Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժենգյալով հացի բույրը. Ստեփանակերտի շուկան նախկինի պես առատ է բերք ու բարիքով, բայց մարդիկ նախկինը չեն. Մեկը որդի է կորցրել, մյուսը՝ տուն ու տեղ

Դեկտեմբեր 31,2020 21:03

44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի համն ու հոտը՝ հայտնի շուկան վերաբացվել է: Նրա սահմաններից դուրս կրկին տարածվում է այս շուկայի «ֆիրմային» ժենգյալով հացի բույրը: Շուկան բացվել է, պատերազմի դադարից մի քանի օր անց: Մարդիկ շտապել են ապրանքներին տիրություն անելու: Ասում են՝ պատերազմի օրերին անտեր՝ անտիրական՝ թողել դուրս են եկել: Այն, նախկինի պես առատ է բերք ու բարիքով, բայց այստեղ տարիներով առեւտուր անող մարդիկ այլեւս նախկինը չեն, ոմանց ճակատագրերը գլխիվայր շրջված է՝ սեւ հագուստով, արցունքը կոկորդում խեղդելով են առեւտուր անում, ժենգյալով հացը պատրաստում. Պատերազմում մեկը որդուն է կորցրել, մյուսը՝ ամուսնուն կամ այլ հարազատի: Շուկայում էինք, երբ երկրորդ շարքից ուրախ լուր եկավ՝ այսինչի որդին գտնվել է: Բոլորիս ուրախությունն անսահման էր:

Զբոսաշրջային սեզոնին տիկին Դոնարայի «արտադրանքը»՝ ժենգյալով հացը, հերթի տակ վաճառվում է: Հիմա էլ չի դժգոհում, պարզապես, տրամադրությունն այն չէ: Ասում է՝ ռուս խաղաղապահներն էլ են ժենգյալով հացի «հավատարիմ հաճախորդ» դարձել, հաճախ են պատվիրում:

Տիկին Դոնարան այս շուկայում արդեն 30 տարի է: Բիզնեսը դրել է արցախյան առաջին պատերազմից հետո:
Ստեփանակերտի շուկան նույնպես հրետակոծության է ենթարկվել: Այստեղ մի քանի տաղավար գետնին են հավասարվել: Տերերը փորձում են դրանք կարգի բերել:

Վաճառողներից  ոմանք նյութական մեծ կորուստներ են կրել: Պատերազմի օրերին չեն հասցրել ապրանքը շուկայից հանել, այդպես ծածկել են ու դուրս եկել: Եկել՝ տեսել են, որ շատ ապրանքներ տեղում չեն: Մեկ-երկու միլիոն դրամից ավել վնաս են կրել. գողացել են շշերով տնական օղիները, գինիները, չրեղենն ու չարազեղենը, պահածոները, ապակյա տարրաներով ու շրջանակով մեղրը:

Դիմել են ոստիկանություն, բայց հույս չունեն, որ հանցագործներին կգտնեն: Լսել են՝ Արցախ եկած կամավորականների ձեռքի գործն է:
Ռայիսայի սեղանն էլ են թալանել: Նրա խոսքով, մի կերպ է իրեն հավաքել, որ նորից շուկա գա: Մոտ երկու միլիոնի վնասը ինքը պետք է փոխհատուցի, քանի որ ապրանքը «նիսյայով» է վերցրած եղել: Ապրանքների կորուստը քիչ էր, «սմերչն» էլ բնակարանն է վնասել: Ասում է՝ տարիների չարչարանքն են տարել:

«Ամենաղաշանգ սեղանն իմն էր, տեսակ-տեսակ չրեղենը, չարազեղենը, մեղրները…..: Հիմա, էս Նոր տարվա օրով ոչ մի բան չունեմ»,-լաց լինելով պատմում է Ռայիսան՝ նեղսրտելով, որ հայի ձեռքով է այդ ամենը տեղի ունեցել. «Որ թորքը արած լիներ, կասեի՝ թորքան ա արել, բա հայը հայի հանդեպ նման բան կանի՞»:

 

Տիկին Ալմիրայի սեղանն էլ են «սրբել», բայց չի նեղսրտում: Իրեն մխիթարում է՝ գուցե մարդիկ սոված են եղել՝ կերել են:
«Բա ի՞նչ պիտի անեին, հո սոված չէի՞ն մնալու: Թող մի երկու բանկա էլ պակասի: Ասում են Երեւանից եկած մոբի մարդիկ են արել: Բան չեմ ասում, թող հալալ լինի: Բա որ մեզ Հայաստանում ամեն ինչով օգնեցին, պահեցին լա՞վ էր»,-ասում է տիկին Ալմիրան ու ցավով նշում, որ շատ ապրանքներ, օրինակ Հադրութի դոշաբն այլեւս չի լինելու, վերջինն է:

Շուկայում Թաղավարդի բնակիչների էլ հանդիպեցինք: Թաղավարդը Մարտունու շրջանի այն գյուղն է, որի մի մասը ադրբեջանցիների տիրապետության տակ է մնացել: Նրանք իրենց հետ մեծաքանակ սերմացուներ էին բերել՝ սխտորի, լոբու եւ այլ մշակաբույսերի ու խնդրում էին, որ շուկայի վաճառողները հետ վերցնեն, վաճառեն, գոնե ձեռքներին գումար լինի: Դրանք այլեւս բնակիչներին պետք չեն, ոչ հողամաս ունեն, ոչ էլ՝ տուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031