«4×4 OFF ROAD ARMENIA» ավտոսիրողների ընկերությունը յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ–կիրակի օրերին ավտոերթ է կազմակերպում Հայաստանի մարզերով։
Հայաստանում ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ վերջին ամիսներին ավտոսիրողները հնարավորություն չունեցան իրենց ծրագիրն իրականացնելու։ Դա հնարավոր դարձավ միայն դեկտեմբերին։
Ուղղությունը դեպի Տավուշ էր ու նվիրված էր 2020թ․-ի սեպտեմբերյան պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։
Կարդացեք նաև
Կապանից խմբում ընդգրկված են Արթուր Թեւանյանը, Սմիթ Հակոբյանը, Արթուր Մաթեւոսյանը։ Վերջինս նորեկ է՝ անցած տարի է ընդգրկվել, իսկ Արթուր Թեւանյանը խմբի անդամ է 2010 թվականից, Սմիթը՝ 2012 թվականից։ «Եղանք 13-րդ դարում կառուցված Մաթոսավանքում՝ մոմավառություն, խնկարկում առ Աստված, մեր հերոսների հոգիների համար»,–ասաց Արթուր Մաթեւոսյանը։
Դեկտեմբերի վերջին ավտոսիրողները Երեւանում՝ Վարդաշենում էին չափում ուժերը։ Կապանի թիմը՝ Արթուր Թեւանյանն ու Սմիթ Հակոբյանը, ձմեռային մրցարշավում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը։
Սմիթ Հակոբյանի խոսքով, չնայած ավտոսիրողները Կապանում մրցարշավ էին կազմակերպել, բայց նրա կարծիքով՝ անհրաժեշտ է եւս մեկ ավտոերթ կազմակերպել դեպի Սյունիք։ «Անցած անգամ Կապանի օդանավակայանի տարածքում անցկացրինք, հիմա այդ հատվածը վիճելի է համարվում եւ եթե չեմ սխալվում, անցնելու է հակառակորդին»,–ասաց Սմիթը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ