Կապանցի 63-ամյա Ասյա Ղազարյանի ապրուստի միջոցն իր ձեռքով պատրաստած ժենգյալով հացի վաճառքից է գոյանում։ «Մեր ժենգյալով հացը տարբերվում ա Արցախի ժենգյալով հացից՝ կանաչու տեսանկյունից, բայց դե մերը իրանցից համով ա»,–ասում է տիկին Ասյան։
Մեկ հատ ժենգյալով հացը ձմռան սեզոնին վաճառում է 400-450 դրամով՝ խոստովանելով, որ ամեն ինչը «պիտի իրա սեզոնին անես, որ համ ու հոտ ունենա»։ Գարնանը, երբ համապատասխան կանաչեղենը շատ է լինում՝ մեկ հատը վաճառվում է 300-350 դրամով։ «Մատաղ լինեմ ջանիդ, հիմա երեւի էլ չեմ կարա ապրեմ։ Ես իմ ձեռով էի քաղում կանաչին, բերում լվում, մշակում ու թխում։ Հիմա էլ ո՞նց գնամ։ Էդ տարածքները տվին թուրքին»,–ասում է զրուցակիցս, որը մենակ է ապրում։
Տոնական այս օրերի համար պատվերներ ունի։ «Զարմանալի ա, բայց երեւի մարդիկ որ տրամադրություն չունեն, խորոված, խոզի բուդ չեն դրել սեղաններին, ժենգյալով հաց առան»,–ասում է Ասյան։
Կարդացեք նաև
Կապանի օդանավակայանի եւ Սյունիք գյուղական համայնքին հարակից տարածքները, սահմանորոշման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմին։ Տարածաշրջանի բնակիչներից ոմանք այդ տարածքների բարիքներից էին օգտվում։
«Սյունիքի գյուղի բնակիչները սաղ օրը, ինչ ասես՝ քաղում, բերում շուկա՝ ծախում են։ Հիմա ոնց ենք անելու։ Գնանք էդ տեղերը․ որ գան գերի տանե՞ն մեզ»,–ասում է տիկին Ասյան։
Իր խոսքով՝ ընթացիկ հաշիվների տետր ունի։ «Հաշվարկում եմ՝ իմ արտադրանքի համար ինչ պետք է՝ ձեթ, ալյուր, հոսանքի փող, գազ ու մի հատ ժենգյալով հացի արժեքը 300-350 դրամ էր, քանի որ կանաչին չէի առնում։ Հիմա պիտի առնեմ»,–իր տնական բիզնեսի խոհանոցն է ներկայացնում տիկին Ասյան։ «Հիմա երեւի կանաչին էլ կթանկացնեն, դե որ էդ տարածքներից չեն քաղելու, շատ չի լինի ու թանկ կլինի»,–ենթադրում է զրուցակիցս։
Արդեն մեկ հատը կծախի 500 դրամով։ «Էն էլ հարց ա՝ քանի հատ կառնեն, կառնեն ընդհանրապես»,–ասում է նա։ Վերջինս տետրում նշում է խանութից պարտքով վերցված ժենգյալով հացի համար անհրաժեշտ պարագաների ցանկը։ «Հա, բա մեծ կնիկ եմ, որ չմոռանամ, խանութչիները խայտառակ անեն ինձ»,–ասում է նա։
Սակայն իր ապրուստի միջոցը այս պահին թերեւս երկրորդվում է՝ հայրենիքի համար զոհվածների եւ Արցախից տարածքներ հանձնելու կողքին։ «Ասենք՝ մի օր սոված կմնամ, մի օր հարեւանս կօգնի՝ կապրեմ, չեմ մեռնի։ Բա էդքան ջահել զոհվեց, էդ սիրուն Արցախի տարածքները տվինք, դա հունց կլինի՞»,–սեփական գոյավիճակի մասին մոռանալով՝ ասում է Ասյա Ղազարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ