Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեռ նոր արարումներ են լինելու. զինվոր-բանաստեղծն իր «Հարբած տողեր» գիրքը բանակ գնալուց առաջ է տպագրել

Դեկտեմբեր 31,2020 15:19

Միշա Մանուկյան ստեղծագործողը կարևոր ասելիքով մտավ գրական կյանք։ Առաջին ժողովածուն՝ «Հարբած տողեր» վերնագրով, իր երանգավորմամբ և մոտեցումներով նոր, թարմ և ազատ է։ Միշան ազատ է իր ասելիքով, գործողություններով։ Տողի միջոցով ընթերցողին է փոխանցում կարևորը, առաջնայինն ու բնականը, որը հաճախ չտեսնելու ենք տալիս։

Սեր ու հայրենիք իրար միահյուսած Միշան այսօր հայրենիքի պաշտպան է, ավելին՝ մասնակցել է պատերազմին։ Միայն օրեր առաջ կրկին կարողացա կապ հաստատել նրա հետ։ Արդարև, պատերազմն իր դառը կերպարով նաև երիտասարդ բանաստեղծի հոգին է փոխել, բայց կարևորն այն է, որ նա ավելի հաստատուն դիրք է բռնել՝ պայքարը, որպես հայի կենսակերպ համարելով։

«Հարբած տողեր» գիրքը խմբագրելու ժամանակ Միշան անընդհատ հարց էր տալիս՝ իսկ եթե այսպե՞ս, իսկ եթե այնպե՞ս…  Սիրում էինք լավ վիճել՝ անգամ մի բառի համար։ Բայց այդ բառը եկավ փոխելու և ասելու, որ այո, կյանք կա ու դեռ նոր արարումներ են լինելու։

Պատերազմի ժամանակ անընդհատ մտածում էի՝ տեսնես Միշան ինչպես է, որտեղ է գտնվում։ Գիտեի, որ բանակում է, բայց այդ օրերին լուր չունեի…

Երբ իմացա, որ նրա հետ ամեն ինչ լավ է՝ հանգստացա։ Միշտ մտածում էի, որ բանակում էլ կլինի ստեղծագործելիս, որովհետև նրա համար առօրյայի մի մաս էր դարձել գրելը։ Չսխալվեցի։

Խլացել են արկերի ձայնից

բանաստեղծական մտքերս բոլոր,

երես են քաշել ինձնից երևի,

թուղթը, գրիչը ու պոետական այն հին մտքերը՝

որոնցով լցնում էի օրվա մի մասը…

Դժվար է, գիտե՞ք, կորցնել ընկերներ

հենց կռվի դաշտում,

դա է երևի պատճառն իմ վշտի,

որ անտերության եմ մատնել մտքերիս,

ու գաղթականի նման

հեռացել են նրանք ինձանից…

Նայում եմ շուրջբոլորս

ամեն ինչ պայթում է, ավերվում,

սուլում են իմ կողքով փամփուշտներն այնպես,

որ թվում է, թե իմ միջով են անցնում։

Այո, դժվար է։ Այս տողերը ժամկետային զինծառայող Միշա Մանուկյանն է գրել։ Գրել է՝ զգալով, տեսնելով, ապրելով։ Պատերազմի թեման ծանր է, անդառնալի, որոշ դեպքերում՝ խելագարության հասցնող։

Սակայն ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել Միշայի սիրային թեմայով բանաստեղծություններից, որոնք տեղ են գտել իր գրքում։

Երազանք էիր…

ու պահում էի քեզ

բոլոր տոներին։

Երազ էիր, տեսնում էի,

երբ ժամացույցի սլաքը

տասներկուսն էր ճանկռում…

Վառվող տնակ էիր,

ուզում էի մարել քեզ,

Կիթառ էիր`

լարել էի ուզում…

Գաղտնիք էիր,

բացել էի ուզում,

ցամաքած ծով էի,

առուներ էի տենչում…

Երազանք էիր,

պահեցի բոլոր տոներին,

այդպես էլ չիրականացար…

Այսպիսին են Միշայի համեմատությունները՝ պարզ, անմիջական, համեստ, հաճախ էլ` ըմբոստացող, բայց և սիրո, հույսի ու սպասումի խաչմերուկով ընթացող։ Նա երբեք չի երկմտում, այլ սլանում է իրական սիրո հետևից, ինչքան էլ դժվար լինի, ինչպես ինքն է ասում` պետք է հաղթահարել ու անհնարինը հնարավոր դարձնել։

Ինձ ու քեզ մի քիչ

խմբագրում ու սրբագրում է հարկավոր,

Միշտ տառասխալոտված ենք…

Ես ու դու գուցե խարխլված տնակ ենք,

Մեզ միշտ նորոգում են,

Բայց այդպես էլ չենք նորոգվում…

Միշան իր զգացմունքների գեղեցիկ նկարագրությունն է մատուցում ընթերցողին։ Ցույց է տալիս սիրո առկայծումները, մշտաբորբոք զգացումներն ու անհավատալի տենչը։ Իր գրածների միջոցով մարդկանց ասում է, որ անհասնելի ոչինչ չկա, ուղղակի պետք է յուրաքանչյուրն իմանա իր սխալը, բարձրաձայնի դրա մասին, խոստովանի, որ կյանքը մարդուց է գալիս… և այդ մարդը հենասյուն է ցանկացած արարքի։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Հ.Գ. Այնքան ուրախ եմ, Միշա, որ այսօր մեր կողքին ես ու չնայած ժպիտդ ցավերով լցված է, բայց ամենակարևորը ողջ և առողջ ես, զինվորս։ Քեզ բազում արարումներ։ Ես հավատում եմ քո գրչի թռիչքներին, իմ անպարտելի զինվոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031