Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացնելով համայնքում իրավիճակը՝ ասաց, որ համայնքի բնակիչները թեւաթափ են, իրենց մինչեւ հունվարի 5-ը ժամանակ է տրվել տներն ու տարածքները լքելու համար: «Սաղ պրծավ, մնում է էս համազգեստն էլ հանենք, ռադ լինի: Հենա թորքի փիքապը, թորքի մաշինեքը …Մինչեւ ամսի 5-ը վերջնական ժամանակ տվեցին, պոստ դրեցին: Ամսի 5-ի առավոտ ստեղ մի հոգի էլ չպիտի մնա, եթե անասուն անց կացավ, իրենցն է, մարդ անց կացավ՝ իրենցն է»,-ասաց համայնքապետը:
Հակոբ Արշակյանը նշեց, որ դեռ մի բան էլ սյունեցիներին են մեղադրում այս վիճակի համար՝ վկայակոչելով, որ սյունեցիները վարչապետին թույլ չեն տվել Սյունիք մտնել: Համայնքի ղեկավարը ցույց տվեց գրադարանի շենքը, ասաց, որ անգամ գրադարանն են տեղափոխում:
«Բիզիմդիր արեցիք…ռուս գնդապետն ասում է՝ 42թ ԳՇ-ի քարտեզով ա, 42թ ԳՇ-ի քարտեզը մենք էլ ունենք…Անտերություն է սա: 30 հոգի մեր տղերքը զենքերը ձեռքին էին, հիմա առանց զենքի են հետ եկել …30 հոգին ի՞նչ պիտի անեն, նորից պատերա՞զմ, ձեռքիս մեջին բան չկա… Համակերպվե՞նք։ Նենց ուվերեննի են քայլում թուրքերը»,-ցավով նշեց Շուռնուխի համայնքապետը:
Կարդացեք նաև
Դեռեւս դեկտեմբերի 18-ին նա կոչ էր արել սատար կանգնել իրենց եւ զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, քանի որ ՊՆ-ն զորքը հանել է տարածքից:
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ տարածել է ադրբեջանցիների՝ Շուռնուխում տեղակայման տեսանյութը:
Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է տեսանյութը. «Շուռնուխցի Արարատ Աղաբեկյանն իր տան պատուհանից այս ողբերգությունը նկարահանել է հատուկ Նիկոլի համար։
Նայե՛ք։
Լսե՛ք։
Ու շարունակե՛ք չհավատալ։
Շուռնուխը Նիկոլ-Ալիեւ բանավոր համաձայնության փաթեթի մեջ էր»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ