Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր նորաձևության «ապագայի ճարտարապետը»․ Պիեռ Կառդեն

Դեկտեմբեր 30,2020 23:00

2020 թ․-ի դեկտեմբերի 29-ին 98 տարեկան հասակում Ֆրանսիայում մահացավ Պիեռ Կառդենը՝ բարձր նորաձևության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, «պրետ ա պորտեի» վարպետն ու ապագայի դիզայները։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում մեր այս հրապարակումը նվիրվում է Պիեռ Կառդենին։

Նա, կարծես, նորաձևության «անմահներից» վերջինն էր, որ դեռ ապրում ու ստեղծագործում էր այս երկրի վրա, երբեմն ինքն էլ էր զարմանում, որ դեռ այստեղ է․

«Երբ ես սկսեցի, Փարիզի ամենաերիտասարդ կուտյուրիեն էի։ Այժմ ես ամենատարեցն եմ։ Այն, որ ես դեռ այստեղ եմ, անհավանական է»,-ասում էր Պիեռ Կառդենը։

Պիեռ Կառդենը ծնվել է 1922 թ․-ի հուլիսի 2-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Տրևիզո քաղաքի մերձակայքում՝ բազմազավակ ընտանիքում։ Պիեռի՝ ֆրանսիական ծագում ունեցող ծնողներն Իտալիայում գինեգործությամբ էին զբաղվում, սակայն շուտով ստիպված են լինում տեղափոխվել Ֆրանսիա՝ հաստատվելով Վիշի քաղաքում։

Մանուկ հասակից Պիեռն առանձնանում էր համառությամբ ու նպատակասլացությամբ, նկարելու և հագուստներ մոդելավորելու ակնհայտ շնորհով, նա երազում էր հագուստներ ստեղծել, իսկ ծնողները հույս էին փայփայում, որ Պիեռն անպայման ճարտարապետ է դառնալու։ Արդյունքում Կառդենն իրականացնում է թե՛ իր, թե՛ ծնողների երազանքները՝ ստեղծելով հագուստներ, որոնք շատ հաճախ առանձնանում էին ճարտարապետական լուծումներով։

1930-ական թթ․ կեսերին Պիեռը սկսում է ուսանել տեղի դերձակի մոտ, դրանից բացի աշխատում Կարմիր Խաչում։

Պիեռ Կառդեն

1944 թ․-ին, հետևելով իր մեծագույն երազանքին, Պիեռը տեղափոխվում է նորաձևության մայրաքաղաք՝ Փարիզ, և թեև չուներ ֆինանսական միջոցներ, հաջողությունը ժպտում է նրան․ երիտասարդը հայտնվում է այդ ժամանակվա նորաձևության առաջատար տներից մեկում՝ Paquin -ում, այստեղ էլ հանդիպում է լեգենդար ռեժիսոր Ժան Կոկտոյին և առաջարկ ստանում պատրաստելու կոստյումներ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի համար՝ Էլիզաբեթ Թեյլորի մասնակցությամբ։

Էլիզաբեթ Թեյլորը՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում։

Կոկտոն, հիացած Կառդենի աշխատանքներով, նրան ծանոթացնում է Քրիստիան Դիորի հետ։

1950 թ․-ին Կառդենը բացում է նորաձևության սեփական տունը, որը զբաղվում էր թատրոնի համար բեմական կոստյումների ստեղծմամբ։ 1953 թ․-ին երիտասարդ դիզայները մշակում ու ներկայացնում է haute couture (բարձր նորաձևություն) իր առաջին հավաքածուն։ Քրիստիան Դիորի օգնությամբ բացում է իր առաջին բուտիկը՝ «Եվա» անվանումով։ Նրան մեծ ճանաչում է բերում «պղպջակ- զգեստը», որն այդ անվանումը ստացել էր կլորավուն շրջազգեստի շնորհիվ։

Կառդենը նորարար էր, հեղափոխական, նրա անվան հետ են կապվում նորաձևության պատմության մի շարք շրջադարձային իրադարձություններ։ Դիզայները «պրետ ա պորտե» հայեցակարգի (պատրաստի հագուստ) հիմնադիրն է, հենց նրա շնորհիվ բարձր նորաձևությունն ավելի ժողովրդական բնույթ ստացավ։

1959 թ․-ին Փարիզի Printemps հանրախանութում նա ներկայացնում է պատրաստի հագուստի հավաքածու՝ հասանելի սպառողների ավելի լայն շրջանակի համար․ այդ փաստը միանշանակ չի ընդունվում բարձր նորաձևության «վերնախավի» կողմից․ այդ ցուցադրության համար նրան վտարում են Ֆրանսիայի կուտյուրիեների ֆեդերացիայից՝ Բարձր նորաձևության սինդիկատից (հետագայում Պիեռ Կառդենի անդամակցությունը վերականգնվում է)։
Սակայն հավակնոտ Կառդենը շարունակում է իր հավակնոտ քայլերը։

1960 թ․-ին Պիեռ Կառդենը ևս մեկ անգամ խախտում է նորաձևության նկատմամբ ավանդական մոտեցումները՝ դառնալով առաջին դիզայները, որը տղամարդկանց հագուստի հավաքածու է ցուցադրում։

Նա տղամարդկանց հագուստն ազատում է ճնշող դետալներից՝ օձիքից, ծալքերից, մանժետներից ու ժապավեններից, առաջարկում պիջակի, տաբատի նոր մոդելներ։ Բրիտանական The Beatles լեգենդար խումբը առաջիններից մեկն էր, որն ընդունում է՝ Կառդենն է ապագայի նորաձևության թելադրողն է։ Նա նաև առաջիններից մեկն էր, որը զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով:

The Beatles լեգենդար խումբը` Կառդենի կոստյումներով

Պիեռ Կառդենն առաջին դիզայներն էր, որի հագուստները կրում էին ապրանքանիշի լոգոտիպը։

Նա նաև համարվում է «յունիսեքս» ոճի (թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար) հիմնադիրներից մեկը, նրա 1958 թ․-ի հավաքածուն կարծես վերացնում էր տղամարդու և կնոջ արտաքին տարբերությունը։

Այն, ինչ ստեղծում էր Պիեռ Կառդենը, բոլորովին տարբեր էր այդ տարիներին բնորոշ նորաձևությունից։ Պատահական չէ, որ Կառդենին համարում են նորաձևության գլխավոր ֆուտուրստ։ «Ինձ ամենից շատ դուր է գալիս այն հագուստը, որը ես հորինում եմ այն կյանքի համար, որը դեռ գոյություն չունի, որը վաղվա աշխարհի համար է»,-ասում էր նա։
Նա գերադասում էր աբստրակցիոնիզմն ու երկրաչափական դիզայնը:

Անգամ հիմա են նրա մոդելները չափազանց համարձակ թվում։ Իսկ շատ այլ մոդելներ կարծես ստեղծված են հենց մեր օրերի համար, օրինակ սև զուգագուլպաները, որոնք մեր զգեստապահարանում կարևոր տեղ են զբաղեցնում, 1950-60-ական թթ․ տարօրինակ ու տգեղ էին թվում։

Կառդենին ոգեշնչում էր տիեզերքը, ամերիկյան «Ապոլոն» տիեզերական ծրագիրը։ Նա գործածում էր նոր գործվածքներ ու նյութեր՝ վինիլ, արծաթե կտորներ և հսկայական ճարմանդներ։ Պատրաստում տիեզերագնացների սաղավարտներ հիշեցնող պլաստիկե գլխարկներ, տիեզերական արբանյակների մոտիվներով հագուստներ։

Ոճը, որն առաջարկում էր Կառդենը կանանց և տղամարդկանց, ավանգարդիստական էր, նրբագեղ, չափազանց էլեգանտ, կերպարի ամեն մի մանրուքը՝ մտածված։

Մոդելավորողն ավելի քան 500 գյուտ է արտոնագրել՝ գունավոր զուգագուլպաներն ու երկարաճիտ կրկնակոշիկները, կարճ սարաֆաններն ու ծաղկավոր փողկապները, առանց օձիք երկար պիջակներն ու կոճակներով նեղ տաբատները, որոնք նախապես ստեղծվել էին The Beatles խմբի անդամների համար։

Կառդենը ոչ միայն տաղանդավոր նկարիչ ու մոդելավորող էր, այլև հեռատես ու խելացի գործարար․ նա չափազանց ուշադիր էր հաշվապահության նկատմամբ, հիանալիորեն հասկանում էր շուկայի զարգացման միտումները։ 1970-ական թթ․ նա թողարկում է օծանելիքների շարք, որը վաճառվում էր ավելի մատչելի արժեքով, սկսում զբաղվել կահույքի, ավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով։

Կառդենը չէր խորշում իր անունը վաճառելուց, նա 120 երկրներում ավելի քանի 840 լիցենզիա էր տրամադրել իր անվամբ ապրանքներ թողարկող ընկերություններին։ Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն էր, ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան:

Այսօր Պիեռ Կառդեն լոգոտիպը կարող ենք տեսնել հագուստի, կահույքի, գրենական պիտույքների կամ շոկոլադի վրա։ Եվ սա է, թերևս, նշանավոր դիզայների մեծագույն ձեռքբերումը՝ նա բարձր նորաձևությունը հասանելի դարձրեց բոլորին․ ջնջելով սահմաններն ու փոխելով խաղի կանոնները՝ մինչև կյանքի վերջին պահը չդադարեց երազել ապագայի մասին ու ստեղծել ապագայի համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031