Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյան․ «Շուռնուխում այդ տների շինթույլտվությունը Սովետի ժամանակ Գորիսի քաղսովետն է տվել»

Դեկտեմբեր 31,2020 14:32

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վստահեցնում է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի այն հատվածը, որն ըստ սահմանային կետերի տեղորոշման պետք է փոխանցվի Ադրբեջանին, արխիվային փաստաթղթերով հայկական տարածք է եղել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24–ին, կառավարության նիստում հայտարարել է․ «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։ Մինչ այս հայտարարությունը, ադրբեջանցիներն արդեն հայերին ժամանակ էին տվել ազատելու տարածքը։

Հիմա նաեւ Քարահունջի գյուղի այգեգործական 30 հա հողերն ու Քարահունջ ՀԷԿ-ն են խնդրահարույց․ սրանք էլ, ըստ տեղացիների եւ Գորիսի փոխքաղաքապետի, անցնում է Ադրբեջանին։

Aravot.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց՝ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները, պարզ չէ, թե ինչ են արել, որ GPS-ով եւ գուգլ-քարտեզով ցույց է տալիս, որ դրանք իրենց տարածքներն են, բայց իրականում՝ հայկական հողեր են եղել։

Մեր հարցին՝ այսինքն, խորհրդային տարիներին այգեգործական այդ տարածքները Խորհրդային Հայաստանի՞ տարածքում են եղել, պարոն Առուշանյանը պատասխանեց․ «Խորհրդային տարիներին այդ այգիները եղել են Սյունիքի այգիները, այդ նույն հատվածում է նաեւ Քարահունջ ՀԷԿ-ը, հողերից հետո ՀԷԿ-ն է։ Այդ գոտին ընդհանուր առմամբ, ինչպես մեր ավագ սերունդն է ասում՝ մերն է եղել։ Օրինակ՝ Շուռնուխում այն տները, որ պիտի անցնեն ադրբեջանցիներին, դրանց շինթույլտվությունը տվել է Գորիսի քաղսովետը, որ մարդը տուն սարքի։ Եթե Ադրբեջանի տարածք լիներ, իրենց քաղսովետը կտար։

Նույնը այգիները՝ եթե դրանք ադրբեջանական տարածքներն էին, թող ադրբեջանցիները մշակեին, բայց տարեց բնակիչները պնդում են, որ խորհրդային տարիներին էլ հայերն են մշակել այդ հողերը։ Քարահունջ ՀԷԿ-ը, ճիշտ է, վերջին տարիներին են կառուցել, բայց նույն հատվածն է, այգիներից հետո ՀԷԿ-ն է»։

Քաղաքապետն ասաց, որ իրենք փորձում են պաշտոնական արխիվային փաստաթղթերն ուսումնասիրել, նրանք, որոնք իրենց մոտ առկա են, բայց այս գործով պետք է կառավարությունը զբաղվի, ուսումնասիրի ազգային արխիվը, հանձնաժողով ստեղծի, փնտրեն ու գտնեն այդ կարեւոր փաստաթղթերը․«Քանի ամիս է անցել էդ, չգիտեմ ինչ բառ ասեմ էդ փաստաթղթին, (զինադադարի եռակողմ հայտարարությունը նկատի ունի Ն․Բ․) ստորագրել են, բա եթե գիտեիք, որ էստեղից էլ հողեր պիտի հանձնեիք, ինչո՞ւ շուտ չէիք հանձնաժողով ստեղծում, այդ բոլոր փաստաթղթերը նայում»։

Առուշ Առուշանյանի տեղեկացմամբ՝ հիմա Շուռնուխի վիճահարույց տարածքի բնակիչները դուրս են գալիս, քաղաքապետն էլ Շուռնուխում է, ասաց, որ մնալու է այնտեղ․«Նոր տարի չենք  նշելու։ Տարածք ենք փնտրում, որ այն մարդկանց համար, որոնք պիտի դուրս գան տներից, տուն կառուցենք։ Եթե հույսներս դնենք կառավարության վրա՝ այս մարդիկ կմնան դրսում։ Փորձում ենք սահմանամերձ այս հատվածի համար  ապրելու պայմաններ ստեղծել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031