Հազարամյակների ընթացքում ձևավորված հասարակական հարաբերությունների հիմք հանդիսացող տրամաբանության և այդ հարաբերությունները կառավարող մարմինների կողմից հաստատված կանոնների, նորմերի, «օրենքների» միջև առաջացող հակասությունները անխուսափելիորեն ծնում են կոռուպցիա։ Նշված հակասությունների արդյունքում ՝ կառավարող մարմինները և նրանց ներկայացնող անհատները, անկախ նրանց ձևավորման եղանակից, դառնում են «Շատ Կարևոր»։ Հասարակությունը վեր է ածվում «օրինախախտների» բազմության։ Աճում է քրեական աշխարհում «Հեղինակությունների» թիվը։ Կոռուպցիան հաղթահարելու միակ միջոցը վերը նշված անհամապատասխանության չեզոքացումն է: Օրենքների հայտնագործելը, ոչ ամենևին՝ հնարելը: Կհնարեք «օրենքներ», կունենաք՝ կոռուպցիա:
Բերեմ առայժմ մեկ օրինակ ինձ հարազատ ոլորտից.
ՀՀ պետական բուհերում պետպատվերի հիմքում ընկած է ուսանողի գիտելիքների չափանիշը: Այսինքն՝ հանրային միջոցներով ֆինանսական աջակցություն են ստանում բարձր գիտելիքներ ունեցող ուսանողները, ոչ թե սոցիալապես անապահովները: Բնական է, որ նման տրամաբանական հակասությունը պետք է ծնի կոռուպցիոն հարաբերություններ: Մեծ հնարավորությունների «ֆինանսական և ոչ միայն» տեր մարդիկ ձգտելու են հայտնվել պետպատվերի ցուցակներում և ոչ այն պատճառով, որ օգնության կարիք ունեն, այլ որովհետև պետպատվերի ցուցակներում հայտնվելը բարձր գիտելիքներ ունենալու «ապացույց» է: Ո՞վ իր միջոցները կխնայի իր երեխայի անունը «բարձր գիտելիքներ ունեցողների» ցուցակում ընդգրկելու համար: Այդ ցուցակներում ընդգրկողները դառնում են «շատ կարևոր դեմքեր» և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք կաշառք կվերցնեն, թե ոչ: Այդ «կարևորների» հետ որևէ կերպ կապ հաստատելու և պայմանավորվելու պրոցեսը հենց կոռուպցիոն հարաբերություններն են: Հենց իրենց «կարևորությունը» արդեն իսկ կոռուպցիայի դրսևորում է:
Փոխեք սկզբունքը: Աջակցեք սոցիալապես անապահովներին և տեղի կունենա լիցքաթափում, որն էլ կխթանի ոլորտի զարգացումը: Այլևս կարիք չի լինի քննությունների տեքստերը կազմել գիտության դոկտորների մակարդակով:
Այլ հարց է, որ սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կարող են լրացուցիչ օգնություն ստանալ: Մարդիկ միշտ օգնել են աղքատ ուսանողներին, ոչ թե հարուստ «գիտուններին»: Այլ խոսքերով ասած՝ …հետևեք ժողովրդին, մի հնարեք օրենքներ, այլ փորձեք ճանաչել «հայտնագործել» նրանց և կամք դրսևորեք գրանցել այդ օրենքները: Զիջեք ձեր «կարևորությունը» զարգացմանը:
Վահագն ՄԱԿԱՐՅԱՆ
ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր,
Lexington, SC, USA