Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենն ասաց` պա՛պ, ձեզ լավ նայեք, գնացի…»

Դեկտեմբեր 31,2020 17:41

«Եղբայրս է՝ ժամկետային զինծառայող Անդրանիկը»,- այս խոսքերով է զինվորական համազգեստով եղբոր նկարը ցույց տալիս այս պատերազմի հերոսներից Անդրանիկի քույրը։

Անդրանիկ Մաթևոսյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 21-ին, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։

«Նիհար ու բոյով, սպիտակ մաշկով ու շեկ մազերով, շատ հումորով ու կյանքով լի էր, երգերի ու պարերի սիրահար»,-այսպես են հիշում հերոս այս երիտասարդին։

Դպրոցն ավարտելուց հետո իր ամենամոտ դասընկերոջը համազգեստով տեսնելով, ոգևորված ընդունվել է Իվանյանի անվան ռազմական վարժարան,բայց երկու շաբաթ անց վերադառնում է տուն` դուրս գալով ուսումնարանից, ասելով, որ ինքն ազատության մարդ է, իսկ այնտեղ միայն ռեժիմ ու կարգ է:

«Այնուհետև ընդունվեց արհեստագործական ուսումնարան` վարսահարդարի մասնագիտություն սովորելու համար։ Շատ էր սիրում իր մազերը պահել ու հետաքրքիր կտրվածքներ անել»,-ասում է քույրը։

Անդրանիկը սիրում էր երգել, աշխույժ ու ընկերասեր, շատ ռոմանտիկ տղա էր:

«Սիրում էր կոնֆետներ ուտել ու քնել, մենք անլուրջ էինք վերաբերվում, ասում էինք, որ գնաս բանակ՝ այնտեղ է՞լ ես քնելու: Հումորով ասում էինք` դո՞ւ պիտի մեզ պաշտպանես: 2019 թվականի հունվարի 8-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության ընթացքում միայն մի անգամ կարողացավ տուն գալ, հետո մի ամբողջ տարի չկարողացանք տեսնել. կորոնավիրուսի պատճառով չէին թողնում։ Մեզ շատ շատ էր կարոտում, այնքան շատ էր զանգում, երբեմն անջատում էի`թատրոնում փորձերի պատճառով, երանի հիմա էլ զանգեր…

Երբ զորակոչվեց բանակ, երդման արարողության ժամանակ լայն ժպիտով կանգնած էր զինվորների հետ և աջ ու ձախ նայելով` աչքերով մեզ էր փնտրում։ Գտավ, ավելի լայն ժպտաց, հանեց գլխարկը`ցույց տալով, որ քաչալացել է…շատ էր սիրում մազերը երկար պահել… »,-արցունքն աչքերում պատմում է Անդրանիկի քույրը` Լենան։

Անդրանիկը ծառայում էր Հադրութում, մինչև հոկտեմբերի 20-ը ամեն ինչ կարգին էր, զանգում էր ու ծիծաղելով, կատակներով խոսում էր հարազատների հետ։

«Հոկտեմբերի 21-ին երեկոյան զանգեց, շտապելով էր խոսում, ասում էր` մամ տեղ ենք գնում, անհասանելի կլինեմ, ձեզ լավ նայեք: Իսկ մի այլ ձայն հեռվից տագնապով կանչում էր ՝ Անդրանիկ արագացրու… Մայրս ասաց` սպասիր տամ հորդ ձայնն էլ լսիր, նոր գնա։ Ընդամենն ասաց` պա՛պ, ձեզ լավ նայեք, գնացի…»,-հիշում է:

Ցավոտ իրականություն է։ Գնաց։

Այդ նույն գիշերը` հոկտեմբերի 21-ին, բեկորային վնասվածքներ ստացավ, զոհվեց…

Լենան երազ էր տեսել, որ մինչև հողին հանձնելը համբուրում է եղբոր այտը և նա արթնանում է… սպասում էր, որ Հայաստանից հասնի Արցախ, համբուրի ու եղբայրն արթնանա։ Հավատում էր, որ դա մեծ հրաշք կլինի. «Վերջին տաս րոպեին տուն հասավ, վազեցի ու առանց լացելու համբուրեցի: Սպասեցի, նայեցի աչքերին, որ բացվի, նորից համբուրեցի… այս անգամ արդեն փորձեցի տաք ձեռքերով ջերմություն հաղորդել սառած դեմքին, բարակ ու երկար մատներին, բայց… ոչ աչքերը բացեց, ոչ էլ տաքացավ…»:

«Երանի հրեշտակներին, որ արժանանում են եղբորս աչքերին ու ժպիտին…»,-քույրն այսպես եզրափակեց խոսքը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031