Լրահոս
Օրվա լրահոսը

Խորովածը թող վառված լիներ, բայց պատժախցերում մարդ չլիներ

Դեկտեմբեր 31,2020 19:00

Տարվա վերջին օրը,  սովորական օրերից տարբերվում է նաեւ քրեակատարողական հիմնարկներում։ Վաղ առավոտվանից ՔԿՀ–ի աշխատակիցները սկսում են խուզարկությունը, որպեսզի գտնեն տեղում պատրաստված ինքնաշեն ալկոհոլային խմիչքները։ Ավելի ճարպիկները թերեւս խոր թաքստոցներում կարողանում են մի քանի գրամ թաքցնել, իսկ ընդհանրապես կալանավայրերում կենացներն ասվում են հյութի բաժակներով։

Արդեն երկու տարի է, ինչ ՔԿՀ–ներին սնունդ մատակարարող մասնավոր ընկերությունը դեկտեմբերի 31-ին տոնական ճաշ է մատակարարում պատիժ կրող անձանց։ «Ճաշ–ընթրիք այսօր միասին տվեցին՝ խորոված, սալաթներ, հավի միս, սալ, բաստուրմա, մանդարին, կարալյոկ, լավաշ, թխվածք»,–նշեցին Aravaot.am զանգահարած դատապարտյալները։ Նրանց խոսքով՝ նախկին տարիների տրամադրությունը չկա։

«Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալների խոսքով, տարեմուտի օրն առանձնացավ նաեւ նրանով, որ ՔԿՀ–ի պետը «համաներում չարեց պատժախցերում գտնվողների» համար։

«Ամեն տարի՝ դեկտեմբերի 31-ին,  նույնիսկ ամենախիստ պետերը մարդասիրական քայլ են անում։ Պատժախցերում գտնվողների պատժի օրերը կամ կրճատում են, կամ բոլորին ուղարկում են իրենց խցերը՝ տոնական օրերից հետո նորից տեղափոխում պատժախուց՝  նշանակված տույժը վերջնական կրելու համար»,–ասացին դատապարտյալները։ Հիմա, իրենց բախտակիցները՝ միայնակ, առանց հեռուստացույցի՝ պիտի դիմավորեն  գալիք տարին։ «Չնայած ասում են՝ տարին ոնց դիմավորես այնպես էլ կշարունակվի, բայց քանի որ 2020թ–ին ամեն ինչ թարս էր, գուցե պատժախցում դիմավորողները 2021թ–ին ժամկետից շուտ ազատվեն»,–իրենք իրենց հույս են տալիս դատապարտյալները՝ կես կատակ, կես լուրջ ասելով,  որ խորովածն էլ լավը չէր այս տարի՝  վառված էր։ «Թող սաղ խորովածը վառված լիներ, մենակ պետը մարդասիրական քայլ աներ»,–ասացին նրանք։

Ի դեպ նշենք, որ առաջիկա օրերին ՔԿՀ–ներում ոչ աշխատանքային օրեր են եւ հանձնուքներ չեն ընդունվի։ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2021 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031