Aravot.am-ի խնդրանքով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն անդրադարձավ այն խնդրին, որ Ադրբեջանը տապալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության մուտքը Արցախ:
«Մենք խորապես հիասթափված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի այցը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու գործողություններից: Սա կրկին հուշում է, որ պատերազմը չի ավարտվել եւ շարունակվում է: Մենք չենք ուզում, որ թշնամու վերահսկողության տարածքում եղած մեր հուշարձաններն ունենան այն ճակատագիրը, ինչին արժանացել են Ջուղայի խաչքարերը 2015թ.:
Ադրբեջանը խաչքարերի եւ մշակութային հուշարձանների ոչնչացմամբ տարածքներ է լեգիտիմացնում ու կտրում է մեր ազգային ինքնագիտակցության, ինքնության, հիշողության հետ ունեցած հուզական խորը կապերը: Սա որակում եմ պատերազմ, որակում եմ մշակութային պատերազմ… Մենք չենք լռելու, հետեւողական ենք լինելու՝ թշնամու վերահսկողության տարածքում գտնվող մեր բոլոր հուշարձանների պահպանության եւ վերականգնման եւ հանրահռչակման առումով: Մեր քաղաքականության հիմնական ուղղությունը լինելու է հենց այդ տարածքում գտնվող մեր հուշարձանների հետեւողական հանրահռչակումը»,-նշեց տիկին Ղարախանյանը:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով «առաջիկայում Արցախի կառավարությունը հաստատելու է թշնամու վերահսկողության տակ գտնվող հուշարձանների ցանկը: Մենք բոլորը կետ առ կետ հաշվառել ենք: Առաջիկայում կլինի Քարվաճառի հուշարձանների ցանկը, հետո Քաշաթաղի շրջանի հուշարձաներինը, ապա՝ մնացած տարածքներինը, որտեղ բավականին մշակութային հուշարձաններ, պատմամշակութային ժառանգություն կա»:
Կարդացեք նաև
Նախարարը հավելեց, որ քայլեր են ձեռնարկում Արցախի Արտաքին գործերի նախարարության հետ, եւ ավելի կոնկրետ հանդես կգան մի քանի օրից: «Ես առանձնապես սպասելիքներ չունեմ միջազգային հանրությունից, բայց գուցե հույսի մի նշույլ պահենք, որ թշնամու արարքը կգնահատվի որպես ապամարդկային, հատկապես, որ սա մարդու մշակույթի եւ մշակութային իրավունքի իրացման, մշակույթը պահպանելու դեմ է ուղղված: Խոսքը զուտ հայկական պատմամշակութային արժեքների մասին չէ, այդ տարածքներում կան համաշխարհային քաղաքակրթական արժեք ներկայացնող նմուշներ, եւ աշխարհը պետք է շահագրգիռ լինի, պահելու ու պահպանելու այն, ինչը համաշխարհային նշանակություն ունի, ինչպես, օրինակ, Ազոխի թանգարանը»:
Լուսինե Ղարախանյանն ընդգծեց, որ նախարարությունը սերտ համագործակցում է ռուս խաղաղապահների հետ, եւ հույս ունեն, որ խաղաղապահների հետ եւ միջնորդությամբ կարող են պահպանել եւ պաշտպանել Արցախի մշակութային անշարժ ժառանգությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ