Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը. Խոսրով Հարությունյանը՝ Շուռնուխում կատարվածի մասին

Հունվար 03,2021 09:38

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները և Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող սողացող օկուպացիան:

Պատերազմը, թեպետ, ավարտվել է, բայց մենք շարունակում ենք պարտվել:

Շուռնուխի գյուղապետը շվարած փաստում է, որ ադրբեջանցիները եկան, վերջ՝ ամեն ինչ պրծավ: Տեսանյութում գյուղ մտնող ճանապարհին երևում են ադրբեջանական ամենագնացները: Ադրբեջանցիների դեմ կանգնած են միայն գյուղապետը և համայնքի բնակիչները:

1992 թ. երբ Կապանը ռմբակոծվեց և քաղաքացիական բնակչության շրջանում ունեցանք զոհեր ես, որպես, վարչապետ, անհապաղ մեկնեցի Կապան, որպեսզի ղափանցիները այդ դժվարին պահին իրենց լքված չզգային, որ համոզված լինեին իրենք մենակ չեն և իրենց խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Հանդիպեցի քաղաքացիների և տեղական իշխանության ղեկավարների հետ: Գնդապետ Խաչատուրովը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը և նախատեսվող ռազմական գործողությունների հիմնական ուղղությունները: Հետագայում Կապանի քաղաքապետն ու շրջանի ղեկավարը ինձ հայտնեցին, որ այդ այցը շատ դրական ազդեցություն ունեցավ քաղաքում խուճապը կանխելու և քաղաքի բնակչության մոտ վստահություն սերմանելու հարցում:

Ուստի ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում. ո՞ւր է վարչապետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է տարածքային կառավարման նախարարը: Ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է մարզպետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների հետ չէ, այլ իր աշխատասենյակից հորդորներ է հնչեցնում:

Եվ վերջապես մի՞թե սա չէ ապացույցն ընդդիմության այն պնդման, որ երկրում անիշխանություն է տիրում, որ այսօրվա իշխանությունն ունակ չէ իրավիճակին համարժեք տարրական քայլեր ձեռնարկել:  Ինչո՞վ է զբաղված երկրի իշխանությունը: Ո՞րն է նրա գործի անունը, եթե ոչ սեփական հպարտ քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Առնվազն պետք է մտոք կույր լինել ենթադրելու համար, որ այս ձմռան կեսին մարդկանց անտեղ ու անտուն թողնելու դիմաց  մի քանի կոպեկ փոխհատուցում խոստանալով (այն էլ պարզ չէ՝ կվճարեն, թե ոչ) իշխանությունը իր առաքելությունը կարող է համարել ավարտված: Ո՞ւր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը:

Այս ամենից հետո մի՞թե կգտնվի գեթ մեկ մտածող մարդ, որը կասկածի տակ կվերցնի իշխանությունների անթաքույց մտադրությունը Սյունիքը թշնամու կողմից նվաճելու համար առավել նպաստավոր ռազմավարական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ: Մի՞թե պարզ չէ, որ վարչապետի բանավոր պայմանավորվածությունները  նպաստում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանդեպ սողացող օկուպացիայի իրականացմանը: Չեմ հասկանում՝ էլ ի՞նչ է պետք, որպեսզի մեր քաղաքացին սթափվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031