Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից 2020թ․ դեկտեմբեր 17-30 կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական նախաձեռնությունը, որը ԱՄՆ հետախուզական ծառայություններից պահանջում է ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ գաղտնի տվյալների տրամադրում։ Այս նախաձեռնության նպատակներից մեկը նաև պարզելն է, թե Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը ինչ ազդեցություն է ունեցել հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության խախտման վրա։ Ըստ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի՝ այս նախաձեռնությունը կարևոր է նաև այն առումով, որ դրա արդյունքներով Սպիտակ տան հաջորդ վարչակազմը կարող է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը։
Կարդացեք նաև
Եվրոպա
Եվրոպայի Հայ դատի կենտրոնական հանձնախմբի և Բելգիայի շրջանային հանձնախմբի գործուն ջանքերով պայմանավորված՝ դեկտեմբերի 18-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, ինչպես նաև հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ։
Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը:
Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից: Բանաձևն անդրադարձ է կատարում նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հարցին՝ ֆեդերալ կառավարությանը կոչ անելով պահանջել Թուրքիային դադարեցնել միջամտությունը։
Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև գերիների վերադարձի և հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հայտնում է, որ UNESCO-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակով է հանդես եկել Սաթուորկի ավագ քահանան, ում միացել են նաև Լիդսի, Քավենթրիի և Էբսֆլիթի քահանաները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում հայկական միջնադարյան քրիստոնեական ժառանգության նկատմամբ բռնությունների կիրառման փաստերի վրա։
Ռուսաստանի Դաշնություն
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը դեկտեմբերի 20֊ին Հայաստան է ուղարկվել հումանիտար նշանակության օգնության հերթական խմբաքանակը՝ ընդհանուր 15 տոննա քաշով։
Դեկտեմբերի 22֊ին հրապարակված հայտարարությամբ Մոսկվայի Հայ դատի գրասենյակը, մտահոգություն է հայտնել Բերձորի ուղեկալում ադրբեջանցիների կողմից Արցախում հերթափոխի կազմակերպմանը խոչընդոտելու փաստի առթիվ։ Հայտարարությունը, նամակի տեսքով, փոխանցվել է ռուսական պատկան մարմիններին։
Դեկտեմբերի 17-ին և 28-ին գրասենյակի պատասխանատուն մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համառուսաստանյան տեսակոնֆերանսին, հանդես եկել ելույթներով, իսկ դեկտեմբերի 24-ին Հայ Դատի Մոսկվայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում և առանձնազրույց են ունեցել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ՝ քննարկելով համատեղ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ։ Վերջին շաբաթվա ընթացքում գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել և զրուցել է ակադեմիկոս Վիտալի Նաումկինի, քաղաքագետ Դմիտրի Պախոմովի, չինագետ Նինոլայ Վավիլովի և թուրք քաղաքագետ Արիֆ Ասալիօղլուի հետ։ Զրույցների տեսագրությունները հրապարակվել են «Պրո Արմենիա» համառուսաստանյան պորտալում։
Դեկտեմբերի 26-ին Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հովանու ներքո գործող «Լուսարձակ» դպրոցի սաներն իրականացրել են «Իմ գյուղը» խորագրով միջոցառումը։
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ