Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ քաղաքական ուժերը պիտի գնան այս ճանապարհով». ի՞նչ են քննարկել վարչապետն ու Արման Բաբաջանյանը

Դեկտեմբեր 30,2020 23:18

Վարչապետի աշխատակազմն այսօր հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ եւ այսօր հանդիպել  է այդ թվում «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Aravot.am-ը պարոն Բաբաջանյանին խնդրեց որոշ մանրամասներ ներկայացնել:

Պարոն Բաբաջանյան, ի՞նչ օրակարգ էր պարունակում հանդիպումը, ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել՝ քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների առնչությամբ:

-Ինչպես հայտնի է, քննարկման առարկան արտահերթ ընտրություններն են: Մենք աջակցում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին եւ մեր կուսակցությունն առաջին օրից հայտարարեց՝ մասնակցելու ենք այս խորհրդակցություններին, եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորում ենք բացառապես արտահերթ գործընթացներով: Մնացած բոլոր միջոցները համարում ենք ոչ սահմանադրական, ոչ իրավական, դրանք բացառապես հեղաշրջման փորձեր են: Հետեւաբար, մեր համար անընդունելի եւ անընկալելի է խորհրդարանական ուժերի մոտեցումը, որովհետեւ մենք գոնե ունենք քաղաքական ուժերի մեծամասնության համախոհությունը, որ կա քաղաքական ճգնաժամ, որի առարկան վստահությունն է: Չեմ պատկերացնում, որ մենք կարող ենք բացառապես վարչապետի հրաժարականով վերականգնել այդ վստահության մակարդակը: Հետեւաբար, իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ՝ վարչապետի գլխավորած ցուցակի արդյունքում ձեւավորված խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը եւս պետք է հրաժարական տա: Հետեւաբար, ամբողջ խորհրդարանը պետք է գնա ինքնալուծարման:

Ինքնալուծարման հայտնի մեխանիզմները մերժելը ու թույլ չտալը, որպեսզի գնանք արտահերթ ճանապարհով, նոր ճգնաժամեր է հարուցելու: Ցանկացած այլ փոփոխություն, որը որեւէ մեխանիզմով կպարտադրվի այս խորհրդարանին, բացի արտահերթ ընտրություններից, կարծում եմ՝ նորանոր ճգնաժամեր է հարուցելու, եթե ոչ լրջագույն մարտահրավերներ պետականության համար:

Արտահերթ ընտրությունն իրավիճակի միակ ողջամիտ լուծումն է: Մինչեւ այդ շատ կարեւոր ճանապարհային քարտեզ եմ ներկայացրել վարչապետին: Դրանք գործողություններ են, որոնք անհրաժեշտ եմ համարել այս պահին ձեռնարկել որպես խորհրդարան: Բարեփոխումներ են, որոնք վերաբերում են ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դատական իշխանության մասնակի առողջացմանը, հակակոռուպցիոն մարմիններին, ԿԸՀ-ին, ԲԴԽ-ին: Սրանք չափազանց կարեւոր իրողություններ են, որպեսզի կարողանանք ժողովրդի ձայնի, կամքի անհրաժեշտ պաշտպանություն ապահովենք կամ կարողանանք ժողովրդավարություն պաշտպանենք, որից հետո գնանք ընտրությունների: Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների գնալու «նավը» պետք է նախապատրաստենք, եւ նորից ուժերին հրավիրենք խորհրդակցության: Գործող խորհրդարանի ամենակարեւոր անելիքը պետք է լինի սրան նպաստելը՝ երկիրը պատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս խորհրդարանն իր որակական, ինտելեկտուալ կարողություններով արդեն հայտնի է, բայց, դրանով հանդերձ, ամենալեգիտիմն է մեր նորագույն պատմության մեջ: Նրա վերջին անելիքը, որպես լեգիտիմ խորհրդարան, պետք է ուղղված լինի ժողովրդավարության պաշտպանությանը եւ արտահերթ ընտրությունների պատրաստությանը: Այս պահին այլ անելիք եւ լուծում չեմ տեսնում:

-Ինչպիսի՞ն էին վարչապետի դիրքորոշումները՝ վերոնշյալ առաջարկների եւ պատկերացումների վերաբերյալ:

-Նա ասաց, որ պետք է քննարկի եւ շարունակի խորհրդակցությունները քաղաքական այն ուժերի հետ, որոնք պատրաստ են խոսել, ինչից հետո իշխանությունը կորոշի՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների, թե ոչ: Եթե պարզվի, որ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ է ընտրությունների ճանապարհով ճգնաժամի հաղթահարմանը, չի բացառվում, որ այս մտադրությունն էլ դուրս գա օրակարգից, բայց ես կարծում եմ, որ դա քաղաքական ուժերի կողմից կլինի իսկապես մեծ սխալ՝ այս ճանապարհը եւ հնարավորությունները բաց թողնելը: Վաղ թե ուշ, կարծում եմ, քաղաքական ուժերը պիտի գնան այս ճանապարհով եւ հայցեն ժողովրդի վստահության մանդատը, այդ վստահության շրջանակում իրենց բաժին իշխանությունը կարողանան իրացնել: Մնացած բոլոր ճանապարհները, որոնք այսօր օրակարգում են պահանջների տեսքով, հակաօրինական են եւ հակապետական, դրանք հեղաշրջման փորձեր են, իսկ պահանջներն ուղեկցվում են ընդհուպ մինչեւ ռազմական հեղաշրջման կոչերով, ինչն անթույլատրելի է մի վիճակում, երբ երկիրը ոչ միայն ներքաղաքական, այլեւ անվտանգային լուրջ մարտահրավերների առջեւ է:

Համոզված եմ, որ նաեւ հակառակորդի կողմից գեներացվող ներքաղաքական տրամադրությունները մի բանի համար են՝ երկրում ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի անիշխանության մթնոլորտ, որը հեշտությամբ մեր տարածքը պատերազմական նոր գործողությունների թատերաբեմ կդարձնի: Անիշխանությունը դրա համար կդառնա շատ նպաստավոր իրականություն: Սա է, որ չպետք է թույլ տանք:

Խորապես համոզված եմ, որ թեեւ ծանրագույն ժամանակներում ենք ապրում, բայց Հայաստանի հարավում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախի հետ կապված զարգացումները, քաղաքական գործող իշխանության կողմից նաեւ ձեռքբերված կամ ձեռքբերվող մի շարք պայմանավորվածություններն, այդ թվում ՌԴ նախագահի հետ, իշխանության որեւէ փոփոխությունը, վարչապետի պաշտոնում անձի փոփոխությունը չի նշանակելու այդ պայմանավորվածությունների ժառանգություն: Մենք մեր պահանջները ձեւակերպելիս սա էլ պետք է հաշվի առնենք:

Եվ, արտախորհրդարանական ուժերից մեկը, մասնավորապես՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռն» այսօր հայտարարեց, որ վարչապետը քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում վերջիններիս  համոզում է, որ ինքը պետք է շարունակի պաշտոնավարել: Դուք նման ազդակներ ստացե՞լ եք հանդիպման ընթացքում:

-Վարչապետն առհասարակ իրենց պլանների, մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ որեւէ բան չի ասել, նա առավելապես կենտրոնացել է մեր տեսակետների, անելիքների եւ պատկերացումների վրա: Ես առհասարակ նշան անգամ չեմ տեսել, որ նա փորձի ինչ-որ բանում մեզ համոզել, առավել եւս, որ մենք շատ ու շատ հարցերում անհամաձայնություններ ունենք՝ արտաքին քաղաքական հարցերից սկսած մինչեւ վերջին 2,5 տարիների հանցավոր անգործությունը, որի մասին ես քանիցս բարձրաձայնել եմ: Միակ բանը, որի շուրջ այսօր կարող ենք խոսել, արտահերթ ընտրություններն են եւ այն մեխանիզմները, որոնք երկիրը կպատրաստեն այդ գործընթացներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031