Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուր-թվանքը ձեռներիս կանգնած ենք»․ Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար

Հունվար 03,2021 11:07

Գիշերը Շուռնուխում հարաբերական հանգիստ է եղել։ Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։ «Հանգիստը որն է, այսինքն, սաղ գիշեր ստեղ են եղել, հենա իրանց դրոշը բարձրացրել են, սելֆի են անում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 2-ին ադրբեջանցիները հասել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի իբր իրենց հատվածը ու ժամանակ են տվել մինչեւ հունվարի 5-ը ազատել այդտեղ գտնվող տները։

Բնակիչները, այլ ելք չունենալով՝ դատարկում են իրենց տները, խոշոր եղջերավոր անասունները «ջրի գնով ծախում»։ «Մի 16-17 գլուխ խոշոր եղջերավոր 1 մլն 120 հազարով ծախեցի եզդիներին, բա ինչ անեմ, հո գրպանում դնելու բան չի, որ դնեմ՝ պահեմ»,–ասաց Ռազմիկը, որը Կապանից է հասել Շուռնուխ՝ օգնելու եղբոր տան կահ-կարասին տեղափոխելու։

«Ափսոս չեմ կարա հայհոյեմ, նուրբ ասեմ՝ ոտերս կուտեն, եթե գյուղացիներին մի բան անեն։ Սաղս թուր-թվանքը ձեռներիս կանգնած ենք, մի երեսուն հոգի են իրենք»,–ասաց վարչական շրջանի ղեկավարը։ Երեւան–Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխով անցնող հատվածն այս պահին բաց է եւ երթեւեկն անխափան ընթանում է։

Նշենք նաեւ, որ երեկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դիմել էր սյունեցիներին՝ նշելով, որ սադրանքների չտրվեն, քանի որ վիճելի տարածքը վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ սահմանապահների կողմից։

Ըստ պատմաբան, «Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի, Շուռնուխ գյուղը հայկական է եղել։ Բաղք-Քաշունիք գավառի հնամենի Շոռնոխո գյուղն ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ականներին: Մինչ այդ ու երբեք այդտեղ թուրք չի բնակվել: Թե երբ է Շուռնուխը (Շոռնոխո, Շոռնուխ, Շոռնուխա եւ այլն) հայաթափվել, մատենագիրները չեն հիշում: Պատմաբանի խոսքով, սակայն, մատենագիրները հիշում են, որ 19-րդ դարավերջին արդեն այնտեղ ոչ ոք չէր բնակվում, բայց կար հայոց հրաշալի մի եկեղեցի՝ կիսաքանդ վիճակում: «Շոռնոխո ավերակ գյուղը 1930-ականներին ադրբեջանցիներով բնակեցվելուց հետո գյուղի եկեղեցու հետքերը մեկընդմիշտ վերացվեցին։ Հիմա գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա կանգնեցված է երկաթե մի խաչ, որի լուսավորված վիճակը գիշերային խավարի մեջ երեւում է Բաղք-Քաշունիքի տարբեր կողմերից»,-նշում է պատմաբանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ». ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՖԲ իր էջում հրապարակել է լուսանկար՝ գրելով. «Այստեղով երեկ անցավ թուրքը: Շուռնուխի գրադարանը, որ հանձնվեց բանավոր պայմանավորվածությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    – Շուռնուխ գյուղը Գորիսի շրջանի մեջ մտնող գյուղերից է եղել՝այնտեղ բնակվել են թուրքեր և ոչ ադրբեջանցիներ՝ՀԽԱՀ քաղաքացին չի կարող ադրբեջանցի լինել:Իննուսականների սկզբին Շուռնուխի թուրքերը իրենց տները փոխանակել էին Բաքվի հայերի հետ:Հետագայում վերաբնակեցվածները վաճառել կամ հենց այնպես թողել են իրենց տները և տեղափոխվել ՀՀ այլ բնակավայրեր կամ արտասահման:Նույնը նաև Որոտան բանավանի դեպքում է եղել…:Շուռնուխ, Որոտան, Աղբուլաղ,Կուրթկալաղ գյուղերը Գորիսի շրջանի մեջ են եղել՝ադրբեջանը դրանց հետ ոչմի կապ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031