Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում զինվորների մասունքներն ամփոփող Կապանի դիահերձարանում

Հունվար 02,2021 19:11

Արցախում հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Հայաստանի դիահերձարաններում՝ մասնավորապես Կապանի դիահերձարանում տիրող իրավիճակին: Նա հայտնել էր, որ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով դրված են զոհվածների մարմինները, պատուհանները բաց են, իսկ տարածքում անտանելի հոտ է տարածված:

«Այդ հարցի պատասխանատուն է՞լ են թուրքերը… Դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆրեժերատոր ուղարկեք, որ այդ մարմինները չփտեն»,- ՀՀ իշխանություններին էր դիմել Արսեն Ղուկասյանը:

Aravot.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ Սյունիքի մարզպետարանի տիրույթում է:

Կապվեցինք նաեւ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանի հետ: «Կապանի ԲԿ-ն ընդամենը քաղաքացիական դիահերձարանի իր երկրորդ հարկը տրամադրել է Հանրապետական դատաբժշկական փորձագիտական կենտրոնին, ու ողջ գործընթացը՝ մասունքների հետ կապված, իրենք են իրականացնում:
Այսինքն՝ Կապանի ԲԿ-ն ընդամենը տարածք է տվել: Հանրապետական կենտրոնն է ամեն ինչով զբաղվում՝ ԴՆԹ անալիզ, տրանսպորտային տեղափոխություն եւ այլն: Որեւէ գործառույթ մարզային որեւէ կազմակերպություն, հիմնարկ, ԲԿ չի իրականացնում: Ընդամենը տարածք է տրվել»,- ասաց մարզպետի խորհրդականը:

Ինչ վերաբերում է տեղում սանիտարահիգիենիկ վիճակին, այս մասին էլ հավելեց. «Մեր առողջապահության պատասխանատուները հետեւյալը փոխանցեցին, որ երբ մասունքները տեղափոխվեն, կիրականացվեն համապատասխան սանիտարահիգիենիկ միջոցառումներ այդ տարածքում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031