումը եւ ինձանից կախված ամեն ինչ արել եմ՝ քանիցս արհամարհելով մահը: Հիմա էլ՝ շաբաթական չորս-հինգ անգամ անցնում եմ Գորիս-Կապան մայրուղով. եւ ամեն անգամ ցավիս ցավ է ավելանում։ Ինձ ապրեցնում եւ ուժ է տալիս հավատը, որ մի օր անպայման այդ հարցերը հայանպաստ լուծում են ստանալու»,–եզրափակել է մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անհասկանալի է…Հիմնախնդիր ենք ստեղծում, որպեսզի հետագայում ու մեծ զոհերով լուծենք… Թե Շուրնուխի տալը պետք է նպաստի Սյունուքում դեռևս լուծման սպասվող ամենացավոտ հիմնախնդրի լուծմանը ի օգուտ թշնամուն..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031