Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է հայոց պատմության վերջին էջին, բայց ի հեճուկս մեր թշնամիների՝ մենք կա՛նք. Էդգար Էլբակյան

Դեկտեմբեր 31,2020 14:16

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը

ԻՆՉՈՒ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՄՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ)

• Հաճախացել են արտագաղթի մասին զրույցները, այդ թվում՝ մերձավորների շրջանում։ Ազգային ընկճախտի պայմաններում դա հասկանալի է, բայց անցանկալի։ Ես համոզված եմ, որ մեզ նման մարդիկ պիտի՛ մնան Հայաստանում, քանզի Հայաստանը (ներառյալ՝ Արցախը) առավել քան երբևէ ունի մեր կարիքը։ Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է հայոց պատմության վերջին էջին, բայց ի հեճուկս և ի զարմանս մեր թշնամիների՝ մենք կա՛նք։

• Մենք կա՛նք մաշտոցների, նարեկացիների, հովհաննեսսարկավագների, չամչյանների, դավիթբեկերի ու արամմանուկյանների շնորհիվ։ Այս թվարկումը սոսկ «հայտնի հայերի ասորտի» չէ․ հունվարի 1-ի իրիկունը «Ռազմահոսով» կփորձեմ նրանց կերպարների օրինակով ցույց տալ պատմականորեն հայոց գոյատևման մեխանիզմները և, ըստ այդմ, ապագայի մեր անելիքները։

• Բայց մինչ այդ «մենք կա՛նք»-երի շարքը կավարտեմ թարմ օրինակով։ Մենք կա՛նք, որովհետև այս տարվա սեպտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Կույջախ տեղավայրում ծառայողական պարտականությունները կատարող մեր հրետանավորները հավատում էին, որ կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունը։ Նկարին ուշադիր նայելիս կտեսնեք մեր զինվորներին՝ հողին ամուր կանգնած։ Հաշված վայրկյաններ անց թշնամական ԱԹՍ-ն խլեց տղաների երկրային կյանքը, իսկ շիկացած հողի վրա մնաց միայն աննյութեղենը՝ հավատը, որ կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունը…

• Այդ հավատը ոչ մի թշնամի չի կարող խլել մեզանից, եթե մենք ինքներս հավատափոխ չլինենք։ Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողներ և հանուն դրա գործողներ։ Հենց հավերժական Հայաստանի համար ապրողներն են նշածս «մեզ նման մարդիկ», սիրելի՛ ընթերցող, որոնց շարքում կարող ես գտնել նաև քեզ, որ կարդում ես հիմա այս տողերս…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031