Բժիշկ-համաճարակաբան, ՁԻԱՀ-ի կանխարգելման արդեն նախկին կենտրոնի նախկին աշխատակից Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձել է պատերազմում զոհվածների ԴՆԹ հետազոտությանը։ Բժիշկը ֆեյսբուքի իր էջում գրել է․«Առողջապահության նախարարը խոսում է սարքավորումների «թողունակության» մասին և դրանով փորձում է բացատրել զինվորների մարմինների նույնականացման ուշացումները։ Նույնիսկ հայտարարել է, որ նոր սարքավորում է ձեռք բերվելու։
Այնինչ, այս տարվա սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա են անհրաժեշտ սարքավորումները եւ դրանք այսօր չեն շահագործվում միայն մեկ՝ Ա․Թորոսյանի կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագիտական խմբի նկատմամբ աննախադեպ ռեպրեսիաների ու տասնյակ մասնագետներին աշխատանքից ազատման պատճառով։ Հայաստանում սեկվենավորում իրականացնող լավագույն մասնագետներից մեկը հեռացվել էր աշխատանքից, ինչպես եւ կենտրոնի բոլոր այն մասնագետները, որոնք արտահայտել էին իրենց մասնագիտական կարծիքը կենտրոնի կործանարար ձեւափոխման նկատմամբ։
Սեկվենավորման սարքի (գենետիկական անալիզատորի) արժեքը միջինը 200,000-ից 300,000 եվրո է, եւ Թորոսյանը պատրաստ է այդ չափի պետական միջոցներ ծախսել, բայց չդիմել իր կողմից հետապնդումների ենթարկված մասնագետին։ Սեփական էգոն նաև դրվում է զոհվածների հարազատների զգացմունքներից բարձր։
Նշված մասնագետը պատերազմի առաջին օրերից մեկնել է Արցախ և ապահովել է հոսպիտալներից մեկի լաբորատոր ծառայությունը, իսկ պատերազմի ավարտից մի քանի օր հետո արդեն Երևանում էր և կարող էր իրականացնել հետազոտությունները։
Կարդացեք նաև
Ի դեպ, նույն կերպ Թորոսյանը վարվեց նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ՝ չընդգրկելով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին մասնագետներին համաճարակի դեմ պայքարում՝ անտեսելով բազմաթիվ առաջարկները և խորհուրդները։
Հասարակ մարդկանց կյանքերը, զինվորների կյանքերը, զոհվածների հարազատները ԶՐՈ արժեք ունեն այս մարդկանց համար։
P.S. Սարքավորումները ձեռք բերելով մասնագետի հարցը միևնույն է չի լուծվում։ Այս կարգի մասնագետ մեկ շաբաթվա ընթացքում չես պատրաստի։
P.P.S․ Իմ տեղեկություններով Հայաստանում կա առնվազն եւս երկու բարձր թողունակությամբ սեկվենավորման սարք, որոնք կարող են շահագործվել այս նպատակով»։
Aravot.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նշված սարքից Հայաստանում մեկ հատ է, այն ձեռք է բերվել 2018 թվականին եւ գտնվում է ԱՆ-ի դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կենտրոնում՝ դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ում․«Մասնագետներն էլ աշխատում են այս ՊՈԱԿ-ում եւ միայն իրենք ունեն լիազորություն կատարելու ԴՆԹ հետազոտությունը։ Նախարարությունը ձեռք է բերել 2-րդ հոսքագիծը, գնումը կատարված է»։
Հիշեցնենք, կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ԴՆԹ հետազոտության գործընթացն արագացնելու համար նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, եւ այն շուտով կգործարկվի, եւ անձնակազմի վերապատրաստվելուց հետո հնարավոր կլինի կրկնապատկել հզորությունները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ