Հրաժեշտ 30-ամյա փուլին
Հանգիստ, հարուստ և հեշտ կյանքի խոստումների խաբկանքի ներքո, զայրույթից կուրացած, քաղաքական միամտության և տգիտության հետևանքով մեզ դարձրեցին խավարամիտ ամբոխ: Դարձրեցին զոհ պայմանավորված և բեմադրված պատերազմի: Փողի, մեծ փողի, շատ փողի դիմաց ցեղասպանեցին և հայրենազրկեցին:
Մեզ պարտադրեցին խաղաղություն, ինչը ավելի սարսափելի է, քան պատերազմը: Մեզ փորձում են պարտադրել թուրքերի հետ ընկերության, ինչը ավելի վատ է, քան նրանց հետ թշնամի լինելը: Արցախն էր մեր 30-ամյա պետականության հիմքը, հայի անվտանգության երաշխավորը: Ավաղ ազատագրված Արցախի գերագույն արժեքը ոմանք ստորադասեցին գողացած փողին ու փայլին: Գողացած փողով դեռ ցանկանում են մեզ խաբել, սուտ խոսքերով մեր աչքերը կապել: Ոմանք գողացած փողով տեսան իրենց երազանքը` «հանձնեցին Արցախը հանուն իրենց պատկերացրած խաղաղության»:
Պետք է դադարել լինել միամիտ և քաղաքականապես տգետ: Պետք է հասկանալ՝ առանց Արցախի խաղաղություն չկա: Առանց մեր հայացքը՝ Տիգրանակերտից դեպի արևելք ընկած դաշտավայր ուղղելու և նրան տեր կանգնելու, մեր համար անվտանգության չկա:
Կարդացեք նաև
2016 թվականի պատերազմից հետո Հադրութի շրջանի հարավում՝ Իրանի սահմանին, Հորադիզ ավանի դիմաց, Վարազաթմբի մոտ (Լելե թեփե), այդ ստրատեգիական մեծ նշանակության վայրում ամռան տապին, երբ ջերմաստիճանը անցնում էր +55 °C -ը, զրուցում էի մեր զինվորականների հետ։ Նրանք պնդում էին, որ եթե լինի հարձակում, անհրաժեշտ է քաղաքական որոշում՝ հարձակվողական գործողություններ իրականացնելու և առաջ գնալու համար: Հարցրեցի՝ արդյոք մենք կարո՞ղ ենք առաջ գնալ: Պատասխանն էր՝ անշուշտ կարող ենք: 2016 թվականի պատերազմը հետախուզություն էր մարտերով (разведка боем): Այդ մարտերի վերլուծության արդյունքում մեր զինված ուժերը հստակ գիտեին մեզ ինչ զինտեխնիկա է անհրաժեշտ և ինչ գործողություններ պետք է կատարել: Մեզ անհրաժեշտ էր միայն քաղաքական որոշում, ռազմական առումով ամեն ինչ հստակ էր:
Ավաղ գողացած փող և փայլ սիրողներն էին կայացնում քաղաքական որոշում: Առաջ գնալու հաղթելու փոխարեն, ընդունվել էր հանձնելու որոշում: Ցավի մեջ ենք, ամեն օր մտովի կամ ֆիզիկապես անցնում ենք ծանր ճանապարհ: Կորցրել ենք ազգի հազարավոր զավակներ, սակայն պարտավոր ենք ապրել և արարել:
Կյանքի նոր փուլում ունենք սպասումներ` բեկում պարզ և կոշտ:
Ցեղասպանությունից փրկված տատերս և պապերս ընտրել էին Հայաստանը` դեպի Արարատ տանող ճանապարհը: Նրանք մոտեցրել էին ինձ իմ երազանքին: Այդ ճանապարհին վանեցի տատիկս ինձ պատգամել էր բազմազավակ լինել: Պարտավո՛ր ենք գալիք 30 ամյակում լինել բազմազավակ ընտանիքների հայ հասարակություն:
Հույսը վերջինն է մահանում, իսկ հավատը ծնվում առաջինը:
Արաքսի հովտում հազարամյա ծառերի տակ ուխտ կնքած Ազգ և Հայրենիք սիրողները կայացնելու են քաղաքական որոշում, հասնել Հադրութից` Արաքսի հովտով, դեպի Արարատ՝ դժվարին, ճշմարիտ և իմաստուն ճանապարհը:
Մնանք հավատով:
Հավատ և Հայրենիք:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ