Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Փաշինյանի համար ընդունելի չէ ՔՈ-ի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ առաջարկը

Դեկտեմբեր 31,2020 18:02

«Մեր դիրքորոշումն է՝ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնելը հնարավոր չէ , եւ եթե լինեն՝ այդ արտահերթ ընտրություններով ձեւավորված խորհրդարանը դժվար թե լինի մեր երազանքների խորհրդարանը, եւ դժվար թե կարողանա հանրային ողջամիտ դիրքորոշումն արտահայտել, հանրային այդ դիրքորոշումը կրկին ձեւավորվելու է խորհրդարանից դուրս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանն, որը երեկ իր կուսակից գործընկերոջ հետ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը խորհրդակցություններ է սկսել քաղաքական ուժերի հետ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Թե որն է ՔՈ-ի՝ ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առաջարկը, Սուրեն Սահակյանն ասաց․ «Առաջարկել ենք խորհրդարանն անվստահություն հայտնի Նիկոլ Փաշինյանին եւ ընտրի չեզոք թեկնածու, որ չի լինի ոչ «Իմ քայլից» եւ ոչ էլ 17 կուսակցություններից։ Այդ չեզոք թեկնածուն կկազմակերպի որոշակի բարեփոխումներ, օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ ընտրական օրենսգրքի, դատական համակարգի եւ Սահմանադրության հետ կապված բարեփոխումներ կանի, եւ կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցի»։ Պարոն Սահակյանը գտնում է, որ սա խելամիտ առաջարկ է, քանի որ այդ ընթացքում հանրային այսպիսի լարված վիճակ չի լինի, լարվածությունը կհանդարտվի, եւ հնարավորություն կլինի ընտրություն կատարել ծրագրային հիմքով, ոչ թե հուզական։

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ 17 կուսակցությունները համաձայն չեն արտահերթ ընտրություններին, նրանք պահանջում են հիմա Փաշինյանը հրաժարական տա, նման պարագայում արդյոք ճգնաժամն ավելի չի՞ խորանա, պարոն Սահակյանն արձագանքեց․ «Մեր ներկայացրած առաջարկի դեպքում այդ կուսակցություններն էլ են ներգրավվում երկրի կայունացման գործընթացում, համերաշխության մթնոլորտում է դա լինելու»։

17 կուսակցությունների հետ արդեն կա՞ պայմանավորվածություն, նրանք համաձա՞յն են այս առաջարկին, մեր այս հարցին ի պատասխան Սուրեն Սահակյանն ասաց, որ որոշակի շփումներ նրանց հետ եղել են․ «Բայց ես չեմ կարծում, որ մեկը, ում համար կարեւոր է երկրի կայունությունն ու վիճակը, սպասվող վտանգները՝ չցանկանա, որ երկրում իրավիճակը կայունանա»։

Թե ով կարող է լինել չեզոք թեկնածուն, որը նաեւ ՔՈ-ի եւ մյուսների սրտով կլինի, պարոն Սահակյանն ասաց՝ ԱԺ-ն է որոշողը, որպեսզի կարողանա աշխատել այդ թեկնածուի հետ․ «Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանն իր հեղինակության եւ վարկանիշի անկման բերումով չի կարողանալու իրականացնել այն, ինչ պետք է իրականացնել, դա էլ է փաստում, որ նրա մնալով իրավիճակն ավելի է լարվելու, քան հիմա է»։

Փաշինյանի միակ եւ վերջին առաքելությունը, ինչպես որոշ վերլուծաբաններ են ասում, ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելն է, եւ եթե նրա օրոք չլինեն ընտրություններն, իսկապե՞ս կվտանգվի նման ընտրություններ անցկացնելու գործընթացը, ի պատասխան այս հարցի պարոն Սահակյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ միանշանակ վտանգում է, եթե 17 կուսակցությունների թեկնածունները լինեն, որովհետեւ իրենց՝ ընտրություններ կազմակերպելու կարողության մեջ առիթ ունեցել ենք համոզվելու՝ միայն ընտրակեղծիքներով են կարողանում ընտրություններ կազմակերպել»։

Արմեն Սարգսյանի թեկնածությունը կարո՞ղ է ընդունելի լինել համերաշխության մթնոլորտում որպես անցումային կառավարության ղեկավար։ Պարոն Սահակյանի ներկայացմամբ՝ խորհրդատվությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինքը չի ուզում վարչապետ դառնալ, նաեւ՝ անցումային։

Ի վերջո ինչպե՞ս է արձագանքել Նիկոլ Փաշինյանը ՔՈ-ի առաջարկին, մեր այս հարցին ի պատասխան Սուրեն Սահակյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ նման առաջարկ ներկայացրել են․ «Այդ հայտարարությունը ստորագրելուց հետո ՔՈ-ն խորհրդատվություններ է սկսել, այն ժամանակ է առաջարկ եղել, եւ մեր առաջարկը հիմա էլ չի փոխվել, այն ժամանակ էլ վարչապետն էլ իր առաջարկն է արել։ Մեր առաջարկն իր համար ընդունելի չի եղել, իրենն էլ՝ մեզ համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031