Հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը, նույնպես տոնական հանդերձանք չհագավ: Միայն կերպարվեստի թանգարանի մոտ տեղադրվեցին տարեմուտն ազդարարող 2021 լուսային էֆեկտներով թվերը:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամանորի համար նախատեսված 7 միլիոն դրամից միայն մոտ 1 միլիոն դրամն են ծախսել: Նրա խոսքով՝ գումարի մնացած մասը կուղղվի սոցիալական ծրագրերի. «Գումարների մի մասը, որոնք չենք օգտագործել, եկող տարի կուղղենք սոցիալական ծրագրերի: Հավանաբար վիրավոր ու զոհված մեր հերոսների հետ կապված որոշակի գործողություններ կկատարենք: Եկող տարի պլանավորել ենք նաեւ մեր մասնակցությունն ունենալ պանթեոնի շինարարական աշխատանքներին: Իսկ այս տարի կբավարարվենք մանուկներին նվերներ մատուցելով, ինչպես նախորդ տարիներին»:
Այս տարի մշակութային միջոցառումներից տնտեսվել է մոտ 20 միլիոն դրամ: Դա ավագանու որոշմամբ կուղղվի սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Ասլանյանն ասաց, որ կապ են հաստատել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, փորձելով հասկանալ, թե ի՞նչ ուղղությամբ պետք է գումարներն օգտագործվեն, սակայն հստակ պատասխան չստանալով, որոշել են գումարներն օգտագործել 2021 թվականին. «Մենք Արցախի հիմնադրամին արդեն իսկ 15 միլիոն դրամ փոխանցել էինք: Եվ հիմա, քանի որ կոնկրետ ուղղությունը չկարողացան մեզ տրամադրել, կսպասենք եկող տարվա մեջ տեսնենք ինչ ուղղությամբ են օգտագործվում: Արդեն մենք կորոշենք Արցախին կփոխանցենք, թե արցախցի մեր ընկերներին, որոնք այստեղ են»,- ասաց համայնքի ղեկավարն ու շարունակեց. «Ուզում եմ, որ այս տարին իր հետ տանի բոլոր խնդիրները, որպեսզի մյուս տարի այս ժամանակ կարողանանք մի քիչ ավելի բարձր տրամադրությամբ դիմավորենք նոր տարին»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ