Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով». Վարուժան Գեղամյան

Հունվար 04,2021 12:21

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանցում մտահոգ քաղաքացիները շարունակում են տարածել ՀՍԽՀ քարտեզներ, որոնցում երևում է, որ Շուռնուխ գյուղը նախկին խորհրդային Հայաստանի մի մաս է եղել։ Ինձ էլ են նամակներով հարցնում, թե որքան է տեղի ունեցող սահմանազատման գործընթացը ճիշտ։ Որպեսզի առանձին-առանձին չգրեմ, թույլ տվեք կետ առ կետ պարզաբանեմ այստեղ։

– Չկա խորհրդային որևէ քարտեզ, որում հստակ նկարագրված լինեն նախկին խորհրդային 2 հանրապետությունների սահմանները մետր առ մետր (իսկ վերջին 2 ամիսը երբեմն հենց բառացի մետրերի (շատ կարևոր մետրերի) հարցեր են լուծվում)։

– Խորհրդային տարիներին ստեղծված գրեթե բոլոր քարտեզները, որոնք տպվում էին հիմնականում Մոսկվայում կամ Թիֆլիսում, միահամուռ կերպով արձանագրում են, որ Շուռնուխ գյուղը Խորհրդային Հայաստանի տարածքում է։

– Ադրբեջանը այս պահին էլ չի վիճարկում բուն Շուռնուխ գյուղի՝ Հայաստանի կազմում լինելը։ Բաքուն պնդում է, որ գյուղի մի մասը Ադրբեջանի տարածքում է։

Ուրեմն խնդիրն այլ տեղ է։

-Ըստ էության նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ՀՀ վարչապետը բանավոր կերպով պայմանավորվել է, որ համաձայնելու է Ադրբեջանի ներկայացրած սահմանազատման պայմաններին։

Սա է պատճառը, որ Շուռնուխի (և այլ նմանատիպ) թեմայով բացարձակ լուռ են ՀՀ «դուխով» իշխանությունները։ Իսկ Ադրբեջանը վստահաբար 1991թ.-ից հետո ունի հրատարակած հարյուրավոր քարտեզներ (դրանք նաև ներկայացված են միջազգային կազմակերպություններում), որոնցում Սյունիքի մարզի մի շարք հատվածներ Ադրբեջանի շրջանների մեջ են մտցված։ Ամենայն հավանականությամբ հենց այս քարտեզներն են հիմք ծառայում սահմանազատման համար։ Ցավոք, դատելով ստեղծված իրավիճակից, դրանց համաձայնել է ՀՀ վարչապետը։

– Գրեթե ցանկացած հմուտ դիվանագետ (որպիսիք կան մեր երկրում և սփյուռքում) նոյեմբերի 9-ից հետո ունակ կլիներ բանակցել և Շուռնուխի և նմանատիպ բնակելի տարածքների հարցը լուծեր ի օգուտ սյունեցիների։

Միակ ուժը, որ դա չի կարող անել, պատերազմում պարտված ուժն է։ Սա պարզ օրինաչափություն է, կարելի է ասել ֆիզիկայի օրենք։ Բայց ցավոք, ՀՀ ներկա իշխանությունների համար մի գյուղ էս կողմ, մի գյուղ էն կողմ պարզապես «ցավոտ իրավիճակ» է, ուստի իրենք չեն զգում հրաժարական տալու անհրաժեշտություն և, փաստացի, հանձնում են Սյունիքի որոշ հատվածներ ևս։

-Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սահմանազատման նոր պահանջներ Ադրբեջանը ներկայացնելու է նաև Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի մասով։ Ու դա կանգնեցնելու միակ ձևը պարտված առաջնորդի հեռանալն է։

Հետևաբար որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով։ Մնում է հուսալ, որ դրանք այն քարտեզները չեն, որտեղ Սևանը, Սյունիքն ու Վայոց Ձորը ամբողջապես Ադրբեջանի Հանրապետության մասերն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031