Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորում մարդիկ չեն ապրում, բայց նրանց շունչը դեռ զգացվում է. բնակարաններում լույսը վառվում է, պատերից էլ հագուստ է կախված

Հունվար 03,2021 15:15

Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհն անցնում է Բերձորով՝ նախկին Լաչինով: Երեւան-Ստեփանակերտ ավտոմայրուղին եռակողմ հայտնի համաձայնագրից հետո Արցախին կապող միակ ճանապարհն է:

Լաչինի միջանցքն ընդամենը 4-5 կիլոմետր է, այն համարվում է կյանքի ճանապարհ:

Ավտոմայրուղու երկու կողմերում Բերձոր քաղաքն է:

Պատերազմի դադարից հետո Բերձորն էլ ամայացավ, բնակիչները լքեցին իրենց տները, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի իշխանությունները անվտանգության երաշխիքներ չտվեցին, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնա՝ անկախ այն բանից, որ Բերձորը, որպես անվտանգության գոտի, չէր մտնում Ադրբեջանին հանձնված տարածքների մեջ:

Օրեր առաջ Բերձորով անցնելիս մթնշաղ էր, բնակարաններում լույս նկատեցինք: Տպավորություն էր, թե Բերձորը կրկին բնակեցված է: Բայց դա միայն տպավորություն էր, առավոտյան արդեն պարզեցինք, որ Բերձորն անմարդաբնակ է: Լույսերն օրը ցերեկով էլ էին վառվում, չնայած՝ դարպասները կողպված էին: Հասկացանք, որ մարդկանց տեղահանվելուց հետո դրանք պարզապես վառ են մնացել:

Փողոցներում այնպիսի դատարկություն էր, որ քայլելիս ոտնաձայներն արձագանքում էին: Հանդիպեցինք հատուկենտ մարդկանց, որոնք, սակայն, անավարտ գործեր ունեին, եկել էին ավարտելու: Ոմանք էլ առանց ընտանիքների էին վերադարձել, ուղղակի եկել էին տեսնելու՝ ինչ իրավիճակ է:

Բազմաբնակարան շենքերը նույնպես անմարդաբնակ էին, որոշ բնակարանների դռները կոտրված կամ պարզապես բաց էին: Այն բնակիչներն էլ, որոնք հույս ունեին, որ մի օր վերադառնալու են, բնակարանների դռներին ահաբեկող գրություններ էին թողել. «Դուռը չբացեք՝ ռումբ է դրված»:

Պատերազմից հետո մարդկանց շունչը բնակարաններում դեռեւս զգացվում էր: Հավանաբար, այն էր պատճառը, որ մարդիկ ոչ բոլոր իրերն էին կարողացել տեղափոխել:

Բաց դռներով բնակարաններում կախված հագուստ կար, գազօջախներ, գրքեր, պահարան, սեղան, աթոռ, խոհանոցի կահույք, սպասք եւ այլ իրեր. միայն բնակարանի տերերը չկային:

Թվում էր, ուր որ է տուն են գալու:




Կողպված էին նաեւ Բերձորի հիվանդանոցի դռները: Եվրաչափանիշներով ու նորագույն տեխնիկայով հագեցած բուժմիավորման շենքը կառուցվել է բարերարների միջոցներով, սակայն, չի հասցրել իր նպատակին ծառայել:

Դատարկ էր նաեւ հարեւանությամբ գտնվող խաղահրապարակը:

Այստեղ էլ կային հրդեհված բնակարաններ ու հասարակական օբյեկտներ: Մարդիկ Բերձորը լքելուց առաջ այրել էին խանութը, վարսավիրանոցը, սննդի կետը:

Քաղաքի բարձրադիր հատվածում երկհարկանի շենք նկատեցինք, որը, ամենայն հավանականությամբ, բնակեցված էր:

Բնակիչներն իրենց անվտանգությունն ապահովելու համար շենքից ռուսական դրոշ էին կախել:

Վառվող լույսեր կային նաեւ չորս հարկանի բազմաբնակարան շենքում, որի միակ բնակիչը, սակայն, 56-ամյա Վեներա Դանիելյանն է:

Նա էլ է բոլորի հետ դուրս եկել, բայց ոչ մի կերպ սիրտը Բերձորից չի կտրվում, ասում է՝ կյանքի լավագույն տարիները Բերձորում են անցել:


24 տարի առաջ Երեւանից տեղափոխվել է Բերձոր: Այստեղ վարչակազմի կոմունալ ծառայությունում է աշխատել, տուն-տեղ դրել:

Պատերազմից հետո ընդամենը տասը օր է կարողացել Երեւանում մնալ, հետ է եկել, որ կրկին այստեղ ապրի, սակայն, եկել, տեսել է՝ տունը թալանված, անգամ տանիքը պոկած՝ տարած:

Անձրեւաջրերն այդ օրերի ընթացքում տուն են լցվել, եղած գույքն էլ փչացրել:

Տեղավորվել է ծանոթներից մեկի բնակարանում: Մտածում է՝ եթե աշխատանք լինի՝ Բերձորում կմնա, սակայն մինչ այս պահը քաղաքը վերակենդանանալու նշաններ ցույց չի տալիս:

Այս պահին Բերձորը ջրամատակարարման խնդիր ունի: Լույսն արդեն կա:

Տեղեկացանք, որ մոտ հարյուր բնակիչ վերադարձել է, սակայն, այսպես ասած՝ «հետախուզական նպատակով»: Մեր այցելության պահին քաղաքում հատուկենտ մարդիկ էին: Միակ հավատարիմ բնակիչը Արմենն է, որը անգամ մեկ օր Բերձորից չի բացակայել: Բերձորի կենտրոնական հատվածում, որտեղ այս պահին ռուս խաղաղապահներն են տեղակայված, Արմենի խանութն է:

Բերձորցիներից հետո նրա հիմնական հաճախորդները դարձել են ռուսները: Արմենն ասում է՝ բնակիչների գնալուց հետո ինքն էլ հուսահատվել էր, առեւտուր չկար, որոշել էր խանութը փակի, բայց արդեն քանի օր է՝ շարժ կա, խանութի տեսականին ավելացրել է, որպեսզի խաղաղապահների պահանջները բավարարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031