Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այսօր հունվարի 3-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Ըստ գործակալության՝ Ալեքսեյ Օվերչուկը, որը նաև ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, Ադրբեջանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները:
Հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում: Ալեքսեյ Օվերչուկն ու Իլհամ Ալիեւը քննարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2021թ. համագործության ուղղությունները տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսական ճյուղերում և վստահություն են հայտնել բոլոր ուղղություններով հետագա կապերի ընդլայնման վերաբերյալ:
Նկատենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ընդունել ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Սակայն, ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության ՝ Ռուսաստանի փոխվարչապետը նրան փոխանցել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի «ջերմ ողջույնները»: