Այս եղանակով՝ սխտոր+ մաղադանոս, ֆրանսիացիները հիմնականում պատրաստում են ծովամթերքները եւ գորտի տոտիկները, սակայն հավի կրծքամիսն էլ անչափ համեղ է ստացվում: Եվ ամենակարեւորը, որ նախապես հավը համեմելու, մարինացնելու կարիք չկա, ամեն ինչ արագ եւ հեշտ է ստացվում:
Անհրաժեշտ մթերքները
Հավի կրծքամիս- 2 կտոր՝ եթե ոսկորով է, ամբողջական է, կամ 4 կտոր ֆիլե
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Կարագ-1 ճաշի գդալ
Ալյուր-2-3 ճաշի գդալ
Սխտոր-3 պճեղ
Մաղադանոս- մի քանի ճյուղ
Կիտրոն-1 հատ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ ճաշակի
Հավի կրծքամիսը լավ լվանալ, ապա լավ չորացնել: Եթե ոսկորով եւ կաշիով է, դրանք հեռացրեք: Ֆիլեն կտրատեք խորանարդիկներով: Աղ եւ պղպեղ արեք: Ապա ավելացրեք ալյուրը, խառնեք: Ալյուրը չպետք է շատ լինի, բայց պետք է բավարար քանակով լինի, որ բոլոր կտորները ալրոտվեն:
Ձիթայուղն ու կարագը լցրեք թավայի մեջ եւ թավան դրեք կրակին: Հենց տաքանա, հավի կտորները լցրեք մեջը:
Մինչ հավը տապակվում է, մանր կտրատեք սխտորն ու մաղադանոսը: Կրծքամիսը բոլոր կողմերից լավ տապակվելուց հետո, ավելացրեք սխտորը, խառնեք, 1-2 րոպեից էլ ավելացրեք մաղադանոսը եւ կրակն անջատեք: Այս ամենը կտեւի ընդամենը 10 րոպե:
Մատուցեք կտրատած կիտրոնի կտորների հետ, վրան կիտրոնի հյուղ ցողած:
Մանրամասները՝ տեսանյութում.
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ