«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք:
Ծրագիրը մեկնարկեց սույն թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այս պահին Երևանում և հարակից շրջաններում բնակվող արցախցի շուրջ 300 երեխա:
Տիկնիկային թատրոնի ռեժիսոր և միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսյանը նշեց, որ շուրջ 600 երեխա կհյուրընկալվի Տիկնիկային թատրոնում, իսկ ամանորյա հրաշքը նաև մարզերի երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի ավելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար.
«Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հավատը և վստահ լինեն, որ ամանորյա հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպեսզի որքան հնարավոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, և երեխաները, իսկապես, իրենց զգան ինչպես մեկ օր հրաշքի մեջ»,- հավելեց Սամսոն Մովսիսյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգում է ինչպես դեպի Երևան, այնպես էլ դեպի մարզեր տրանսպորտային փոխադրումը:
Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անուշ Խանյանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2-ամյա տղայի և ամուսնու հետ.
«Անչափ շնորհակալ ենք, որ այս դժվարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրյա հոգսերից, և որ ամենակարևորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով հատկապես մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու և հրաշքին հավատալ օգնելու համար»:
Բացի ներկայացումներից՝ երեխաներին սպասվում էին նաև անակնկալներ, հյուրասիրություն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից հետո բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձյունանուշից և Էլֆերից ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղարկված նամակներում:
«Շատ հավանեցինք ներկայացումը, մուլտհերոսներն ուրախացրին մեզ: Ես Ձմեռ Պապիկին նամակ էի գրել և տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարվեց ու հենց Ձմեռ Պապից ստացա իմ նվերը»,- պատմեց մարտունեցի Հովսեփյան Վիկտորյան:
Մինչև հունվարի 20-ն արցախցի, ՀՀ և Արցախի զինծառայողների 1000-ից ավելի երեխա կմասնակցի «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգևելը տոն է բոլորի համար, քանի որ հենց այդ ժպիտն է վաղվա լուսավոր օրվա հույսը:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով
***
«Մենք ենք մեր սահմանները. Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը մեկնարկել է 2020 թվականին սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրը: «Մենք ենք մեր սահմանները. Բոլորս Արցախի համար» նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերից մեկն է, որին ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն Արցախի և արցախցիների համար հումանիտար օգնությանն ու օգտագործվում են համաձայն հիմնադրամի առաքելության և կանոնադրական նպատակների։ Այս պահի դրությամբ արշավին հանգանակվել է 170,675,287.58 ԱՄՆ դոլար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ