Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը առևանգել ու սպանել են». Շահանե Մեժլումյանը չի հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը

Հունվար 03,2021 16:35

«Մեծացել եմ Գորիսում, դպրոց եմ հաճախել Գորիսում, ավարտել եմ այստեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը, հետո արդեն Պետհամալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել, ամուսնացել եմ եւ Երեւանում եմ ապրում, բայց ամեն Նոր տարին իմ բալիկների հետ գալիս եմ իմ ծննդավայր՝ Գորիս հարազատներիս հետ անցկացնելու, այս տարի էլ եմ եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավարուհի-լրագրող Շահանե Մեժլումյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը առեւանգել ու սպանել են … Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են… Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապնդել են… մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել, թե ինչպես է թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ… ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել… Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է… Երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը, որ նախկինում երբեք չենք կողպել ու… ամբողջ գիշեր աչք չեմ կպցնում… Թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զինված կներխուժի մեր տան պատուհանից… իսկ մենք տանը զենք չունենք… Ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին ու անզորությունից շուրթերս եմ կրծոտում… Հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում, Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու… կուչ գալիս, փոքրանում… Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը, իսկ Գորիսի համար 1992-ը…»:

Մեզ հետ զրույցում Շահանե Մեժլումյանն ասաց, որ չի հավատում, որ ադրբեջանցիների հետ կարող է խաղաղ համակեցություն լինել. «Ես կարծում եմ, որ նրանք, ժամանակի ընթացքում, հաստատ հարձակումների են դիմելու: Այս պահին, քանի որ մեր սահմանապահները չկան, միայն ռուս խաղաղապահներն են հսկում այդ հատվածը, եւ նրանք թվով կարծես թե քիչ են, իսկ թուրքերն էլ օր օրի ավելանում են, կարծում եմ, որ նրանք, որոշակի ոտնձգություններ ժամանակի ընթացքում անելու են, մանավանդ՝ ինչպես նկատում ենք հարեւան երկրի ախորժակը մեծ է, եւ նա անընդհատ հոխորտանքներ է հնչեցնում ու ասում է, որ աչքը Սյունիքի վրա է, եւ ես կարծում եմ, որ հաջորդ պատերազմը սարերի հետեւում չէ: Իսկ հարձակման գործողություններ անպայման կլինեն: Ես, իհարկե, Աստծուն աղոթում եմ, որ այդպիսի բաներ չլինեն, բայց մեծ մտավախություն ունեմ, քանի որ մեր հարազատների հետ նման բան պատահել է»:

Նրա խոսքով, Գորիս-Կապան ճանապարհին չի թույլատրվում ընդհանրապես կանգնել, ասում են՝ արագ անցեք. «Այդ մարդն ընդամենը մեկ րոպեով է կանգնել ու նրա հետեւից են ընկել մեքենայով՝ մինչեւ եկել-հասել է՝ ռուսների պոստ: Նրա հարազատ, սիրելի վայրերն են, այդտեղ ամեն ամառ քեֆեր են անում ընկերների հետ, այդ աղբյուրը իրենք էլ են սարքել, հիմա դա մնացել է թուրքերին»:

«Ամեն ամառ, ինչքան եկել ենք Գորիս, մեզ հարազատ սարերում, ձորերում միջոցառումներ ենք արել, հանգստացել ենք, հիմա այդ վախն արդեն մեծ է լինելու եւ ոչ ոք ռիսկ չի անի այդ կողմերը գնալ»,-ասաց Շահանե Մեժլումյանը:

Շահանեի խոսքով, Ամանորը Գորիսում շատ տխուր է անցել, հունվարի 1-ին մարդկանց հոսքը գերեզմաններ չեն դադարել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031