Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տասնյակ համայնքապետեր առավոտյան դիմել էին ՍԴ: Երեկոյան նախագիծը հետ կանչվեց

Դեկտեմբեր 30,2020 22:49

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է համայնքների միավորում (խոշորացում) Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: Միավորվելու էին 186 համայնք, ինչի արդյունքում ձևավորվելու էր 11 համայնք: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա, մանավանդ, որ համայնքների խոշորացման գործընթացը նոր չէ: Ունենք խոշորացված համայնքների դրական օրինակներ էլ:

Բայց հարցն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել Հայաստանում գործող ռազմական դրության պայմաններում, խոշորացման նախապատրաստվող համայնքներին որոշակի ժամանակացույցեր էին ուղարկվել`գործընթացի հետ կապված: Նախատեսվում է խոշորացման այս փուլն ավարտին հասցնել մարտ-ապրիլ ամիսներին արդեն, մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվեի անցկացումը: Ուշագրավ է, որ խոշորացման նախատեսվող համայնքների մեջ կան արդեն իսկ խոշորացված համայնքներ:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարության նախաձեռնությունը`ռազմական դրության պայմաններում, Aravot.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանն ասաց. «Բացառապես քաղաքական ենթատեքստ ունի»: Ենթատեքստ էլ «դասական է»` իշխանության համար անցանկալի համայնքապետերից ազատվելը: Վահագն Գեւորգյանը տեղեկացրեց, որ մոտ մեկ տասնյակ համայնքապետեր այս հարցով արդեն դիմել են ՍԴ: Դիմումն առավոտյան է մուտքագրվել: ՍԴ դիմել են հինգ տարով ընտրված համայնքապետերը`դիմումի հիմքում դնելով Սահմանադրության խախտման այն նորմերը, որոնք սահմանում են ընտրված համայնքապետերի իրավունքները:

Այս նախագծից դժգոհություններ ունեն նաեւ այն համայնքների ղեկավարները, որոնք ցանկանում են խոշորացման հարցով տեղական հանրաքվե իրականացնել, եւ, փաստորեն, հանրապետությունում գործող ռազմական դրությունը սահմանափակում է մեր քաղաքացիների այդ իրավունքը: Տեղական հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ էին դիմել Կոտայքի մարզի Ակունք եւ Ծաղկաձոր համայնքների ղեկավարները եւ մերժում էին ստացել: Ու ստացվում է, որ ՀՀ կառավարությունը հակասահմանադրական գործընթաց է սկսել:

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ակունք համայնքը խոշորացված համայնք է, արդյունավետ աշխատող: 2019-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Հայաստանի համայնքների միության» կողմից ճանաչվել է հանրապետության խոշորացված լավագույն գյուղական համայնքը: Որպես խոշորացված համայնքի լավագույն օրինակ՝ միշտ բերել են Ակունք համայնքը: Նույն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այդ մասին հայտարարել են: Այդ դեպքում ինչի՞ց ելնելով մի վայրկյանում գնացին դրան: Բազմիցս բարձրաձայնել են ամբիոններից, որ խոշորացված համայնքներին առայժմ ձեռք չեն տալու»: Համայնքապետը դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, մարզպետարան, հարցրել՝ ո՞րն է պատճառը այս նախաձեռնության:

Նրան ոչ մի պատճառ չեն ասել: Ինքն էլ կարծում է. «Բնականաբար, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, աշխատել եմ՝ ով եղել է մեր կառավարության ղեկավարը, հիմա էլ շարունակում եմ աշխատել այդ ձևով: Նպատակը քաղաքական է, Աբովյան համայնքի ղեկավարն ասել է այդ մասին. դա կարող է իր համար են անում, որ ընտրություն տեղի ունենա, Աբովյան համայնքի ղեկավարը դուրս մնա: Իսկ մնացած հարցերով դիմել եմ վարչապետին, ԱԺ նախագահին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին. Ոչ մի պատճառ չեն ասում»:

Ի դեպ, քննարկման դրված նախագծին դեմ են արտահայտվել քննարկման մասնակիցների 93 տոկոսը: Մեկնաբանություններն էլ հիմնականում բացասական են: «Գրվածներից արդեն հետևություն կարելի է անել»,- ասում է Ակունք համայնքի ղեկավարը`շարունակելով. «ՀՀ-ում ամենաարդյունավետ աշխատող գյուղական փնջային ձևավորված համայնքն է Ակունքը, երեք տարի է խոշորացվել ենք, և բյուջեի կատարողականներով լուրջ աշխատանքներ են կատարվել: Սուբվենցիոն ծրագրերի մասին չէ խոսքը, այլ համայնքային բյուջեի ծրագրերով: Նաև ժողովուրդը ընթացքում դեռ չգիտեմ ինչ արձագանք կտա: Մենք էլ բնականաբար պետք է ընթացք տանք»:

Aravot.am-ը սույն մտահոգությունների վերաբերյալ փորձեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանումներ ստանալ: Նախ`խորհրդակցեցին, հետո խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել: Առջեւում տոներ են, պաշտոնական պարզաբանումը կլինի արդեն եկող տարի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Մինչ հոդվածը նախապատրաստվում էր հրապարակման՝ Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանը տեղեկացրեց, որ օրվա ավարտին գրություն են ստացել կառավարությունից այն մասին, որ նախագիծը ետ է կանչվել`մինչեւ ռազմական դրության ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031