Աշխարհում չի եղել, չկա, չի լինելու իդեալական, կոռուպցիայից բացարձակապես զերծ՝ մաքրամաքուր իշխանություն։
Արժանապատվություն ունեցող, քաղաքակիրթ ազգերի համար կարևորը պետությունն է, ոչ թե օրվա կամ նախկին իշխանությունը։
Նրանք, այո՛, մերժում են կոռուպցիան և ամենակասկածելի կոռուպցիոն սկանդալի դեպքում անվստահություն են հայտնում իշխանություններին։
Մենք հայերս, կարծես լինելով «սկզբունքային, արմատականորեն կոռուպցիան մերժող հանրություն», իրականում ձևեր ենք թափում, չնկատելով հայրենիքի, պետության կորուստը, ապուշ-ապուշ շարունակում ենք հայհոյել նախկիններին «թալանի» համար։
Կարդացեք նաև
Այդ նույն հայհոյողները, ոչ միայն չեն ուզում տեսնել ներկաների՝ նախկինների համեմատ բազմապատիկ կոռուպցիոն ախորժակը, այլև իբր «պայքարելով» կոռուպցիայի դեմ, իրականում նախանձից պայթում են, որ իրենք անձամբ չեն եղել իշխանություն և չեն թալանել երկիրը։
Հենց այդ իսկ՝ նախանձի, չարության և պարզունակ քարոզչության պատճառով էլ ատում են «նախկիններին», քանի որ սկզբունքային լինելու դեպքում, վաղուց արդեն մերժած կլինեին ներկաներին։
Մի քանի հարց հայաստանյան «սկզբունքային» հանրային գործիչներին և նրանց քարոզչության զոհ «ժողովրդին»․
- Արդյո՞ք բոլոր նախկինները սրիկաներ և կոռուպցիոներներ են։
- Ի՞նչ և ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք նախկիններ։ Նախկիններ և «թալանչինե՞ր» են, թե՞ ոչ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Դավիթ Տոնոյանը, Արթուր Դավթյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը․․․ շարքն, ինչպես հասկանում եք, անվերջ է։ Էլ չեմ ասում, այսօրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայող ողջ իրավական համակարգի՝ ոստիկանների, քննիչների, դատախազների մասին։
- Պայմանականորեն, նոր հեղափոխական իշխանությունները զե՞րծ են կոռուպցիայից։ Չկա՞ քաղաքական կոռուպցիա՝ խնամի, ծանոթ, բարեկամ, աներորդի, զարմիկ և այլ ազգականների՝ պատգամավորի, պաշտոնների նշանակում, ստվերային, հետո բացահայտված պարգևավճարներ։ Ի՞նչ եղան ծխախոտի մաքսանենգության հարցերը, ՍՈՒ-երի կասկածելի գնումները, բանակի սննդի կասկածելի ծախսերը։ Շարքն անվերջանալի է։
- Եվ վերջին, ամենակարևոր հարցը․ Ո՞ՐՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ» ՄԵՐԺԵ՞ԼԸ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻՆԵԼ, ՉԼԻՆԵԼԸ։
Ենթադրում եմ, որ «նախկիններին» մերժելը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ